Հայաստանը գույներով՝ ճանապարհ, որ միավորում է իսպանական Տեներեֆեն և Հայաստանը

  • 13.10.2025
  • 0
  • 158 Views

Կանարյան կղզիներում բնակվող դասական երգիչ և լրագրող Դավիթ Հովհաննիսյանը, համատեղելով իր մշակութային նախաձեռնությունները Տեներեֆեի իշխանությունների հետ, կազմակերպում է Հայաստանի մշակույթի ամիս, որը նվիրված է հայկական արվեստին, պատմությանը և խոհանոցին։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել Հայաստանի և Կանարյան կղզիների մշակութային կապը։

Ինչպես հայտնում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին՝ «Հայաստանը գույներով» ցուցահանդեսով, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 16-ը՝ «Túnel del Arte» ցուցասրահում։ Ցուցահանդեսում կներկայացվեն նշանավոր հայ արվեստագետների գործեր, այդ թվում՝ Կարեն Սմբատյան, Ալեքսանդր Գրիգորյան, Վարուժան, Աղասի (Բողոս Թասլաքյան), Շմավոն Շմավոնյան, Գայանե Մանուչարյան, Բոգդան Հովհաննիսյան, Արմեն Ղազարյան, Տիգրան Բարխանաջյան, Սամվել Հարությունյան, Լիլիթ Մանարյան, Արմեն Աթանյան, Արև Պետրոսյան և պրոֆեսոր Լևոն Հարությունյան։

Ամբողջ ամսվա ընթացքում Տեներեֆեն կդառնա երկու հին քաղաքակրթությունների հանդիպման վայր՝ իր բազմազան ծրագրով, որը ներառում է ոչ միայն ցուցահանդեսներ, այլև «Հայաստանի համը»՝ հայկական ավանդական խոհանոցին նվիրված գաստրոնոմիական փորձառություններ, «Հայկական կինո»՝ ֆիլմերի ցուցադրությամբ, որը կներկայացնի Մոնսերատ Կաբալյեի այցը Հայաստան և Արցախ՝ փաստագրական երաժշտական ֆիլմով, հայկական կոնյակի և գինու դեգուստացիա, ինչպես նաև դասախոսություններ, հանդիպումներ և մշակութային քննարկումներ արվեստագետների, գիտնականների և իսպանահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախագիծը իրականացվում է «La Voz Armenia» ամսագրի մասնակցությամբ, որը կներկայացնի և կարձանագրի բոլոր միջոցառումները։ Նախաձեռնության գլխավոր նպատակը Հայաստանի և Կանարյան կղզիների միջև մշակութային կամուրջների ամրապնդումն է՝ արվեստի, ստեղծագործության և ընդհանուր պատմության միջոցով։

Հայաստանի մշակույթի ամիսը Տեներեֆեում հրավիրում է կղզու բնակիչներին և այցելուներին վայելել գույների և ավանդույթների աշխարհը, որն արտացոլում է հայկական հոգու էությունը։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում