Կյանքից հեռացել է հայկական արմատներով հանրահայտ լեհ կոմպոզիտոր Պենդերեցկու այրին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Էլժբետա Պենդերեցկան

  • 01.11.2025
  • 0
  • 333 Views

Կյանքից հեռացել է հայկական արմատներով լեհ հանրահայտ կոմպոզիտոր Պենդերեցկու այրին՝ Էլժբետա Պենդերեցկան, որը մեծ ներդրում ունի հայ-լեհական մշակութային կապերի ցարգացման գործում։

Դեռեւս 2017 թվականին, ՕՐԵՐ ամսագրում տպագրված մեր հարցազրույցում, Քշիշտոֆ Պենդերեցկին նշում էր, որ կինը՝ Էլժբետան շատ ակտիվ գործունեություն է վարում, հետաքրքրված է երաժշտությամբ եւ շատ է օգնել Լեհաստանում Բեթհովենի փառատոնի հիմնադրմանը եւ անցկացմանը։ Նա երկար տարիներ մասնակցել է Հայաստանում անցկացվող Արամ Խաչատրյանի մրցույթին իբրեւ ժյուրիի անդամ։

Լեհաստանում Հայաստանի դեսպանությունն տիկին Պենդերեցկայի մահվան առիթով հրապարակել է ցավակցական խոսք. «Մենք խորապես վշտացած ենք` լսելով մշակույթի և արվեստի լեհ ականավոր մեկենաս Էլժբիետա Պենդերեցկայի մահվան մասին։

Իր ողջ կյանքի նվիրվածության շնորհիվ նա ուշագրավ ներդրում է ունեցել իր ամուսնու՝ ականավոր կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու ժառանգության պահպանման և տարածման գործում, որի հայկական արմատները հպարտության և ոգեշնչման աղբյուր էին նրա ողջ ստեղծագործական ճանապարհորդության ընթացքում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և սիրելիներին։ Նրա նվիրվածությունը, շնորհը և մշակութային տեսլականը կհիշվեն խորը հարգանքով»։

Ցավակցական խոսք է գրել նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Երեկ կյանքից հեռացավ հարգարժան Էլժբետա Պենդերեցկան։

Տիկին Պենդերեցկայի ծավալած գործունեությունը մեծապես նպաստել է բազմաթիվ մշակութային գործիչների ձևավորմանն ու զարգացմանը՝ դարձնելով նրան Լեհաստանի հպարտությունը։ Միջազգային համապատկերում՝ ներառյալ Հայաստանի, բարձր գնահատականի է արժանի նրա կատարած աշխատանքը։

Նա անգնահատելի ներդրում ունեցավ իր ամուսնու՝ Մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտական ժառանգության պահպանման գործում։ Տիկին Պենդերեցկան բացառիկ մարդ էր, և երաժշտական աշխարհը մեծ կորուստ է կրել Պենդերեցկիների մահով։

Միշտ կհիշվի նրա ջերմությունն ու անկեղծ նվիրումն իր գործին»։

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է Պենդերեցկիների զավակներին եւ հարազատներին։

Օրեր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում