«Հայաստանի հետ կապն ինձ համար ամենակարևորն է». բարիտոն Գրիշա Մարտիրոսյան

  • 31.10.2025
  • 0
  • 552 Views

Բացառիկ հարցազրույց «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրին 

Ինչպես ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 26-ին Սոֆիայում ընթացող Պլասիդո Դոմինգոյի  «Օպերալիա» միջազգային օպերային հեղինակավոր մրցույթում մեր հայրենակից, բարիտոն Գրիշա Մարտիրոսյանն արժանցել է Երկրորդ տեղի մրցանակին եւ Դոմինգոյի հոր անվան՝ Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին։

Բայց 27-ամյա Գրիշա Մարտիրոսյանի համար սա առաջին  հաղթանակը չէր։  Դեռեւս 2019 թվականին Երեւանում  Գոհար Գասպարյանի անվան մրցույթում նա նվաճել է 1ին մրցանակը, 2022 թվականին Իռլանդիայի Դուբլին քաղաքում անցկացված  Վերոնիկա Դան միջազգային մրցույթում արժանացել է երեք մրցանակի՝ 1ին մրցանակ, հանդիսատեսի համակրանք մրցանակ, Joan Sutherland անվան մրցանակ։  2022 թվականին իտալական Միլանի Մագդա Օլիվերոյի անվան մրցույթում արժանացել է  2րդ մրցնակին եւ  հանդիսատեսի համակրանք մրցանակին,  2023 թվականին լիտվական Վիլնյուսի  Վիրգիլիուս Նորեյկայի անվան մրցույթում կրկին արժանացել է 1ին մրցանակին եւ  հանդիսատեսի համակրանք մրցանակին։

 «Օպերալիա» մրցույթից օրեր անց, մեր տաղանդավոր հայրենակիցը սիրով պատասխանեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի գլխավոր խմբագրի հարցերին։

-Հարգելի Գրիշա, նախ կրկին շնորհավորում ենք «Օպերալիայում» փայլուն ելույթիդ  եւ մրցանակների առիթով։  Ի՞նչ ակնկալիքներով մասնակցեցիր այդ մրցույթին եւ որքանո՞վ դրանք իրականացան։

-Շնորհակալ եմ հարցերի և ջերմ շնորհավորանքների համար։ Մրցույթին մասնակցում էի մի հստակ ակնկալիքով և նպատակով՝ անցնել եզրափակիչ փուլ, ինչն ինձ թույլ կտար, որպեսզի իմ ձայնը լսելի դառնա ամբողջ աշխարհի պրոֆեսիոնալներին և ձեռք բերել ավելի մեծ ճանաչում։

Իհարկե, նաև մեծ նպատակ ունեի լինելու հաղթողների ցանկում։ Ուրախ եմ, որ կարողացա պատվով կատարել գործս։ Ակնկալիքներս ոչ միայն իրականացան, այլև գերազանցվեցին, քանի որ կարողացա նվաճել միանգամից երկու մրցանակ.

Օպերային կատեգորիայում արժանացա 2-րդ պատվավոր մրցանակին եւ «Զարզուելա» կատեգորիայում ճանաչվեցի հաղթող։ Այսպիսով՝ կարողացա բարձր պահել Հայաստանի պատիվը միջազգային այդ կարևոր հարթակում։

-Ինչպե՞ս ես գնահատում մասնակցությունդ եւ մրցակիցների կարողությունները։

-«Օպերալիա» մրցույթում մրցակցությունը մշտապես ամենաբարձր մակարդակի վրա է։ Սակայն պետք է նշեմ, որ այս տարի և՛ ժյուրին, և՛ կազմակերպիչները միաբերան նշում էին, որ դիմումների թվով  այն եղել է ռեկորդային մրցույթի ողջ պատմության մեջ, և այս տարվա մրցակցությունն իսկապես  շատ ուժեղ էր՝ համեմատած նախորդ շատ տարիների հետ։

Ընդամենը 32 երգիչ էին ընտրվել մրցույթին մասնակցելու համար, և բնական է, որ այդ 32-ն էլ արդեն իսկ հաղթանակի արժանի, կայացած երգիչներ էին։ Ես ուրախ եմ, որ ժյուրիի դերում չեմ, քանի որ ընտրություն կատարելը, վստահ եմ, շատ դժվար էր։

Ելնելով այս ամենից՝ հաշվի առնելով մրցույթի աննախադեպ մակարդակն ու ուժեղ մրցակցությունը, մասնակցությունս գնահատում եմ շատ լավ:

Բնական է փորձերի ժամանակ շփվել ես Պլասիդո Դոմինգոյի հետ։ Ինչպիսի՞ն էր նրա վերաբերմունքը, խորհուրդներ տալի՞ս էր։

-Հանդիպել և աշխատել նման կենդանի լեգենդի հետ իսկապես մեծ պատիվ և երջանկություն է։ Պլասիդո Դոմինգոն շատ ջերմ և բարեհամբյուր էր շփվում բոլորիս հետ։ Նրա մոտեցումը ոչ թե մեծության զգացում էր հաղորդում, այլ՝ գործընկերության։ Մրցույթի ընթացքում ես ունեցա բացառիկ հնարավորություն՝ Զարզուելան կատարել նրա դիրիժորությամբ։

Փորձերի ընթացքում ես մտածում էի. մի՞թե սա երազ է, թե՞ իրոք այս ամենն ինձ հետ է կատարվում։ Նրա աջակցությունը մեծապես նպաստեց իմ հաջողությանը «Զարզուելա» անվանակարգում:

-«Օպերալիան» բնական է առաջին մրցույթը չէր, որին մասնակցում էիր։ Բազմաթիվ միջազգային մրցույթներից արդեն պատվավոր մրցանակներ ունես։ Ինչո՞վ էր այն տարբերվում մյուսներից եւ ի՞նչ հնարավորություններ է բացում ստեղծագործական առումով։

-Այո՛, ես ուրախ եմ, որ մինչ «Օպերալիա»-ն ունեցել եմ միջազգային լուրջ մրցույթներում հաջողության հասնելու փորձ։ Սակայն այս մրցույթն ունի բացառիկ կարևորություն։

Այն տարբերվում էր նրանով, որ «Օպերալիան» օպերային ասպարեզի ամենախոշոր և ամենահեղինակավոր մրցույթն է, այն կարծես մեր ոլորտի օլիմպիական խաղերը լինի։ Այստեղ չկա ուղղակի մրցանակաբաշխության էֆեկտ։

Ամբողջ աշխարհի օպերային դաշտի ամենակարևոր երաժիշտները, գործակալները և թատրոնների տնօրենները ուշի-ուշով հետևում են այս մրցույթին։ Այն ուղղակի ուղետոմս է դեպի մեծ ասպարեզ։ Հաջողված ելույթների դեպքում, հատկապես մրցանակներ նվաճելու դեպքում, այն բացում է այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ են տալիս քո ձայնը և արվեստը ներկայացնել աշխարհի առաջատար օպերային բեմերում։ Սա նոր, ավելի մեծ ստեղծագործական ճանապարհի սկիզբ է։

-Տարբեր թատրոններում ելույթների առաջարկներ արդեն եղե՞լ են, թե այդ ամենը որոշում է քո գործակալությունը՝ MK Impresari-ին։

-Այո՛, արդեն իսկ ստացվել են շատ կարևոր և սպասված առաջարկներ աշխարհի տարբեր թատրոններից, որոնք դեռևս քննարկման փուլում են, և մենք ակնկալում ենք, որ դրանք դեռ կշարունակվեն։

Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը, ապա պետք է նշեմ, որ իմ գործակալության՝ MK Impresari-ի և հատկապես իմ գործակալ Կատյա Դելեուի հետ ունենք միասնական մոտեցում։ Չկա միակողմանի որոշում. մենք միասին ենք քննարկում յուրաքանչյուր առաջարկ, հասկանում, թե որ տարբերակներն են ավելի ճիշտ և ռազմավարական իմաստով նպատակահարմար իմ մասնագիտական այս փուլի համար։ Դա թույլ է տալիս, որպեսզի իմ կարիերան զարգանա առավել ճիշտ և հետևողական ճանապարհով։

-Ի դեպ, մրցույթում Ֆիգարոյի արիայի կատարումդ սոցիալական ցանցերում արժանացել է բազմաթիվ դրական գնահատականների։ Ինքդ որքանո՞վ ես նման այդ կերպարին եւ ո՞ր դերերգերն են քեզ համար ավելի հոգեհարազատ։

-Ֆիգարոն իսկապես իմ ռեպերտուարի ամենասիրելի դերերգն է, և ես ինձ շատ եմ նմանեցնում այդ կերպարին։ Ես անչափ սիրում եմ բուֆֆա օպերաները, քանի որ դրանք ինձ թույլ են տալիս ավելի գունեղ ու վառ զարդարել դերերը և հանդիսատեսին պարգևել ժպիտ և ուրախություն։

Բացի Ֆիգարոյից, ես շատ եմ սիրում կատարել նաև Մարչելլոյի դերերգը Պուչինիի «Լա Բոհեմ» օպերայում, որտեղ միահյուսված են թե՛ կատակերգությունը, թե՛ ռոմանտիզմը։ Ինձ հոգեհարազատ են այն բոլոր դերերը որոնք ցույց են տալիս կյանքի բոլոր գույները՝ պահանջելով դերասանական ճկունություն և վոկալ-տեխնիկական վարպետության լայն շրջանակ։

Երևանի Կոմիտասի կոնսերվատորիա, Շոտլանդիա, ապա Ֆլորենցիա, իսկ վերջին տարիներին Լոնդոնի Թագավորական օպերային թատրոն… Ուսումնառության և առաջին աշխատանքային տարիները որքանո՞վ ազդեցին իբրև երգիչ կայացման վրա և որ երկրում ի՞նչն էր ավելի ուսանելի

-Իմ կարիերայի այս ճանապարհը՝ Երևանից մինչև Լոնդոնի Թագավորական թատրոն, լի է եղել բազմաթիվ փորձառություններով։

-Ամեն փորձառություն յուրովի օգտակար էր ինձ համար և նպաստեց իմ կայացմանը։ Շոտլանդիան, Ֆլորենցիան և Լոնդոնն ինձ տվեցին միջազգային ասպարեզի անհրաժեշտ գիտելիքներ, տարբեր մշակույթների հետ ծանոթություն և պրոֆեսիոնալիզմի բարձրագույն դասեր։

Սակայն պետք է հատուկ շեշտեմ, որ այս ամբողջ ճանապարհը սկսելու և հաջողությամբ զարգացնելու համար ամենակարևորն ամուր հիմքն է։ Ես շատ շնորհակալ եմ, որ մինչև արտերկրում վերապատրաստվելը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ունեցել եմ երկար տարիների քրտնաջան աշխատանք իմ սիրելի դասախոս, պրոֆեսոր Արնոլդ Քոչարյանի դասարանում։ Առանց այդ կարևոր խորհուրդների և դրված ամուր հիմքի՝ դժվար կլիներ արտերկրում զարգացնել տվյալներս և հասնել այսպիսի հաջողությունների։ 

-Մի առիթով ասել ես, որ Ֆլորենցիայում անցկացրած ուսանողական տարիները ամենաերջանիկն էին։ Ի դեպ, իտալական վարժ ու համարձակ  երգեցողությունը զգացվում էր քո ձայնի մեջ։ Ի՞նչն էր այդքան առանձնահատուկ Ֆլորենցիայում։

-Ֆլորենցիան ինքնին արվեստով լի քաղաք է, այն կարծես բաց երկնքի տակ գտնվող թանգարան լինի։ Այնտեղ ամեն բան ոգեշնչող էր և նպաստում էր որպես արվեստագետ զարգանալուն։

Ֆլորենցիայում ես աշխատել եմ շատ կարևոր մասնագետների հետ, սովորել լեզուներ և ստացել անգնահատելի գիտելիքներ, որոնք ինձ օգնեցին գտնել իմ գեղարվեստական ինքնությունը և ձևավորել իմ կատարողական ոճը, որի մեջ զգացվում է իտալական ավանդույթը։

Բացի ուսումնառությունից, Ֆլորենցիայում անցկացրած տարիները կարևոր էին նաև կարիերայի համար.  Իտալիայում ես մասնակցեցի և հաղթեցի երեք խոշոր մրցույթներում, որոնք եղան մեծ ցատկահարթակ իմ հետագա միջազգային ճանաչման և կարիերայի համար։ Այդ տարիներն իսկապես երջանիկ էին և որոշիչ։

-Ապագադ ինչպե՞ս ես պատկերացնում՝ շարունակել եվրոպական թատրոններում ելույթները, թե՞ վերադառնալ Հայաստան եւ այնտեղից մեկնել հյուրախաղերի։

-Այս պահին իմ մասնագիտական զարգացման տեսանկյունից ավելի ճիշտ է շարունակել եվրոպական թատրոններում ելույթները։ Հատկապես, որ հիմա  բնակվում եմ Լոնդոնում և մտադրություն ունեմ դեռևս մի քանի տարի մնալ այստեղ:

Բայց հետագայում չի բացառվում  Հայաստան վերադարձը։ Իհարկե, ես մեծ հույս ունեմ և ցանկանում եմ շարունակաբար ներկայանալ հայ հանդիսատեսի առջև և Հայաստանից մեկնել հյուրախաղերի։ Հայաստանի հետ կապը ինձ համար ամենակարևորն է, և ես անպայման կփնտրեմ այդ հնարավորությունները։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում