Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։
Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։
Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։
Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:

Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում և ընդգծել Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:
Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերը մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգում և կարևորել Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին ու ՄԻԵԴ-ին, ինչը հանդիսանում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հիմնասյուներից մեկը։
Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով դրանց նպատակային ուղղվածությունը՝ արդարադատության համակարգի անկախություն, արդյունավետություն և հաշվետվողականության բարձրացում։
Մատիաս Գիյոմարը դրական է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Նա վերահաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառմանն առնչվող հարցեր և անդրադարձել արդարադատության համակարգի կայացման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։




