Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ

  • 20.10.2025
  • 0
  • 92 Views

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.

«Գյումրիի հպարտ ու արդար ժողովուրդ,

Ժամանակն է կանգնելու մեր քաղաքի և մեր արժանապատվության կողքին։ Այս պահին քաղաքապետարանում ընթանում են գործողություններ, որոնք ուղղված են քաղաքապետին հեռացնելու։ Բայց պետք է հասկանանք՝ սա միայն մեկ մարդու մասին չէ․ սա վերաբերում է ողջ քաղաքի անկախությանը։

Պետությունը չպետք է խախտի Գյումրիի ինքնուրույնությունը։ Մենք՝ գյումրեցիներս, պարտավոր ենք պահպանել մեր քաղաքապետին ընտրելու և պաշտպանելու իրավունքը։

Միացե՛ք, խոսե՛ք, մի՛ լռեք։ Գյումրին ուժեղ է իր ժողովրդի շնորհիվ»: Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի մոտ ժամեր շարունակ լարված իրավիճակ էր։ Մի քանի անգամ իրավիճակը թեժացել է ոստիկանական ուժերի և հավաքված քաղաքացիների միջև՝ հրմշտոց, ծեծկռտուք։ Ոստիկանները նաև բիրտ ուժ են կիրառել քաղաքացիների նկատմամբ, կան բերման ենթարկվածներ։

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պնդեց, թե ոստիկանությունը ոչ թե բիրտ, այլ համարժեք ուժ է կիրառել։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։…Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:

Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։ news.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում