Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք. Իրանի նախագահ – Երեւանում ստորագրվել են պայմանագրեր

  • 19.08.2025
  • 0
  • 227 Views

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:  Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի շրջանակում հնչել են Հայաստանի և Իրանի պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին:

Հաջորդիվ տեղի է ունեցել նեղ կազմով հանդիպում, որից հետո երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ և ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն է, և մենք ուրախ ենք դրա համար։ Մենք արդեն հասցրեցինք հարցերի բավականին լայն շրջանակ քննարկել, և ուրախ եմ արձանագրել, որ իմ տպավորությունն այն է, որ այդ քննարկումների արդյունքում մեր փոխադարձ վստահությունն ավելի է ամրապնդվում։ Կրկին անգամ ողջունում եմ և բարով եք եկել»:

Իր հերթին Մասուդ Փեզեշքիանը նշել է.

«Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար: Ինչպես նշեցիք, քննարկումները շատ կառուցողական էին և ձեռքբերվելիք պայմանավորվածությունները երկուստեք Աստծո կամոք կյանքի են կոչվելու։

Մեր հարաբերությունները պատմական են, շատ մտերիմ, և մեր երկրի, նաև մեր Գերագույն գլխավոր առաջնորդի համոզմունքն այն է, որ այդ հարաբերությունները պետք է լինեն շարունակական և օր-օրի զարգանան։

Մենք միշտ ընդգծել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունելու այդ ամբողջականության խախտումը։ Բարեբախտաբար մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և հուսով եմ, այս քննարկումների և հանդիպումների ընթացքում կկարողանանք ավելի շատ զարգացնել այդ հարաբերությունները»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում  կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:  Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են համատեղ հայտարարություն. երկու երկրների միջև ստորագրվել են այլ փաստաթղթեր ևս

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն:

Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական խորհրդակցությունների մասին» հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի ստանդարտների ազգային կազմակերպության միջև ստանդարտացման, հավատարմագրման, համապատասխանության գնահատման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի միջև:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և  ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սալեհի Ամիրին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության  մշակույթային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջև զբոսաշրջության  բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության  միջև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում 2025–2029 թվականների համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են  ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև քաղաքաշինության և շինարարության ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության սննդի և դեղերի կառավարման վարչության միջև բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի և ՀՀ-ում  ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան  Մեհդի Սոբհանիի  միջև:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը և  ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի ազգային արխիվի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի (ԻԱԳԱ) միջև» փոխըմբռնման հուշագիր:

Ստորագրվել է «Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի միջև» փոխըմբռնման հուշագիր՝  ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի և  ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբիի միջև:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և  ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին ստորագրել են «Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և  ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինոմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումներ և գործընկերային կապերի հաստատում։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է .

«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,

Հարգելի՛ գործընկեր,

Հարգելի՛ ներկաներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:

Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ  կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3:   Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հարգելի՛ գործընկերներ,

 Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի  այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

 Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:

Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:

 Հարգելի՛ ներկաներ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա  խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին:  ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ  կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը  3 մլրդ  դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,-ասել է ԻԻՀ նախագահը:

 Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությունից, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում  երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

Նիկոլ Փաշինյանը  և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները.

Նիկոլ Փաշինյան.  «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ,

Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանին, ով առաջին անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն։ Մեր կառավարությունների միջև հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին։

Անխոս, Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության  հիմքում ընկած է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին։ Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։

Հարգելի ներկաներ,

Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են: Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:

Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։

Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ Հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։

Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։ Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։

Ցանկանում ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր։

Հարգելի գործընկերներ,

Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար։

Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքանչյուրում տարեցտարի  սահմանում ենք նոր հորիզոններ։

Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ, և պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար:

Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը: Համոզված եմ, որ 32 կիլոմետր երկարության ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր երկու պետությունների հերթական հաջողությունը։ Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։

Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է։ Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտվի։ Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։

Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Փեզեշքիան,

Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:

Շնորհակալ եմ»:

Մասուդ Փեզեշքիան. «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  Հայաստանի Կառավարությանը, մեծարգո պարոն Փաշինյանին,  ժողովրդին՝ ջերմ ընդունելության համար: 

Հայաստանը մեր կարևոր հարևաններից է և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին։ Իրանի հայ համայնքի ներկայությունը Իրանում, հատկապես սահմանակից հատվածներում, խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների, ինչպես նաև սահմանների երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին: Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել  է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ:

Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար: Եվ  գտնում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամությունը լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար, ինչպես նաև դեպի զարգացման ուղով շարժվելը։

Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Եվ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը: Գտնում ենք, որ  տարածաշրջանում  ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակը ավելի կբարդացնի:

Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:

Իրանի Իսլամական Հանրապետության  դիրքորոշումը եղել է տարածաշրջանում, Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և  գտնում ենք, որ  այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական  մակարդակի։

Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում:  Երկու երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակութային և առողջապահության, դեղագործության ոլորտում համագործակցության ներուժ ունեն:

Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով, միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: Տարանցիկ երկաթգծի,  ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծմանը:  Դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել։

Եվ մենք նաև ընդգծել ենք սահմանների անվտանգության հարցը:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար:  Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ քաջառողջություն և երջանկություն: Ցանկանում եմ նաև վարչապետին շուտով հյուրընկալել Իրանում»:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում