ԴԻՄՈՒՄ
Մենք՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, գործելով Արցախի՝ բռնի տեղահանված և իրենց բնօրրանից զրկված բնակիչների անունից, հղում ենք սույն հրատապ դիմումը ԵԱՀԿ գործող նախագահին, բոլոր անդամ պետություններին, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին։ Խոր մտահոգություն ու վճռական բողոք ենք հայտնում Մինսկի գործընթացի լուծարմանն ուղղված զարգացումների վերաբերյալ լուրերի կապակցությամբ:
Որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաստատված կողմ՝ մենք ընդգծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը չի կարող դիտարկվել որպես հակամարտության արդար և համապարփակ կարգավորում։ Այն ամբողջովին անտեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները՝ առհասարակ դուրս թողնելով նրան բանակցություններից և կարգավորման գործընթացից։ Եթե ԵԱՀԿ անդամ պետությունները, այնուամենայնիվ, որոշեն համաձայնեցնել իրենց քայլերը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ մոտեցման հետ և գնալ Մինսկի գործընթացի լուծարմանը, ապա մենք, ամենայն հարգանքով, ԵԱՀԿ և նրա անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ ցանկացած նմանատիպ որոշում կայացնելիս անհրաժեշտ է խստորեն առաջնորդվել Կազմակերպության ընթացակարգային կանոններով։ Մասնավորապես, հարկ է հիշեցնել, որ Մինսկի գործընթացի ստեղծման, հետևաբար նաև լուծարման լիազորությունը պատկանում է բացառապես ԵԱՀԿ անդամ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ որպես Կազմակերպության որոշումներ կայացնող բարձրագույն մարմին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված, իսկ բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցը՝ չլուծված։
Մինսկի խմբի համանախագահությունը, որպես Մինսկի գործընթացի հիմնական մարմին, ստացել էր մանդատ՝ խաղաղ բանակցությունների միջոցով հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և արդար կարգավորմանը։ Միայն միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված լուծումը կարող է ծառայել որպես օրինական հիմք Մինսկի գործընթացի և նրա կառույցների գործունեության դադարեցման համար։ Մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը հիմա ներկայացվում է որպես հակամարտության լուծում, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման հետևանք։ Այդ ուժը դրսևորվեց լայնածավալ ռազմական ագրեսիայով, որը սանձազերծվեց 2020 թ. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և ավարտվեց Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմամբ։
2020 թ․ ռազմական գործողություններից և հատկապես 2023 թ․ սեպտեմբերին բնակչության բռնի տեղահանումից ու Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիայից հետո Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները բանակցում էին խիստ գաղտնի պայմաններում։ Այդ ամբողջ գործընթացի ընթացքում Լեռնային Ղարաբաղի որևէ ներկայացուցիչ՝ ո՛չ ընտրված պաշտոնյաները, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն չունեցան մասնակցել բանակցություններին կամ գոնե արտահայտել իրենց դիրքորոշումը։
Լիովին դուրս մնալով այդ գործընթացից՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու լայն հանրությունը համաձայնեցված տեքստին ծանոթանալու հնարավորություն ունեցան միայն 2025 թ․ օգոստոսի 11-ին՝ դրա հրապարակման պահին։ Այն ժամանակ ակնհայտ դարձավ, որ համաձայնագրի նախագծում բացակայում են այնպիսի հիմնարար դրույթներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակին, բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի երաշխիքներին և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներից պաշտպանության միջոցներին։ Ընդհակառակը, տեքստում հստակ նշվում է, որ Կողմերը համաձայնում են հետ կանչել, մերժել կամ այլ կերպ դադարեցնել իրենց միջև առկա բոլոր միջպետական պահանջները, բողոքները, բողոքարկումները, դատավարությունները և վեճերը։
Հետագայում Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում՝ պայմանով, որ Հայաստանը կկատարի լրացուցիչ պահանջներ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ տեքստում բացակայում են դրույթներ, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Իսկ օգոստոսի 18-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե արցախահայերի վերադարձը «իրատեսական չէ» և այդ հարցի քննարկումն իսկ կարող է սպառնալ խաղաղությանը։
Այս իրադարձությունները վկայում են, որ Արցախի կարգավիճակին և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնարար հարցերը մնում են չլուծված և պետք է դառնան առանձին միջազգային կարգավորման առարկա։ Քանի դեռ գոյություն չունի միջազգային լեգիտիմությամբ օժտված նոր մեխանիզմ ստեղծելու որևէ իրական հեռանկար, Մինսկի գործընթացը մնում է վերջին գործող ինստիտուցիոնալ կառույցը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հույսի վերջին աղբյուրը։
Մինչ օրս շոշափելի արդյունքների բացակայությունը չի կարող մեկնաբանվել որպես Մինսկի խմբի միջազգային մակարդակով ճանաչված մանդատի ավարտ կամ նրա գործունեության իրավական հիմքերի կորուստ։ Ընդհակառակը, Մինսկի խմբի և նրա հետ կապված կառույցների պահպանումը, որպես ԵԱՀԿ օրինական մեխանիզմներ, մնում է միակ երաշխիքը, որ խաղաղ գործընթացը կշարունակվի միջազգային իրավունքի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում, այլ ոչ թե ապօրինի ուժի կիրառման կամ միակողմանի քաղաքական հարկադրանքի միջոցով։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն և նրա անդամ պետությունները Արցախի ողջ հայկական բնակչության բռնի արտաքսումը չեն դիտարկի որպես հակամարտության «կարգավորում» կամ Մինսկի խմբի լուծարման հիմք։ Նման քայլը ոչ միայն կնշանակեր խաղաղ և արդար կարգավորմանն ուղղված մանդատի կատարման ձախողում, այլև Արցախի հայերի դեմ իրականացված էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների լեգիտիմացման վտանգ կստեղծեր։ Նման որոշումը կարող է մեկնաբանվել միայն որպես հանցակցություն, ինչը բացարձակապես անհամատեղելի է ԵԱՀԿ և նրա անդամ պետությունների սկզբունքների ու պարտավորությունների հետ։
Թյուրիմացություններից խուսափելու համար ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չպետք է կախված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացից։ Թեև երկու պետությունների հարաբերությունների կարգավորումը կարևոր է, այն չի կարող փոխել հակամարտության էությունը։ Մինսկի խումբը հատուկ ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը ծագեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու փորձերի պատճառով։ Հարկ է հիշեցնել, որ Մինսկի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր որպես հակամարտության լիիրավ կողմ, և այդ կարգավիճակը հաստատվել էր ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորմանը միտված բանակցային կառույցների գոյությունը չի կարող և չպետք է դիտվի որպես խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար։ Ընդհակառակը, դրանց պահպանումը ամուր հիմք է ապահովում կայուն խաղաղության, միջազգային նորմերի պահպանման, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար։
Մինսկի գործընթացի դադարեցումը գտնվում է բացառապես ԵԱՀԿ գագաթնաժողովի իրավասության ներքո
Եթե ԵԱՀԿ գործող նախագահը և անդամ պետությունները, այնուամենայնիվ, որոշեն անտեսել Կազմակերպության սկզբունքները և փաստորեն հավանություն տալ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը (ինչպես այն բնորոշեց հենց Եվրոպական խորհրդարանը), ապա մենք կոչ ենք անում գոնե խստորեն պահպանել ԵԱՀԿ ընթացակարգային կանոնները։ Դրանց համաձայն՝ հարցը պետք է պատշաճ կերպով փոխանցվի միակ լիազորված մարմնին՝ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին՝ քննարկման և վերջնական որոշման ընդունման համար։
ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի գործընթացի կենտրոնական ինստիտուտներից մեկը։ Այն ի սկզբանե ստեղծվել էր որպես օժանդակ մարմին՝ Մինսկի խաղաղության համաժողովի կազմակերպման համար, իսկ նրա նպատակներն ու խնդիրները հետագայում հաստատվել են ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ։ Վերջինս նաև հիմնել է Մինսկի խմբի համանախագահությունը և Բարձր մակարդակի պլանավորման խումբը։ Այդպիսով Մինսկի խմբի համանախագահությունը դարձել է այն հիմնական մարմինը, որին պատասխանատվություն է վերապահվել՝ օժանդակելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մինչդեռ Բարձր մակարդակի պլանավորման խումբը ստացել էր հանձնարարություն՝ մշակելու առաջարկություններ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության հնարավոր ծավալման վերաբերյալ:
Հետևաբար, Մինսկի գործընթացի ինստիտուտները՝ Մինսկի խմբի համանախագահությունը, Մինսկի խումբը և Բարձր մակարդակի պլանավորման խումբն ուղղակիորեն ստեղծվել կամ էլ ակնհայտորեն հաստատվել են ԵԱՀԿ որոշում կայացնող բարձրագույն մարմնի՝ գագաթնաժողովի կողմից։
Այս ինստիտուցիոնալ կառույցը լրացուցիչ պաշտպանված է ԵԱՀԿ ընթացակարգային կանոններով։ IV.1 բաժնի 9-րդ կետը սահմանում է. «Ցանկացած որոշում կարող է փոփոխվել կամ չեղարկվել այն մարմնի կողմից, որն ընդունել է տվյալ որոշումը, եթե միայն այդ մարմինը հստակ չի նշել, որ ստորադաս մարմինը կարող է փոփոխել կամ չեղարկել այն»։ Այստեղից հետևում է, որ քանի որ Մինսկի գործընթացի կառույցների ստեղծումը ԵԱՀԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի որոշումն էր, դրանց ցանկացած փոփոխություն կամ լուծարում գտնվում է բացառապես նույն մարմնի իրավասության ներքո։ Բուդապեշտի գագաթնաժողովն այդ լիազորությունները չի փոխանցել ստորադաս մարմիններին, օրինակ՝ Նախարարների խորհրդին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մանդատ ստացած ԵԱՀԿ մեխանիզմների լուծարման ցանկացած փորձ՝ առանց գագաթնաժողովի գումարման, ոչ միայն ԵԱՀԿ ընթացակարգային կանոնների կոպիտ խախտում է, այլև Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքների քայքայում։ Նման քայլը լրջորեն կխարխլի ԵԱՀԿ որոշումների կայացման համակարգի լեգիտիմությունը և այն կփոխարինի վաղանցիկ շահ հետապնդող քաղաքական մանևրերով՝ ի վնաս միջազգային իրավունքի և տուժած բնակչության իրավունքների։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ԵԱՀԿ գործող նախագահին և բոլոր անդամ պետություններին առաջնորդվել Կազմակերպության ընթացակարգային կանոններով և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներով և վճռականորեն հանդես գալ ցանկացած նախաձեռնության դեմ, որը միտված է Մինսկի գործընթացի դադարեցմանը և ԵԱՀԿ շրջանակում գործող կառույցների լուծարմանը, որոնք ստեղծվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։
Նախարարների խորհրդի կողմից այդ կառույցների լուծարումը կնշանակի ոչ միայն ԵԱՀԿ ընթացակարգային կանոնների լուրջ խախտում, այլ նաև գործնականում կդիտվի որպես Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման լեգիտիմացում։ Նման քայլը կխարխլի Կազմակերպության հեղինակությունը, կստեղծի խոր ինստիտուցիոնալ ճգնաժամի վտանգ և կասկածի տակ կդնի հենց ԵԱՀԿ կայունությունը։
Ավելին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությանը փաստացի հավանություն տալը կձևավորի չափազանց վտանգավոր նախադեպ՝ հղելով ուղերձ, որ ԵԱՀԿ տարածքում և դրա սահմաններից դուրս հակամարտությունները կարող են լուծվել ոչ թե երկխոսության, բանակցությունների և փոխզիջումների միջոցով, այլ՝ ուժի ապօրինի կիրառման, էթնիկ զտումների և նույնիսկ ցեղասպանության։ Նման ելքը կտրականապես կհակասի այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է ԵԱՀԿ-ն և ընդհանուր առմամբ կխարխլի վստահությունը միջազգային համակարգի նկատմամբ։
orer.eu



