ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը շարունակում է իր համաշխարհային շրջագայությունը՝ այցելելով Լոնդոն, Ֆրանսիա և Ժնև

  • 06.11.2025
  • 0
  • 90 Views

Photo։ Պատվիրակությունը՝ AGBU Լոնդոնի և ԵԱ Լոնդոնի ներկա և գալիք առաջնորդների հետ ընթրիքի ժամանակ։

ՀԲԸՄ ղեկավարությունը ստանձնելուց ի վեր ՀԲԸՄ համայնքներ կատարած իր չորրորդ պաշտոնական այցով նախագահ Սեմ Սիմոնյանն ավարտեց դեպի Լոնդոն, Ֆրանսիա և Ժնև շրջագայությունը՝ վերահաստատելով կազմակերպության նվիրվածությունը համաշխարհային ցանցին: Տասնօրյա ուղևորության ընթացքում Սիմոնյանը տիկնոջ՝ Սիլվա Սիմոնյանի և տասնմեկ անդամներից բաղկացած պատվիրակության հետ այցելեց շուրջ յոթ քաղաք՝ հանդիպելով տեղի մասնաճյուղերի, երիտասարդ արհեստավարժների և համայնքի առաջնորդների հետ՝ քննարկելու ընդհանուր առաջնահերթությունները, ամրապնդելու կապերը և խթանելու ՀԲԸՄ առաքելությունը:

Պատվիրակության կազմում էին Հոգաբարձուների խորհրդի անդամ Էլի Աքիլյանը տիկնոջ՝ Էլա Աքիլյանի հետ, Կենտրոնական վարչության գանձապահ Նազարեթ Ֆեստեկջյան տիկնոջ՝ Նիլա Ֆեստեկջյանի հետ, Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Կամիլիո Ազուզը, Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ Ֆրանսիայի համանախագահ Նադյա Գործունյանը, ՀԲԸՄ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Պետրոսյանը, Ռազմավարական խորհրդատվական խորհրդի անդամ Նիկոլաս Նազարյանը, Մասնաճյուղերի և Կենտրոնական վարչության տնօրեն Նատալի Գաբրելյանը, ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Ձագոյանը և ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղերի և Երիտասարդ արհեստավարժների գծով ղեկավար Սիմոն Լանդրեն։

Photo 2  ՀԲԸՄ «Նուբարյան» գրադարանում շրջայցի ժամանակ տնօրեն Բորիս Աճեմյանը Նախագահ Սիմոնյանին և պատվիրակությանը ներկայացնում է գրադարանի անգին հավաքածուներն։

Այցելություն Լոնդոն

ՀԲԸՄ «Լոնդոն թրասթ»-ի և ՀԲԸՄ Լոնդոնի մասնաճյուղի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և Լոնդոնի հիմնադրամի նախագահ Առնո Ադամյանը, ՀԲԸՄ Լոնդոնի նախագահ Նատալի Փիրանյանը և փոխնախագահ Լուսինե Խաչատրյանը ներկայացրին մասնաճյուղի ընթացիկ նախաձեռնությունները: Այնուհետև տեղի ՀԲԸՄ ղեկավարների ներկա և գալիք սերունդը հանդիպեց գործնական ընթրիքի սեղանի շուրջ։

Նախագահ Սիմոնյանը և պատվիրակության մի շարք անդամներ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ ՀՀ դեսպանատանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ քննարկեցին ՀՀ հարաբերություններին առնչվող նորություններ։

  Ձախից աջ՝ ՀԲԸՄ Ֆրանսիայի նախկին փոխնախագահ և ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդական Սոնա Աթամյանը, ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերճ Սեդրակյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը, ՀԲԸՄ Ֆրանսիայի նախկին նախագահ և Կենտրոնական վարչության նախկին անդամ դոկտոր Էդուարդ Աթամյանը և Աննա Միրելլա Տեր Հակոբյանը՝ Փարիզի համայնքային ընդունելության ժամանակ։

Այցելություն Փարիզ

Փարիզում նախագահական պատվիրակությանը միացան ՀԲԸՄ Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի անդամները՝ մասնակցելու Կենտրոնական վարչության նիստին: ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակույթի կենտրոնի 50-ամյակին ընդառաջ՝ ընդունելությունն անցկացվեց կենտրոնի շենքում՝ միավորելով  կամավորների, շրջանավարտների, բարերարների, նախկին ուսուցիչների և համայնքի ղեկավարների։ Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց կենտրոնի ունեցած երկարամյա դերը Ֆրանսիայի հայ համայնքի մշակութային և կրթական կյանքի կայացման գործում:

Նշանավոր հյուրերի թվում էին ՀԲԸՄ պատվավոր նախագահ Պերժ Սեդրակյանը և ՀԲԸՄ Ֆրանսիայի նախկին նախագահ և Կենտրոնական վարչության նախկին անդամ դոկտոր Էդուարդ Աթամյանը։ Ներկա էին նաև ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի նախկին նախագահ, ՀԲԸՄ Ֆրանսիայի շրջանի նախկին գանձապահ և փոխնախագահ Միշել Սաբբաղը, ՀԲԸՄ Ֆրանսիայի նախկին փոխնախագահ և ՀԲԸՄ Եվրոպայի խորհրդական Սոնա Աթամյանը, ՀԲԸՄ կենտրոնի ճարտարապետ և Կենտրոնական վարչության նախկին անդամ Արիս Աթամյանը, ինչպես նաև ՀԲԸՄ Ֆրանսիայի համայնքի այլ անդամներ։

Ընդունելության ժամանակ Սիմոնյանը, Սեդրակյանը և Աթամյանը կատարեցին կենտրոնի 50-ամյակին նվիրված հուշատախտակի բացումը։ ՀԲԸՄ Ալեք Մանուկյան մշակույթի կենտրոնը բացվել է 1975 թվականին՝ ձեռամբ երաժանկահիշատակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի։

Իր ողջույնի խոսքում ՀԲԸՄ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Պետրոսյանը նշեց. «Ֆրանսիան յուրահատուկ տեղ է զբաղեցնում Սփյուռքում, և երկրի յուրաքանչյուր անկյունում ՀԲԸՄ-ն խոր արմատներ ունի՝ իր մասնաճյուղերով և մեր երիտասարդ արհեստավարժներով, ովքեր մարմնավորում են համայնքի ապագան»։

Այս միտքը շարունակելով՝ պատվավոր նախագահ Սեդրակյանն ընդգծեց ՀԲԸՄ-ի երկարամյա ներկայության և տարածաշրջանում թողած ազդեցության կարևորությունը, ինչպես նաև ՀԲԸՄ-ի գալիք հաջողությունների համար անհրաժեշտ նախադրյալներն ապահովելու պատրաստակամությունը։ Հաջորդիվ, Սեդրակյանը նախագահ Սիմոնյանին հրավիրեց ելույթ ունենալու։

Photo 4: Պատվիրակությունը՝ ՀԲԸՄ Նիցցայի և ԵԱ Նիցցայի անդամների հետ։

Այցի ընթացքում Կենտրոնական վարչության և Հոգաբարձուների խորհրդի անդամներից բաղկացած պատվիրակությունը հանդիպեց ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի և ԵԱ Փարիզի անդամներին: ԵԱ-ները ներկայացրին խմբի վերջին շրջանի գործունեությունը և առաջիկա նախաձեռնությունները, որոնք ուղղված են Փարիզում և քաղաքի սահմաներից դուրս հայ երիտասարդ արհեստավարժների ունեցած ազդեցության ամրապնդմանը: Հանդիպումները շարունակվեցին Ֆրանսիայի շրջանային կոմիտեի հետ, որտեղ ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Ձագոյանը ներկայացրեց տարածաշրջանային նախագծերն ու առաջիկա հեռանկարները: Պատվիրակությունը նաև այցելեց ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակ և պատմական ՀԲԸՄ «Նուբարյան» գրադարան, որտեղ շրջայց կատարեց տնօրեն Բորիս Աճեմյանի ուղեկցությամբ։

Պատվիրակությունը՝ ՀԲԸՄ Մարսելի և ԵԱ Մարսելի կոմիտեների անդամների հետ ՀԲԸՄ Մշակույթի կենտրոնում։

Նիցցա, Մարսել, Վալանս և Լիոն

Նիցցայի տեղի հայ համայնք կատարած երկօրյա այցը նախագահ Սիմոնյանին և պատվիրակությանը հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ մանրամասն ծանոթանալու տարածաշրջանում ՀԲԸՄ-ի երկարամյա գործունեությանը և գնահատելու տեղի երիտասարդության ակտիվ ներգրավվածությունը ՀԲԸՄ նախաձեռնություններին։ Հատկապես ուշադրության արժանացավ նրանց ուշագրավ նվիրվածությունն ու մասնակցությունը Հայաստանում անցկացվող ծրագրերին, ինչպիսիք են՝ ՀԲԸՄ «Հայեր, համախմբվե՛ք»-ն ու ՀԲԸՄ «Հայաստան՝ կյանքի երկիր»-ը: ՀԲԸՄ Նիցցայի և ԵԱ Նիցցայի նախագահ Ալինա Ալմանը նշեց՝ «Նիցցայի մասնաճյուղը վճռական է տրամադրված աջակցելու ՀԲԸՄ համաշխարհային նախաձեռնություններին և, մեր ուժերի ներածին չափով, նպաստելու ՀԲԸՄ-ի ընդհանուր տեսլականին, որը միավորում է սփյուռքն ու Հայաստանը ընդհանուր նպատակի շուրջ»:

Այցելությունը շարունակվեց Ֆրանսիայի հարավում. ՀԲԸՄ Մշակույթի կենտրոնում պատվիրակությունը հանդիպեց ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի և ԵԱ Մարսելի անդամներին: Քննարկվեցին ՀԲԸՄ համայնքային ծառայության ծրագրերը, ինչպես նաև հայերի և Հայաստանի բարելավմանն ուղղված մի շարք այլ նախաձեռնություններ: «Համագործակցության շնորհիվ մենք կհաջողենք հայկական ինքնությունը խթանելու և ամրապնդելու գործում», – նշեց ՀԲԸՄ Մարսելի նախագահ Ավրորա Բրունան: Այցելությունն ավարտվեց կենտրոնում կազմակերպված ընդունելությամբ, որին մասնակցեցին ՀԲԸՄ անդամներն ու աջակիցները, այդ թվում՝ Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը:

Պատվիրակությունն այցը շարունակեց Վալանսում, որտեղ 2024 թվականի հունիսին բացված ՀԲԸՄ Մշակույթի կենտրոնում հանդիպեց ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի և ԵԱ Վալանսի ներկայացուցիչներին։

Ընդունելությանը մասնակցեցին տեղի կազմակերպություններից ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի, ԵԱ Վալանսի և ՀԲԸՄ Սենտ-Էտիենի և Սեն-Շամոնի կոմիտեի անդամները: Ներկաների թվում էին բարերարներ և ՀԲԸՄ ղեկավարներ, Վալանսի քաղաքապետ Նիկոլաս Դարագոնը և հայր Անդրանիկ Մալջյանը: «Այսօր Վալանսի մեր նոր շենքում՝ բարեկամություն ու ընկերություն կիսելու համար այս պատշաճ վայրում, ուրախությամբ ենք նշում մեր նախագահի և գործադիր թիմի այցը։ Նրանց ներկայությունն ընդգծում է այս պահի կարևորությունը», – իր ողջույնի խոսքում ասաց ՀԲԸՄ Վալանսի նախագահ Գրիգորի Մանուկյանը:

Ֆրանսիա այցի վերջին ուղղությունը Լիոնն էր։ Այն սկսվեց ՀԲԸՄ Ֆրանսիայի վաղեմի գործընկեր «Բուլուկյան» հիմնադրամի հետ հանդիպումով՝ նախագահ Ժան-Պիեռ Կլավերանի գլխավորությամբ։ Այնուհետև պատվիրակությունը հավաքվեց Ալեք Մանուկյան մշակույթի կենտրոնում ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի, ԵԱ Լիոնի և ՀԲԸՄ Վիենի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համայնքային ջանքերն ու առաջնահերթությունները։ Քննարկման թեմաներն էին՝ ՀԲԸՄ Վիենի շաբաթօրյա դպրոցը և ՀԲԸՄ Լիոնի մասնակցությունը ուսանողնորին ՀԲԸՄ ավարտական մասնագիտական պրակտիկայով ապահովելու ծրագիրն իրագործելու գործում։  Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը հաջորդեց համայնքային ընդունելությունը, որին մասնակցեցին Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, համայնքի անդամները և տեղի ղեկավարները։ Ինչպես նշեց ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի նախագահ Տաթև Սեդրակյանը՝ «Այստեղ՝ Լիոնում, մենք խոստացանք, որ կտարածենք և կփոխանցենք մեր մշակույթը հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի բացենք նոր դռներ, կառուցենք կամուրջներ և վառ պահենք մեր ինքնության կրակը»։

Նախագահ Սիմոնյանը՝ ՀԲԸՄ Վալանսի և ԵԱ Վալանսի ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ մշակույթի կենտրոնում։

Այցելություն Ժնև

Նախագահական շրջագայության վերջին երկօրյա այցը ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի, ՀԲԸՄ ԵԱ Ժնևի և ՀԲԸՄ ԵԱ Ցյուրիխի անդամների հետ էր: Կենտրոնական վարչության անդամ և ՀԲԸՄ հիմնադրամի նախագահ Վահե Գաբրաշը և Կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ և ՀԲԸՄ հիմնադրամի ատենադպիր Կամիլիո Ազուզը կազմակերպել էին ընթրիք, որին ներկա էին համայնքի հարգարժան անդամներ, այդ թվում՝ ՀԲԸՄ հիմնադրամի փոխնախագահ Ժան Ալթունյանը և ՀԲԸՄ Շվեյցարիայի նախագահ Թալին Ավագյանը:

Քննարկվեց ՀԲԸՄ տեղի համայնքների գործունեությունը: ՀԲԸՄ Շվեյցարիայի հանձնախմբերի նախագահները հանդես եկան ելույթներով, որին հաջորդեցին Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Տեր Գուսան վարդապետ Ալճանյանի ոգեշնչող ելույթները:

Պատվիրակությունը նաև մասնակցեց ՀԲԸՄ Շվեյցարիայի կողմից կազմակերպված և պատմական Սեն-Պիեռ տաճարում անցկացված «Դիմացկայունության համերգ»-ին։

Տպավորություններ և մտորումներ

Վերադարձին նախագահ Սիմոնյանը կիսվեց տպավորություններով՝ «Յուրաքանչյուր քաղաքում մենք տեսանք, թե ինչ եռանդով ու պատրաստակամությամբ են ՀԲԸՄ համայնքները աշխատում՝ ավելի հզոր ապագա կառուցելու համար: Յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր կոմիտե և յուրաքանչյուր անհատ կարևոր դեր ունի մեր կազմակերպության շարունակական հաջողության մեջ: Այս այցելությունները վերահաստատեցին իմ համոզմունքը, որ մեր ամենամեծ ուժը մեր երիտասարդության, անդամների և կամավորների մեջ է: Մենք պետք է շարունակենք մեր երիտասարդության համար ստեղծել լավագույն կրթական հնարավորությունները. նրանք ՀԲԸՄ-ի սիրտն են, ապագան և ժառանգության պահապանները: Նրանց միջև կապերն ամրապնդելով և Հայաստանի հետ կամուրջներ կառուցելով՝ մենք ձևավորում ենք ավելի միասնական և դիմացկուն համաշխարհային հայ համայնք»:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալտնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.arg

ՀԲԸՄ նախագահ Սամ Սիմոնյանը՝ ՀԲԸՄ Լիոնի և ԵԱ Լիոնի ներկայացուցիչների հետ։Photo 8: S. Simonian Touchpoints Tour: London, France and Geneva. Geneva:  Նախագահ Սիմոնյանը ելույթ է ունենում Ժնևում կայացած ընթրիքի ընթացքում

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում