Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հանդիպումը Ռումին Պատրիարքի հետ

  • 13.11.2025
  • 0
  • 121 Views

Ռումանիոյ հայոց թեմի ,,Սրբոց Հրեշտակապետաց,,
առաջնորդանիստ Մայր Տաճարի 110 ամյակի, ինչպես նաև
արտաքին վերանորգման աշխատանքների ավարտի առիթով ս․թ․
նոյեմբերի 8-9-ը տեղի ունեցան մի շարք կարևոր միջոցառումներ
օրհնությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի,
նախաձեռնությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․
Տաթև եպս․ Հակոբյանի և Ռումինիայի Կրոնների
նախարարության բարձր հովանու ներքո։ Թեմակալ առաջնորդի
հրավերով այդ առիթով Ռումինիա էին ժամանել Հայ
Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք թեմերի առաջնորդներ՝
Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Մարկոս եպս․
Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․
Աբգար եպս․ Հովակիմյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի
հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Հովակիմ եպս․ Մանուկյանը,
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր եպս․
Խաչատրյանը, որը նաև Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչն
էր Մայր Աթոռի կողմից, Հունաստանի հայոց թեմի առաջնորդ
գերշ․ Տ․ Խորեն եպս․ Առաքելյանը, Վրաստանի հայոց թեմի
առաջնորդ գերշ․ Տ․ Կիրակոս եպս․ Դավթյանը, Չեխիայի,
Սլովակիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ հոգշ․ Տ․ Բարսեղ
վարդապետ Փիլավչյանը, ինչպես նաև քահանաներ և
սարկավագներ Բուլղարիայից, Ուկրաինայից և Հունաստանից։
Նոյեմբերի 8-ին Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու
Պատրիարք Նորին Սրբություն Դանիելը պատրիարքական
նստավայրում ընդունեց Հայ Եկեղեցու պատվիրակությանը՝
գլխավորությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․
Տաթև եպս․ Հակոբյանի։ Հանդիպմանը ներկա էին նաև
պատրիարքական փոխանորդ Վառլաամ եպս․ Պլոիեշտեանուն,
Աուգուստին վրդ․ Կոմանը, քահանայից դասը։ Իր խոսքում Նորին
Սրբություն Դանիել Պատրիարքը շեշտեց ռումին և հայ
ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունները՝ ասելով․

«Մենք ուրախ ենք, որ Ռումինիայում հայերի և ռումինացիների միջև

հարաբերությունները շատ հին են։ 15-րդ դարի սկզբին
Ալեքսանդր Բարի իշխանի կողմից հայկական
արքեպիսկոպոսական աթոռի ճանաչումը ցույց տվեց, որ այս
տարածքը քրիստոնյաների համակեցության և
համագործակցության տարածք էր։ Մենք շատ ուրախ ենք, որ
Հայաստանի և ռումինացիների միջև հարաբերությունները այս
երկրում շատ հին են», – մանրամասնեց Ռումինիայի
պատրիարքը։ Նորին Սրբությունը նշեց նաև, որ կան
նմանություններ ծառայության մեջ, հաշվի առնելով, որ երկու
ազգերն էլ զգալի ներկայություն ունեն Սփյուռքում․ «Մեր շատ
հոգևորականներ հանդիպել են հայ հոգևորականների հետ
տարբեր երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան,
Կանադան, կիսելով նույն միսիոներական փորձը։ Այս
աշխատանքը սփյուռքում անհրաժեշտ է և դժվար, քանի որ մենք
փոքրամասնություն ենք կազմում գերազանցապես կաթոլիկ,
բողոքական կամ անգլիկան երկրներում։ Հետևաբար, մենք
ունենք գեղեցիկ և հին համագործակցության կապեր
ռումինացիների և հայերի միջև», – շեշտեց Պատրիարք Հայրը։
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, 110 ամյակի
միջոցառումներին Վեհափառի ներկայացուցիչ գերշ․ Տ․ Գրիգոր
եպս․ Խաչատրյանը Պատրիարք Հորը փոխանցեց Վեհափառ
Հայրապետի եղբայրական ջերմ ողջույնի խոսքը, իսկ Դանիել
Պատրիարքն իր զորակցությունը և աջակցությունը հայտնեց
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Ռումանիոյ առաջնորդը ևս իր շնորհակալությունը հայտնեց
Ռումին Պատրիարքին ջերմ ընդունելության համար՝ շեշտելով
երկու եկեղեցիների և ժողովուրդների միջև առկա դարավոր
բարեկամությունը և սերտ համագործակցությունը տարբեր
ոլորտներում։


Հայկական պատվիրակությունը այցելեց պատրիարքական
նստավայրի Ռումինիայի Սուրբերի Սրահ, Ռումինիայի
Պատրիարքների Թանգարան և պատրիարքական նստավայրի
«Սուրբ Մեծ Նահատակ Գևորգ» մատուռ, որտեղ ծանոթացավ
Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու պատմությանը։ Հանդիպման
ավարտին հայկական պատվիրակության յուրաքանչյուր անդամ

Նորին Սրբություն Ամենապատիվ Դանիել Պատրիարքից ստացավ
խորհրդանշական նվերներ, այդ թվում՝ նորաօծ Ազգի Փրկության
Տաճարին նվիրված «Ազգային տաճարը՝ իրականացված իդեալ»
վերնագրով հատորը, ինչպես նաև «Ազգային միասնություն և
արժանապատվություն։ Ռումինիայի պատրիարքությունը՝ 100
տարվա գործունեություն ռումին ժողովրդի կյանքում» ալբոմը։
Պատրիարքական նստավայր այցելությունից հետո հյուրերը
Պատրիարքական փոխանորդ, գերշ․ Տ․ Վառլաամ եպս․
Պլոիեշտեանուի հետ այցելեցին Ազգի Փրկության Մայր Տաճար,
ուր պատվիրակության անդամները երգեցին ,,Տէր Ողորմեա,, և
միասնաբար աղոթք բարձրացրին առ Աստված։

Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում