Լույս, որ չի մարում. Ազատ Խլղաթյան-115

  • 06.12.2025
  • 0
  • 13 Views

Բանաստեղծ, լրագրող, Հանրային ռադիոյի «Կիրովականյան կյանք» ռադիոհաղորդումների նախկին խմբագիր Սամվել Դուրինյանը նրան(իր ուսուցչին)   երախտագիտությամբ է հիշում .«Կենդանության օրոք արդեն իսկ լեգենդ էր»:

 Այդ կարծիքն ունեցել և ունեն շատերը: Հենց թեկուզ նրանք՝ Խնձորուտ թաղամասի բնակիչներ, մանկավարժական հանրույթ, քաղխորհրդի կրթության, գիտության, մշակույթի և պատմական ժառանգության հանձնաժողովի անդամներ,  որոնց առաջարկությամբ ՀՀ պատգամավորների Վանաձորի քաղխորհրդի նախագահությունը Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցը հատուկ որոշմամբ սիրահոժար անվանակոչեց հանրապետության վաստակաշատ մանկավարժներից մեկի՝ նույն դպրոցի հիմնադիր  Ազատ Խլղաթյանի անվամբ:

Ինչո՞վ լեգենդ  չէ նրա կյանքը: Մշո Բուլանուղի Շեխ-Եղաուպ նորահիմնադիր հայկական գյուղի քաթիպ (գրագիր) Հավհաննեսի առաջնեկ որդին գյուղի առաջին արու զավակն էր: Շուտով իշխանության եկան Երիտթուքերը: Նրանց խոստումները ցնծությամբ էին ընդունում   հայ մարդիկ, կարծում էին վերջ՝ ազատվեցին թուրքական բռնաճնշումներից ու կոտորածներից,  ապրելու են ազատ, հավասար, թուրքի հետ՝ եղբայրաբար: Հայրը որդուն Ազատ կնքեց: Չէ՞ որ՝ «նոր սահմանադրություն հայուն ազատություն  ա տվե»:

Շատ ժամանակ չանցավ, ամբողջ գյուղը (200տուն) կոտորածներից մազապուրծ՝ բռնեց գաղթի ճամփան: Շատերի հետ սրատվեց նաև Ազատի Արամայիս եղբայրը: Հասան էջմիածին: Տնավեր, կեղեքված, ավեր սրտով՝ ընտանիքը ծվարեց Վարդանլու գյուղում, այսօր՝ Վանաձորի թաղամասում: Բատրակության վարձվեց մի հարուստի տանը: Դպրոց էլ հաճախեց: Երազում էր վարժապետ դառնալ: 8-րդն ավարտեց գերազանցությամբ, առաջարկեցին դասավանդել դպրոցում: Ավարտեց մանկավարժական ուսումնարանը, բուհի ֆիզմաթ ֆակուլտետը, դասավանդեց Շնող, Մեղրուտ գյուղերում…Բայց շարունակ մտածում էր Վարդանլուի երեխաների մասին, որոնք ամեն օր հանդուչոլ էին կտրում, հասնելու հեռու Մեղրուտ՝ դասի: Մի դպրոցն ի՞նչ է, որ իրենք չունենան: Համոզեց, համագյուղացիներով սայլերը լծեցին, մտան անտառ՝ շինափայտ բերելու: Մասնավոր մի քանի տներ նորոգեցին ու դասասենյակների վերածեցին… 1941թ. ուսուցիչը շատերի հետ մեկնեց ռազմաճակատ, կռվեց, հերոսացավ: Խաղաղ կյանքի վերադառնալուց հետո նրան հանգիստ չէր տալիս եղածը 10-ամյա դպրոց դարձնելու միտքը: Դիմեց ուր որ հարկն է: Ընդառաջեցին, ասելով՝ պետությունը չի կարող միջոցներ հատկացնել ամբողջությամբ, համայնքն էլ իր ներդրումները պիտի ունենա: Ուսուցչից ոգևորված՝ գյուղացիք լծվեցին  գործի, ֆիզիկապես մասնակցեցին կառուցման աշխատանքներին, ով ինչ կարողացավ՝ շինափայտ, քար, նվիրաբերեց…

Ազատ Խլղաթյանն էլ  իր գիտակցական կյանքի 44 տարիները սիրով նվիրեց մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը: Ականատեսների վկայությամբ՝ թեև ինքը հարուստ չէր, բայց քաղաքից տերտեր, գրիչ, մատիտ, դպրոցական  այլ  պարագաներ էր գնում ու նվիրում սաներին:  Ահա ինչպես նա դարձավ  հանրապետության ժողկրթության բնագավառի բացառիկ երախտավորներից մեկը՝  պատվով կրելով դժվարին ու պարտավորեցնող ՈՒՍՈՒՑԻՉ կոչումը:

Դպրոցը նրա անվամբ անվանակոչվելուց հետո մանկավարժական և աշակերտական հանրույթները իրենց մշտավառ երախտիքն արտահայտում են ամեն տարի հավուր պատշաճի նշելով նրա ծննդյան օրերը: Արդեն 32 տարի: Դրանք սոսկ հիշատակի, երախտիքի տուրքի օրեր չեն, դրանց ուսուցողական, բարոյահոգեբանական, դաստիարակչական մեծ բեռ կրելու և հուզական լիցքեր հաղորդելու կարողունակության մասին հարկ է առանձնահոտուկ շեշտել:

Այս տարին բացառություն չեղավ:

Այս տարվա միջոցառումը բացառիկ եղավ:

Լրացել է  ՈՒՍՈՒՑՉԻ 115-ամյակը: Հոբելյանական 115-ամյակը հանրույթը նշեց ՈՒՍՈՒՑՉԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ, ԷԴՈՒԱՐԴ  ՈՐԴՈՒ ԴՍՏԵՐ, ՆՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ, ԱՊԱ՝ ՓՈԽՏՆՕՐԵՆ  ԼՈՒՍԻՆԵ ԽԼՂԱԹՅԱՆԻ՝  դպրոցի տնօրինությունը ստանձնելուց հետո: Թատերականացված բեմադրություններով, պարերի «լեզվով», Ազատ Խլղաթյանի գրած բանաստեղծությունները, թևավոր դարձած մտքերը, նրա անցած շռնդալից ճանապարհը  դպրոցի սաները սրտի թրթիռով ու   ակնածանքով  ներկայացրեցին: Եվ  ոչ միայն այն, ինչի մասին խոսեցի մինչ այժմ, այլև հաստատեցին ՈՒՍՈՒՑՉԻ կանխազգացումը՝ «Ամեն գարնան հետ նորից կբացվեմ, հավետ կլնեմ»,  ու ներկաներին վերստին ապացուցեցին, որ հզոր է այն ազգը, որ ունի հավատավոր ուսուցիչ, որոնց լույսը շարունակում է վառվել ու երբեք չի մարում…

Պակասն էլ  հանդեսի ավարտին լրացրեցին, կազմակերպիչների մասին գնահատանքի ջերմ խոսքեր ասացին,  ՈՒՍՈՒՑՉԻ մասին հուշեր պատմեցին  ելույթ ունեցողները՝  Վանաձորի քաղաքապետի խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու Արման Բեռնեցյանը,բանաստեղծ, ՀԳՄ Լոռու մարզի բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը (արժանիորեն գնահատեց նաև հոբելյարի որդի, «Մշո զարմ» ՀԿ-ի նախագահ, բարերար, մշակութասեր Էդվարդ Խլղաթյանի բարերարությունների, մշակութաշահ գործունեության մասին, ընդգծելով ծովի մակերևույթից 2707մետր բարձրությամբ Մայրասարի կրծքին աշխարհում եզակի ՄԱՅՐԵՐԻ արձանի և հուշահամալիրի ստեղծման գործում նրա նախաձեռնությունն ու անուրանալի ավանդը), Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, Ուսուցչուհի, երջանկահիշատակ պոետ Հրաչյա Սարուխանի այրին՝ Անահիտ Պետրոսյանը (դպրոցի գրադարանին նվիրեց ամուսնու բանաստեղծությունների ընտրանին), բանաստեղծուհի Լենա Անթառանյանը, մանկագիր Մարտուհի Սարգսյանը, ուսուցչուհի Գոհար Սիրունյանը ( նա հիշեցրեց՝ Ազատ Խլղաթյանը դպրոցի կառուցման համար ներ է դրել ոչ միայն իր կազմակերպչական ջանքերը, այլև … մոտ 250 հատ պատի քար):

«Արվեստագետ» կրթամշակութային Հկ-ի նախագահ, «Արվեստագետ» ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը ընթերցեց Հկ-ի խորհրդի որոշումը՝ Ազատ Խլղաթյանին «Պատվավոր հայ» կոչում շնորհելու մասին և համապատասխան հուշամեդալը հանձնեց ՈՒՍՈՒՑՉԻ թոռնուհուն: 

Երկար տարիների օրինակելի և նվիրված աշխատանքի, սերունդներին կրթության և դաստիարակության գործում ցուցաբերած մեծ նվիրումի,մասնագիտական բարձր պատասխանատվության և անփոխարինելի ավանդի համար շնորհակալագրեր ստացան դպրոցի վաստակաշատ մի խումբ ոուսուցիչներ՝հայոց լեզու և գրականության  ուսուցիչներ Արուսյակ Մարգարյանը,Գոհար Թումանյանը,մաթեմատիկայի ուսուցիչներ Էլմիրա Վարդանյանը,Նելլի Ասրիյանը,Սուսաննա Խառատյանը,կենսաբանության ուսուցչուհի Գայանե Վարդանյանը, դասվարներ Ելենա Սարգսյանը,Աննա Մելիքսեթյանը,տեխնոլոգիայի ուսուցչուհի Ելենա Աշուղյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Կոշտոյանը։

Շնորհակալագիր ստացավ նաև դասվար Լիանա Եղիազարյանը միջոցառման կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար, գեղեցիկ պարային համարներ բեմադրելու համար շնորհակալագիր ստացավ նաև 11-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Սարգսյանը։ 

Հուշ ցերեկույթը արժևորման ու գնահատանքի խոսքերով եզրափակեց Մարգահովտի և մերձակա համայնքների հոգևոր հովիվ Տեր Ներսես Ղալայանը և շնորհակալական ողջույնով՝ Լուսինե Խլղաթյանը:  

Գագիկ Անտոնյան 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում