
Կայացավ ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի միջազգային պրեմիերան Շվեյցարիայի Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնում՝ հանդիսանալով 78-րդ փառատոնի բացման ֆիլմը։ Պրեմիերան տեղի ունեցավ փառատոնի սրտում՝ բացօթյա Պիացցա Գրանդե հրապարակում, շուրջ 8,000 հանդիսատեսի ներկայությամբ։ Միջոցառման բացմանը հայկական ֆիլմի ներկայացումը, միանշանակ, հանդիսանում է մեր կինեմատոգրաֆիայի միջազգային պատմության մեջ բացառիկ իրադարձություն, որն ամրապնդում է Հայաստանի ներկայությունը համաշխարհային հեղինակավոր կինոհարթակներում։ Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է ստեղծագործական ամբողջ կազմին այս հաջողության համար։
Ֆիլմը ստեղծվել է նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ:
Արտադրող երկրներ՝ Ֆրանսիա (La Huit, Pan Cinema), Հայաստան (Visan)
Աջակցությամբ՝ CNC, CFA, EURIMAGES
Մասնակցությամբ՝ Canal+, Cine+ OCS, Pan Distribution, Vuelta Media.
Միջազգային վաճառքի ընկերություն՝ Be For Films
Մեջբերում ֆիլմի պաշտոնական սինոփսիսից.
Սելինը առաջին անգամ գալիս է Հայաստան, իր ամուսնու՝ Արտոյի, մահը գրանցելու նպատակով։ Նա հայտնաբերում է, որ ամուսինը ստել է իրեն, մասնակցել է պատերազմին, յուրացրել ուրիշի ինքնությունը, և նրա նախկին ընկերները նրան դավաճան են համարում։ Սելինի համար սա դառնում է անսպասելի ճամփորդություն դեպի ամուսնու անցյալը՝ սկսած 2020 թվականի պատերազմի վիրավորներից մինչև 90-ականների հաղթական պատերազմի վետերաններ, ու շարունակվող պատերազմի ուրվականներ: Կինն անընդհատ փորձում է հասնել նրա հետևից, բայց ինչպե՞ս թաղել ուրվականին։ Արդյո՞ք հնարավոր է փրկել մեռածներին։
Նման հաջողությունները ամրապնդում են Հայաստանի ներկայությունը համաշխարհային կինոհարթակներում։
Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

Սիրով շնորհավորում ենք մեր գործընկերներին, կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓՆՅԱՆԻՆ, պրոդյուսեր, Հայաստանի կինոգործիչների միության անդամ ԿԱՐԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, ողջ ստեղծագործական կազմին այս փառահեղ պատմական հաջողության համար։
ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՐՏՈՅԻ ԵՐԿԻՐԸ» ֆիլմը, որը շոշափում է մարդկային ճակատագրի նուրբ խնդիրներ, անցնում է Հայաստան-Արցախ-պատերազմ-մարդկային ճակատագրեր շղթայով, ոչ միայն ցուցադրվում է մեծ հեղինակություն վայելող Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում, այլև ընտրվում է որպես փառատոնի բացման ֆիլմ։
Սա Հայաստանի մասին խոսելու, Հայաստանն աշխարհին ներկայացնելու, հայկական կինոն և ընդհանրապես հայկական մշակույթը հանրայնացնելու բացառիկ, անփոխարինելի առիթ է։
Ավանդույթի համաձայն՝ Լոկառնոյի բացման ֆիլմը Պիացա Գրանդե հրապարակում, որը վերածվում է Եվրոպայի ամենամեծ կինթատրոններից մեկի, դիտում է 8 հազար հանդիսական ամբողջ աշխարհից։
Շնորհավորում ենք կրկին ու կրկին ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ֆիլմի ստեղծագործական ողջ կազմին, բոլորիս, Հայաստանին։
Հայաստանի կինոգործիչների միություն.



