
Նոյեմբերի 15-ին Պրահայի Սուրբ Վիտի տաճարում տեղի ունեցավ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունը՝ Չեխիայի բարձրագույն ղեկավարության, նախկին երկու նախագահների եւ բազմաթիվ հյուրերի ու հավատացյալների ներկայությամբ։ Կարդինալի աճյունը հուղարկավորեցին Սուրբ Վիտի տաճարում՝ հանգուցյալ արքեպիսկոպոսների համար նախատեսված մատուռում։ Վերջին պահին աղոթքի հնարավորություն տրվեց կաթոլիկ եկեղեցու նունցիին, հրեա ռաբբիին եւ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին։ Հայր սուրբը կատարեց հոգեհանգստյան ննջեցյալների աղոթքը։


Արարողությունը նախագահեց Պրահայի արքեպիսկոպոս եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Յան Գրաուբները։ Հրաժեշտի խոսքերով հանդես եկան արքեպիսկոպոս Յան Գրաբուները, նախկին նախագահ Վացլավ Կլաուսը, եւ Պրահայի օգնական եպիսկոպոս Զդենեկ Վասսենբաուերը։ Հռոմի պապի ցավակցական խոսքը փոխանցեց պապական նունցին։ Արարաողության ընթացքում հնչեց Դվորժակի Ռեքվիեմը, որը եղել է ննջեցյալ կարդինալի սիրելի գործը։ Արարողության ընթացքում առաջին անգամ հնչեց նոր երգեհոնը, որի տեղադրումը ժամանակին նախաձեռնել էր կարդինալ Դուկան։ Արարողությանը ներկա էին նաեւ օտարերկրյա դիվանագիտական անձնակազմը, այդ թվում՝ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Հայերս հրաժեշտ տվեցինք մեծ մարդասեր, հայ եկեղեցու եւ մշակույթի աջակից հոգեւորականի, որը վիթխարի դեր կատարեց նաեւ հայ համայնքի եւ եկեղեցու բնականոն գործունեության համար։
Նոյեմբերի 16-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ձեռամբ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի՝ ի հիշատակ հայ եկեղեցու մեծ բարեկամ կարդինալ Դոմինիկ Դուկայի։ Իր խոսքում հայր Բարսեղն անդրադարձել է երջանկահիշատակ կարդինալի եւ հայ եկեղեցու ջերմ հարաբերություններին, քրիստոնեական սիրով պարուրված բարեկամությանը, որը տարիներ շարունակ ամրապնդվել է կոնկերտ գործերով ու աջակցությամբ։ Ներկաները աղոթել են կարդինալի հոգու հանգստյան համար։
Աստված հոգին լուսավորի։








