Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության բացման արարողությունը Փարիզում

  • 11.10.2025
  • 0
  • 787 Views

Հոկտեմբերի 9-ին Փարիզի mk2 կինոթատրոնում ժամանակակից հայկական կինոյի ականավոր ներկայացուցիչ, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի ներկայությամբ մեկնարկեցին վերջինիս ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։

Ժամանակակից արվեստների Պոմպիդու կենտրոնի և Վավերագրական կինեմատոգրաֆիայի սինեմատեքի նախաձեռնությամբ շուրջ երկու ամիս շարունակ mk2 կինոթատրոնում կցուցադրվեն կինոռեժիսորի մի շարք ստեղծագործություններ, որոնց թվում՝ «Բանաստեղծի վերադարձը», «Սահման», «Վերադարձ դեպի խոստացված երկիր», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և այլն ֆիլմերը։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հետահայաց ցուցադրությունների մեկնարկի կապակցությամբ Պոմպիդու կենտրոնի կողմից կազմակերպված հանդիսավոր արարողությանը ներկա էին և ելույթով հանդես եկան դեսպան Արման Խաչատրյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Վավերագրական կինեմատոգրաֆիայի սինեմատեքի նախագահ Ժյուլի Բերտուչելին և Պոմպիդու կենտրոնի մշակութային զարգացման և կինոյի դեպարտամենտի ղեկավար Էմանուելա Պայենը։ Հետահայաց ցուցադրության հարուստ ծրագիրը մշակվել և կազմավել է Օլիվիա Կուպեր-Հաջյանի կողմից։

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն հայտնեց Պոմպիդու կենտրոնին և Վավերագրական կինեմատոգրաֆիայի սինեմատեքին՝ մեծանուն կինոռեժիսորի հեղինակած գործերը ֆրանսիացի հազարավոր հանդիսատեսին ներկայացնելու բացառիկ հնարավորության համար։

Հանդիսավոր արարողությանը հաջորդեց ռեժիսորի լավագույն գործերից մեկի՝ «Բանաստեղծի վերադարձը» ֆիլմի ցուցադրությունը։

Ցուցադրությունների ամբողջական ծրագիրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://agenda.bpi.fr/cycle/harutyun-khachatryan/

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում