Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպս. Պարսամյանը նոյեմբերի 22-ին Վալենսիայում նախագահեց Սուրբ և Անմահ Պատարագին և իր պատգամը փոխանցեց տեղի հայ հավատավորներին ։ Պատարագիչն էր Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղևոնդ աբղ. Սաղաթելյանը։
Պատարագի ընթացքին Սրբազանը հայտնեց եկեղեցական խորհուրդ ստեղծելու որոշման մասին՝ Վալենսիայի հայ համայնքի հոգևոր-եկեղեցական կյանքն առավել կազմակերպված դարձնելու և զարգացնելու համար։
Կիրակի՝ նոյեմբերի 23-ին Սրբազան հոր հանդիսապետությամբ կատարվեց Վալենսիայի ինքնավար համայնքի Կույերա քաղաքի Սբ. Անտոնի այգում տեղի Հայ համայնքի ջանքերով տեղադրված խաչքարի բացման և օրհնության կարգ, որին մասնակցեցին նաև Տ. Ղևոնդ աբղ. Սաղաթելյանը, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի քահանա Տ. Արամ քհն. Հունանյանը։
Խաչքարի բացման և օրհնության արարողությանը ներկա էին նաև Կույերաի քաղաքապետ Ջորդի Մայորը, քաղաքպետարանի աշխատակիցները, Կույերայի Հայ համայնքի նախագահ Հերմինե Աբրահամյանը, բազմաթիվ հյուրեր և հավատավորներ Իսպանիայի տարբեր շրջաններից։ Խաչքարը տեղադրվել էր Տ. Արամ քհն. Հունանյանի և Կույերայի հայ համայնքի նվիրատվությամբ, որպես բարեկամության և երախտագիտության նշան Իսպանիայի և, մասնավորապես, Կույերայի ժողովրդի հանդեպ։
Սրբազան Հայրն իր խոսքում, դիմելով հայ համայնքին, նշեց, որ այս օրը օրհնված է ոչ միայն այս համայնքի, այլև Իսպանիայում ապրող բոլոր հայերի և ընդհանրապես համայն հայության համար, որովհետև այս խաչքարի օրհնությամբ մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և հավատարիմ ենք մեր արմատներին, պատմությանը, մշակույթին, բայց նաև պատրաստ ենք կառուցողական համակեցության Իսպանիայի ժողովուրդների հետ։
Սրբազան Հայրը նաև իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բոլոր այն մարդկանց, ում ջանքերով իրականացվել էր խաչքարի տեղադրման այս նախաձեռնությունը։ Իր գնահատանքի խոսքը հայ համայնքի ներկայացուցիչներին՝ որպես Կույերայի արժանապատիվ քաղաքացիների փոխանցեց նաև քաղաքապետ Ջորդի Մայորը։ Արարողությունն ավարտվեց համայնքի կողմից կազմակերպված մշակութային համարով։
orer.eu





