Հայ-չեխական գրական-մշակութային երեկո  Պրահայում՝ պատմաբան Հայկ Դեմոյանի մասնակցությամբ

  • 25.11.2025
  • 0
  • 156 Views

Նոյեմբերի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի Կրիստալ կենտրոնի սրահում տեղի ունեցավ հայ-չեխական գրական ձեռնարկ, որի ընթացքում ներկայացվեցին երեք կարեւոր  թեմաներ։

Նախ  դեռեւս  Չեխոսլովակայիում   հայագիտության սկզբնավորման պատմությանն ու  հայագիտության  մեծ  ռահվիրա  Յարոմիր Յեդլիչկայի  գործունեությանն անդրադարձավ   Կարլի համալսարանի դոկտորանտ, ՕՐԵՐ ամսագրի orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։ Նա հետաքրքիր փաստեր հրապարակեց  հայ-չեխական պատմական եւ գրական կապերի պատմությունից, կանգ առնելով հատկապես պրոֆեսոր Յարոմիր Յեդլիչկայի գործունեության վրա։ Վերջինիս ուսանողուհիներից մեկի՝  հայագետ  Լուդմիլա Մոտալովայի թողած ժառանգությունը նույնպես արժանացավ հատուկ լուսաբանության, հատկապես նկատի ունենալով, որ  այս տարի նշվում է մեր հայասեր, հայ գրականության եւ հայերենի գիտակ Լուդմիլա Մոտալովայի ծննդյան 90-ամյակը։ Եվ ինչպես Յեդլիչկան է բարձր մակարդակի հայերենով խոսել, գրել ու հայ գրականություն թարգմանել, այնպես էլ Լուդմիլա Մոտալովան։

Նրանք ակտիվ նամակագրական կապի մեջ են եղել ժամանակի հայ մտավորականության, գրողների լայն շրջանակի հետ՝ թե՛ Հայաստանում, եւ թե՛ սփյուռքում։ Աննա Կարապետյանը ցույց տվեց նրանց անձնական նամակներից նմուշներ, լուսանկարներ որոնք վկայում են այդ բարեկամության մասին։ Մոտալովան իր ինքնակենսագրականում գրել է, որ  հայերի նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է  Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի ընթերցումից հետո։ Նրա մահվան լուրը լայնորեն լուսաբանվել է  հայկական մամուլում. Հրանտ Մաթեւոսյանը գրել է . «Մեր քույրը, մեր թարգմանիչը»։ Իսկ Մոտալովայի հարազատները, նրա մահազդի առաջին տողերում իբրեւ բնաբան տպագրել են Պարույր Սեւակի տողերը։ Բանախոսն անդրադարձավ նաեւ Մոտալովայի անձնական արխիվի անհետացման խնդրին, որում  հաստատ շատ հետաքրքիր նամակներ ու փաստաթղթեր կարող էին լինել։

Հաջորդը ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց Երեւանից ժամանած հյուրին՝ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին , որը վերջին տարիներին հրատարակել է հայ մշակութային ժառանգությանը նվիրված բացառիկ գրքեր։

«Դոկտոր Դեմոյանը վերջին տասնամյակներին հսկայական պատմագիտական աշխատանք է տարել թե՛ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնում, եւ թե հետո իբրեւ պատմաբան հետազոտող։ Իսկ վերջին հրատարակությունները կարելի է ասել կոթողային աշխատանքներ են. «Հայուհու կերպարը փորագրանկարներում եւ փոստային բացիկներում», «Հայկական եկեղեցիներն ու վանքերը» միջազգային բացիկներում, «Հայ գործարար կյանքի պատմության պատկերագիրք»։  Իսկ բոլորովին վերջերս հրատարակված «Թիֆլիս» ծավալուն աշխատանքը, որը լույս է տեսել  864 էջով, բացառիկ է թե՛ իր ծավալով, եւ թե՛ բովանդակությամբ։ Այս գիրքը հայ ժողովրդի քաղաքակրթական, մշակութային, պատմական ներկայությունն է Թիֆլիս քաղաքում եւ,  իհարկե, արժանի է ամենամեծ գնահատականների։ Գրքում օգտագործված են ոչ միայն պետական արխիվների, այլեւ անհատների անձնական արխիվներից տպագրված բացառիկ լուսանկարներ եւ տեղեկություններ»,- ասաց ՕՐԵՐ-ի խմբագիրը։

Այնուհետեւ Հայկ Դեմոյանը ներկայացրեց իր գրքերը, նշելով, որ բացիկներին նվիրված հրատարակությունները կազմել է բացառապես իր հավաքածուներում առկա 2000-ից ավելի փոստային բացիկներից։  Ընդ որում, գրքերում տեղ են գտել միայն այն բացիկները, որոնք հրատարակվել են օտարների կողմից։ Դա վերաբերում է թե՛ «Հայուհիներ»ին, եւ թե՛ մյուս գրքերին։ Նրա ասելով, այդ եկեղեցիների կեսն արդեն իսկ գոյություն չունեն։ Նա նաեւ ներկաներին ցույց տվեց հայուհիների շարքի այն բացիկները, որոնք թողարկվել են չեխական հրատարակիչների կողմից։

 Այժմ նա այդ շարքի հաջորդ պատկերագիրքն է պատրաստում, որը նվիրված կլինի օտարների կողմից հրատարակված հայկական փողոցներին, հուշարձաններին, եւ այլ տեղանուններին նվիրված բացիկներին։ Խոսելով ընտանեկան արխիվներում պահպանվող  կարեւոր փաստաթղթերի եւ մշակութային  արժեքների մասին, բանախոսը կարեւորեց դրանք ոչնչացումից փրկելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու կարեւորությունը։ Միայն վերջին տարիներին Հայկ Դեմոյանը տարբեր աճուրդներում գնել եւ Հայաստանի 13 թանգարաններին է նվիրել 800-ից ավելի թանգարանային նմուշներ։

Հայկ Դեմոյանը ներկայացրեց նաեւ վերջերս հրատարակած «Թիֆլիս»  հսկայածավալ պատկերագիրքը, որի պատրաստման համար նա աշխատել է  4 տարի։ Գիրքը նվիրված է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի 200-ամյակին եւ տպագրվել է մեկենաս Գագիկ Աղաջանյանի հովանավորությամբ, իսկ գրքի ձեւավորման եւ էջադրման հեղինակը Լուսինե Մաթեւոսյանն է։ Գրքի 13  բաժիններում  ներկայացվում են թիֆլիսահայության պատմությունը, կյանքն ու արհեստները, դպրոցները, կրթությունը, տպագրությունը, գործարար աշխարհը,  ճարտարապետությունը, եկեղեցիները, թատրոնը, երաժշտությունն ու կինոն, նկարչությունն ու լուսանկարչությունը, կանայք ու երեխաները։

Գիրքը հրատարակվել է ռուսերենով, եւ այժմ տպագրության են պատրաստվում անգլերեն եւ վրացերեն տարբերակները։  Բանախոսության ավարտին, Հայկ Դեմոյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Երեկոյի վերջին բաժինը նվիրված էր Կոստան Զարյանի 140-ամյակին։ ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիրը ներկայացրեց  Զարյանի գրական ժառանգությունը։ Խմբագրի ասելով, հայ մեծանուն գրող Կոստան Զարյանը, ցավոք, թե՛ խորհրդային, եւ թե՛ անկախության տարիներին մնաց չգնահատված ու չլուսաբանված տաղանդավոր հայ գրող թե ՛ սփյուռքում, եւ թե՛ Հայաստանում։ Այդ բացը լրացնելու նպատակով նաեւ ՕՐԵՐ ամսագրի վերջին համարում անդրադարձել են  Կոստան Զարյանի ժառանգությանը։ «Նա հայ հանրությանն անհայտ մնացած բանաստեղծ է, արաձակագիր, վիպագիր, խմբագիր ու մեծ մտավորական, որ ուր էլ գնացել է, ապրել է Հայաստանով։ Երկու անգամ վերադարձել է Հայաստան, բայց կոմունիստական հետապնդումներից վախենալով, կրկին մեկնել է արտերկիր։

Ի վեջո 1885 թվականին Շամախում ծնված, Բաքվում, Փարիզում, Բրյուսելում ու Վենետիկում կրթություն ստացած հայ մտավորականը մահացել է 1969 թվականին Երեւանում»։ Խմբագրի ասելով, երբ  պատրաստվում էին այս ձեռնարկին, Աննա Կարապետյանն իր արխիվում հայտնաբերել է նաեւ Յարոմիր Յեդլիչկայի եւ Կոստան Զարյանի նամակագրությունը։ Այն, որ Զարյանը ճանաչել է ժամանակի եվրոպական հայտնի գրողներին, հրատարակել է եվրոպական գրական ամսագրեր, հայտնի էր, բայց որ չեխ հայագետների հետ է կապ ունեցել , դա հայտնություն էր։

Վերջում  ցուցադրվեց «Կողբ» հիմնադրամի նկարահանած «Արարատյան մարդը» ֆիլմի առաջին երկու մասերը։ Ֆիլմաշարը 10 մասից է բաղկացած լինելու։ «Կողբ» հիմնադրամը մեծ նախագիծ է իրականացնում Զարյանի ժառանգության հրապրակայանացման ուղղությամբ, հրատարակում է նրա գրքերը, ցուցահանդեսներ է կազմակերպում, ֆիլմաշար է նկարահանում։  Զարյանի գրական ժառանգության հանրայնացման գործում մեծ է գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանի ներդրումը, որ վերջին երկու տամնամյակներին հրատարակել է նրա տասնյակից ավելի գրքերը, այժմ էլ «Կողբ» հիմնադրամի հովանավորությամբ շարունակվում է այդ աշխատանքը։

Վերջում հյուրասիրության ընթացքում ներկաները շարունակեցին իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրույցները, իսկ ցանկացողները ձեռք բերեցին Հայկ Դեմոյանի գրքերը։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում