Ի հայրապետությանն Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ, հրատարակվեց «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի երկրորդ վերահրատարակությունը։
Գիրքը լույս է տեսել Ռոբերտ և Ալլա Վարդումյանների բարերարությամբ, և նվիրված է ի հիշատակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրյալ միաբան՝ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի։ Հիշատակ, որը, ինչպես բոլոր ճշմարիտ հիշատակները, ոչ թե անցյալի արձանագրություն է, այլ ներկայի սթափեցնող ներկայություն։
Ախթալայի վանքի որմնանկարները, որոնց մասին այս գիրքն է խոսում, պատկանում են այն եզակի տեսակի ժառանգություններին, որոնք մեր ժողովրդի պատմության մեջ միշտ եղել են, բայց հաճախ՝ մեր գիտակցության սահմաններից դուրս։ Մենք դրանք տեսել ենք, բայց չենք նկատել, անցել ենք կողքով, բայց չենք լսել նրանց լուռ, բայց խիստ հստակ խոսքը։
Այդ որմնանկարները պարզապես միջնադարյան արվեստ չեն․ դրանք մեր հոգևոր պատմության արձանագրությունն են՝ գրված ծեփի, գույնի ու լույսի լեզվով։ Եվ եթե այսօր այդ ժառանգության մասին կրկին գիրք է լույս տեսնում, և դա կրկին ստիպում է կանգ առնել Ախթալայի վանքի լռության առաջ, ապա դա նշանակում է, որ դեռևս ունենք հիշողություն վերականգնելու հնարավորություն։
Գիրքը ներկայացնում է ոչ միայն որմնանկարների գեղարվեստական արժեքը, այլ այն մեծ պատմական միջավայրը, որում ստեղծվել են դրանք․ միջավայր, որտեղ հայ, վրաց և բյուզանդական մշակութային շերտերը փոխազդում էին, առանց վերանալու միմյանց մեջ։ Այդ իրականությունը, ինչպես բոլոր իրական պատմական շերտերը, ունի մի հատկանշական հատկություն՝ այն միշտ հակասության մեջ է մեր ժամանակակից՝ պարզեցված ու երբեմն վտանգավոր չափազանցումների հետ։
Ուստի, այս վերահրատարակությունը՝ որքան էլ համեստ, կոչված է մեկ կարեւոր նպատակի․
վերադարձնել մեզ մեր իսկ ժառանգության հանդեպ պատասխանատվության զգացումը՝ այն պատասխանատվությունը, որն առանց նշանաբանների, առանց աղմուկի, առանց անպատճառ ճառերի է ձևավորվում։ Որովհետև միայն այդպիսի գիտակցությունն է, որ կարող է Ախթալայի որմնանկարները պահել ոչ թե որպես անցյալի գեղեցիկ հուշ, այլ որպես ներկայի մտածողության կենդանի մաս։
Եվ եթե այս գիրքը, իր հանդարտ, գրեթե պարզությամբ, ստիպում է մեզ նորից տեսնել Ախթալայի վանքի որմնանկարները՝ ոչ թե որպես գեղեցիկ պատկերներ, այլ որպես հոգևոր-մշակութային փաստ, ապա այն իր նպատակը կատարել է։
Տեր Հեթում քահանա Թարվերդյան
Վանահայր, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանք, 3.12.2025



