Մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված ASA Forum 2025-ը

  • 16.11.2025
  • 0
  • 90 Views

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է ASA Forum 2025-ը։ Այն իրականացնում է ASA Արվեստի ջատագովման համայնքը (Advocacy Society for the Arts)։ Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը հրավիրել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, մենեջերներին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:

«Սիրով ողջունում ենք բոլոր ներկաներին։ ASA-ում մենք փոքր թիմ ունենք, սակայն մեզ հետ է ստեղծարար համայնքը, որտեղ բոլորս տարբեր ենք, սակայն՝ միասին։ Եվ այդ փաստը հնարավորություն է տալիս ստեղծել կարծիքների ու գաղափարների միասնականություն ու բախում և բախման արդյունքում՝ նորարարություն։ Այսօր կքննարկենք շատ կարևոր թեմաների շուրջ բարձրացրած հարցեր, որոնք ի հայտ են եկել համայնքից և «Կատապուլտ» ծրագրի երեք տարվա ուսումնասիրություններից։ Մենք հրաշալի բանախոսներ ունենք, որոնց շնորհակալ ենք այսօր այս թեմաների շուրջ իրենց փորձառությունը ներկայացնելու համար»,-իր ելույթի խոսքում նշեց ASA Արվեստի ջատագովման համայնքի նախագահ Սեդա Գրիգորյանը։

Միջոցառման մեկնարկին ուղերձով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ ASA Forum-ը կարևոր հարթակ է։ «Ուրախ եմ լինել «ԱՍԱ» ֆորումի մասնակից․ միջոցառում, որը թե՛ բովանդակությամբ և թե՛ ձևաչափով կարևոր հարթակ է հանդիսանում մշակույթի և ստեղծարար արդյունաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումների և ռազմավարական ուղիների ձևավորման տեսանկյունից։  Այս ֆորումն ապացույց է, որ մեր երկրում ձևավորվում է մշակութային նոր մտածողություն՝ հիմնված նորարարության, գիտելիքի և համագործակցության վրա։ Հայկական արվեստն ու մշակույթը մեր ինքնության արժեհամակարգի անքակտելի մասն են։ Սակայն մշակույթն այլևս կարող է լինել տնտեսական և համայնքային զարգացման, ինչպես նաև նորարության կարևոր տարր։ Ստեղծարար արդյունաբերությունները հզոր ուժ են ձևավորում մշակութային ինքնարտահայտման, միջազգային համագործակցության և տնտեսական աճի համար»,-իր խոսքում նշեց փոխնախարարը։

Նա նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման հարթակ ձևավորելու, ոլորտի մասնագետներին և երիտասարդ արվեստագետներին համախմբելու, նրանց հմտությունների զարգացմանն աջակցելու և մշակութային քաղաքականության վերաբերյալ քննարկումներ խթանելու համար։

«Լիահույս եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս կնպաստի ստեղծարար արդյունաբերությունների զարգացման համար նոր գաղափարների ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակմանը»,-հավելեց Դանիել Դանիելյանը։

Բացման արարողությանը Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի Վերլուծության և համագործակցության ղեկավար Մագնուս Կիրխհոֆը իր ելույթում նշեց, որ երեք տարի աջակցելով «Կատապուլտ» ծրագրին՝ երազում էր այն օրվա մասին, որ ի վերջո Հայաստանում կձևավորվի ստեղծարար համանքի ասոցիացիա, որը կմիավորի բոլորին. և ահա այդ փաստն այսօր իրականություն է։ Կիրխհոֆը շնորհավորեց ASA Արվեստի ջատագովման համայնքի թիմին և բոլոր ներկաներին։

Նշենք, որ նախորդ տարվա հաջող մեկնարկից հետո «Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրով ASA Forum 2025-ն այս տարի կենտրոնանում է հետազոտության վրա հիմնված մշակութային քաղաքականության և կայուն ստեղծարար տնտեսության ձևավորման վրա։

Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ պանելային քննարկումները կշոշափեն մշակութային քաղաքականության այնպիսի հիմնարար հարցեր, ինչպես, օրինակ, ռեսուրսի և հնարավորությունների ապակենտրոնացումն ու թվայնացումը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարները, արվեստագետների իրավունքների և ջատագովման մեխանիզմների ամրապնդումը, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցության խթանումը:

Հատուկ կարևորություն հաղորդելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության և հետազոտությունների դերին՝ ֆորումի հիմնական բանախոսը կլինի The Audience Agency-ի հիմնադիր Աննե Տորեջիանին (Միացյալ Թագավորություն), ով հանդես կգա «Մշակութային արժեքի գնահատում. տվյալահեն մոտեցում՝ մշակութային ոլորտի ավելի կայուն ապագայի համար» զեկույցով: Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև «Արվեստի ջատագովման համայնքի» շնորհանդեսը։ 

Բացի այդ, համերգասրահների կառավարման KeepOn Live եվրոպական հարթակի շնորհանդեսը, կազմակերպված Resonance նախաձեռնության հետ համատեղ, գործնական գիտելիքներ և գործիքներ կփոխանցի ոլորտի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում կենդանի երաժշտության մշակույթի զարգացմանը։ Զուգահեռաբար, hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ կներկայացվի SoundCrit-ը, որը ստեղծագործությունների բաց մասնագիտական քննարկման ձևաչափ է։

Այն երաժշտական պրոդյուսերների, երաժիշտների և երգահանների համատեղ աշխատարան է` նպատակ ունենալով զարգացնել համայնքի համագործակցային մշակույթը` աշխատանքի վերաբերյալ կառուցողական, բաց արձագանքի միջոցով։ hosq հիմնադրամի կողմից կհամակարգվի նաև «Վերաիմաստավորելով արվեստի կառավարումը.  պետական ու մասնավոր ոլորտի երկխոսություն» քննարկումը, որը միավորում է առաջատար մշակութային մասնագետների՝ զրուցելու Հայաստանում արվեստի կառավարման մերօրյա փորձի վերաբերյալ։

Ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկումները կուղեկցվեն տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ` հարթակ մատուցելով ստեղծագործ տաղանդի հանրահռչակման համար:

Երեկոն կեզրափակվի B2A «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ։

ASA Արվեստի ջատագովման համայնքն իր գործունեությունն իրականացնում է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: ASA Ֆորում 2025-ի գործընկերներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Ռեզոնանս ծրագիրը, hosq հիմնադրամը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում