Արցախի մշակութային ժառանգությունն իսպառ ոչնչացման վտանգի տակ է, վшնդшլիզմի դեպքերն ավելանում են. Ավանեսով
«Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերի նվազման միտում չի նկատվում։ Ցավոք սրտի, ընդհակառակը, ծավալներն ավելի են մեծանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մշակութային ժառանգության Օմբուդսմեն , ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը։
Ըստ նրա, իհարկե, վանդալիզմի ոչ բոլոր դեպքերի մասին է հայտնում ադրբեջանական մեդիան, կամ օգտատերերի հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում արձանագրվում, սակայն արբանյակային լուսանկարների մոնիտորինգը հստակ ցույց է տալիս վանդալիզմի դեպքերի ծավալերը։
«Կան դեպքեր, երբ որ ադրբեջանական պետական լրատվամիջոցները հենց իրենք են նկարահանում վանդալիզմի դեպքերը, ցուցադրում, անգամ մեկնաբանում, որ այդ կառույցի ոչնչացումը պայմանավորված է, կապված է որևէ օրվա հետ։ Նման օրինակները բազմաթիվ են։ Հենց սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, քանդեցին Արցախի արտաքին գործերի նախարարության շենքը, ընդ որում կիրառելով ծանր շինարարական տեխնիկա և չթաքցնելով, որ պատահական չէ ընտրված սեպտեմբերի 2-ը և պատահական չէ ընտրված հենց ԱԳՆ շենքը»,- ասաց Ավանեսովը։
Նա նշեց, որ վանդալիզմի մեթոդները պարբերաբար փոփոխվում են ու այդ ամենին ավելացել են նաև հրդեհները։
«Այս տարվա հունիսի վերջերից բավականին տևական ժամանակ Արցախի բազմաթիվ բնակավայրերում մասշատաբային հրդեհներ էին, կրակը մոտեցել էր անգամ մի շարք գյուղերի, կրակի օջախում էին հայտվել 100-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ։ Իհարկե, Ադրբեջանի իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն արել կրակի մարման համար։ Էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին, որոշակի վնաս են կրել հուշարձանները։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք ունենք բազմաթիվ պատմական գերեզմանոցներ, որոնք անտառամերձ հատածներում են, կրակը վնասել են տապանաքարեր, արձանագրությունները։
Նոյեմբերի վերջին հերթական տեղեկատվությունն էր տարածվել Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանում հրդեհների մասին։ Այս ամենը պատահական չէ, այսպես Ադրբեջանը նաև փորձում է մաքրել վանդալիզմի հետքևերը»,- ասաց Հ.Ավանեսովը։
Նա նշեց, որ բացի քրիստոնեական ու նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումից, Ադրբեջանի իշխանությունների այդ քաղաքականության թիրախում են հայտնվել նաև իսլամական ժառանգությունը։ Վառ ապացույց է Այգեկ գյուղի մզկիթի ոչնչացումն, որն արձանագրվել է արբանյակային լուսանկարների միջոցով։
«Այն ոչնչացվել է շինարարական աշխատանքի պատրվակի տակ։ Ընդ որում, նման պատրվակով բազմաթիվ հուշարձաններ են հողին հավասարեցվել։ Այս քաղաքականությունը նոր չէ, հատկապես խորհրդային շրջանում Շուշիում եկեղեցիներ, այլ պատմական հուշարձաններ էին ոչնչացնում՝ տարածքում այլ ենթակառուցվածքներ կառուցելու պատրվակով։ Այդ ենթակառուցվածքները կառուցելու ընթացքում օգտագործում են այդ հուշարձանների քարերը որպես շինանյութ։ Դրանք զուտ քարեր չեն, մշակութային ինքնության բաղադրիչներ են, դա ևս համարվում է հանցագործություն»։
Նա նշեց, որ նաև տեղեկատվություններ են տարածվում Արցախում գտնվող տարբեր հնավայրերում պեղումների մասին։ Վերջին նմանօրինակ տեղեկությունը Ազոխի քարանձավում պեղումների հետ էին կապված։ Հնագիտական աշխատանքնեում ներգրավել էին նաև որոշ օտարերկրյա հնագետների։ Այս պեղումների մասին մանրամասն անդրադարձել է monumentwatch.org-ի մասնագետները։
«Բացի այս ամենից, շարունակվում են պատմական հուշարձանների, բնակելի թաղամասերի, այլ ենթակառուցվածքների ոչնչացման քաղաքականությունը, դրան զուգահեռ մեծ ծավալով շարունակվում են հենց պատմամշակութային ամբողջ ժառանգության իսկության խեղաթյուրումը, նրանց գործառույթների փոփոխությունը»,- նշեց նա։
Ավանեսովի ներկայացմամբ, Ադրբեջանի իշխանությունները չեն էլ թաքցնում, որ ոչնչացնելու են հատկապես 1980-ականներից մինչև 2023 թվականի սեպտեմբեր կառուցված հուշարձանները, շինությունները. «Դա բացատրում են իբրև մի մասը սեյսմիկ խնդիրներ ունեն, կամ իրենց մշակած ճարտարապետական նախագծերին չեն համապատասխանում»։
Նա նշեց, որ իրականում սեյսմիկ առումով այդ կառույցները, հուշարձանները նման խնդիր չունեն, ընդամենը հայկական հետքն ամբողջությամբ ոչնչացնելու համար է արվում։
«Վտանգված է Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունն անկախ ստեղծման ժամանակահատվածից, այսինքն այն բոլոր արժեքները, որոնք կան, իսպառ ոչնչացման վտանգի տակ են։ Պետք է նշենք, որ սրանք ոչ միայն զուտ հայկական մշակութային ժառանգություն են, այլ նաև քաղաքակրթական արժեք ունեն։ Ոչնչացնելով այդ մշակութային արժեքները՝ Ադրբեջանի իշխանությունները հարվածում են համաշխարհային քաղաքակրթությանը։
Այս համատեքստում միջազգային կառույցները պետք է բավարարվեն ոչ միայն հայտարարություններով, այլ հստակ մեխանիզմներ կիրառել՝ գոնե նվազագույնի հասցնելու այդ վանդալիմզի դեպքերը»,-ասաց նա։
Հովիկ Ավանեսովն ահազանգեց, որ Ստեփանակերտի հուշահամալիրը, որի տարածքն ամբողջությամբ փակված է, ևս վտանգված է. «Որևէ տեղեկություն չկա, թե ինչ է կատարվում այդ հուշարձանի տարածքում։ Բայց, հաշվի առնելով ադրբեջանական ձեռագիրը, մեծ մտավախություն ունենք, որ որոշակի ժամանակ հետո այդ հուշահամալիրը ևս կոչնչացնեն։ Ընդ որում, այս մասին չեն էլ հերքում Ադրբեջանից»։
Նա նշեց, որ ադրբեջանական մեդիայում պարբերաբար տեղեկատվություն է հայտնվում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ – պապիկի արձան») հուշարձանի քանդման մասին, սոցիալական ցանցերում անընդհատ ադրբեջանցի օգտատերերը հուշարձանը քանդելու կոչեր են անում։ Նաև ադրբեջանցի օգտատերերը պարբերաբար դիմում են իրենց իշխանություններին՝ քանդել կամ մզկիթի վերածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի երկու եկեղեցիները։
https://www.panorama.am/…/%D4%B1%D6%80%D6%81%D5…/3146899
orer.eu



