Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը Վինսենթ Ռոշին

  • 16.10.2025
  • 0
  • 126 Views

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Փաշինյան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, գործադիր մարմնի անդամներ, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ:

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Վինսենթ Ռոշին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և  նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մեր մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում:

 Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշն, խոսելով իր մասնագիտական ուղու մասին, նշեց, որ մանկուց հիացել է բնության կառուցվածքով ու օրենքներով, որոնք կառավարում են աշխարհը։ 

«Ես հիանում էի բնական աշխարհի հատկություններով. այդ հետաքրքրասիրությունն էր, որ ինձ մղեց նոր գիտելիքներ որոնելու։ Երիտասարդ հասակում կանգնած էի ընտրության առաջ՝ շարունակե՞լ նախնիներիս ճանապարհը, թե՞ փնտրել  նոր հորիզոններ։ Իմ  ճամփորդությունը դժվար էր, որովհետև ես տեղյակ էի տեխնոլոգիական  զարգացումներից, որոնք դեռ նոր-նոր էին մուտք գործել Իռլանդիայի տնտեսություն: Այս ոլորտի ապագան դեռևս պարզ չէր, և դա ակնհայտ ընտրություն չէր, բայց ես զգում էի, որ այս նոր ոլորտը հնարավոր է նոր դռներ բացի»,- ասաց նա։

Ռոշի խոսքով՝ այն տարիներին, երբ Իռլանդիայում տեխնոլոգիական արդյունաբերությունը նոր էր ձևավորվում, ինքը որոշեց ուսումնասիրել էլեկտրական ինժեներիան՝ քայլ, որը փոխեց իր կյանքի ուղղությունը։ «Այդ որոշման հիմքում ոչ միայն ամբիցիան էր, այլև նոր հնարավորությունների հանդեպ բաց լինելը։ Ինժեներիան Իռլանդիայի կանաչ դաշտավայրերից ինձ տարավ դեպի Սիլիկոնային հովիտ»,-ընդգծեց նա։ 

Վինսենթ Ռոշը նշեց, որ տեխնոլոգիական առաջընթացը շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր նոր սերունդ կառուցում է նախորդների ձեռքբերումների վրա։ «Հիշենք 60-70-ականների համակարգիչները, 90-ականների նորարարությունները, 2000-ականների ամպային տեխնոլոգիաները։ Այսօր մենք ապրում ենք արհեստական բանականության դարաշրջանում, որը խոստանում է վերափոխել մարդկության ապագան»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ ներկայում արհեստական բանականության զարգացումը գտնվում է առաջին սերնդի փուլում, որը հիմնված է տվյալների կենտրոնների, հզոր կիսահաղորդչային հարթակների և ալգորիթմների վրա։ 

Սակայն, ինչպես նշեց Ռոշը, աշխարհն աստիճանաբար անցում է կատարում դեպի երկրորդ սերունդ՝ ֆիզիկական բանականության փուլ, որտեղ արհեստական բանականությունը կսկսի փոխազդել իրական աշխարհի հետ։

«Այս նոր փուլը փոխելու է առողջապահության, ռոբոտաշինության և մի շարք այլ ոլորտները։ Դա պահանջում է նոր մտածողություն, որովհետև երկրորդ սերունդը չի կարող պարզապես կրկնել առաջինի գործառույթները. այն լիովին նոր երևույթ է իր նպատակներով ու հնարավորություններով»,- ընդգծեց նա։

Ռոշը նշեց, որ իր կազմակերպությունում նոր տեխնոլոգիաների փնտրտուքը իրենց առաջ է մղել ավելի քան 60 տարի։ «Մենք թվային ֆիզիկայի օրենքների աշխարհը վերածում ենք թվային աշխարհի՝ փորձելով սանձահարել կիսահաղորդիչների տեխնոլոգիան։ Արհեստական բանականությունն այսօրվա կյանքի վրա շատ տարբեր  ձևերով է աշխատում, ինչը մենք հաճախ չենք տեսնում, բայց ամեն օր  հիմնվում ենք դրա վրա»,- ասաց նա:

Ռոշը հավելեց, որ ապագայի տեխնոլոգիաները պետք է միտված լինեն մարդկային կյանքի որակի բարելավմանը։ 

«Արհեստական բանականությունը պետք է ծառայի մարդուն՝ օգնելով հասկանալ և փոխել աշխարհը դեպի լավը։ Սա այն ուժն է, որը կարող է լուծել մեր ժամանակի ամենախոշոր մարտահրավերները՝ կլիմայական փոփոխություններից մինչև կենսատեխնոլոգիական խնդիրներ», ասաց նա:

Analog Devices-ի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ գիտությունը և տեխնոլոգիան այսօր ավելի քան երբևէ կարող են դառնալ մարդկության զարգացման շարժիչ ուժը։ «Մենք կանգնած ենք նոր տեխնոլոգիական հեղափոխության շեմին։ Գիտությունը մեզ տալիս է այն հնարավորությունը, որին նախկինում չէինք տիրապետում՝ արագ արձագանքելու և խելացի որոշումներ կայացնելու համար»,-եզրափակեց Վինսենթ Ռոշը։ 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1232103

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում