Այս տարի ապրիլին իտալական Բարիում լույս է տեսել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի իտալերեն թարգմանությունը՝ Բարիի համալսարանի արաբերենի դասախոս, պրոֆեսոր Գեղամ Բոլոյանի աշխատասիրությամբ։
Մայիսի 27-ին իտալկան Տրիջանոյում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաեւ Հայաստանի Պատվո հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։ Մի շարք ելույթներից զատ, Եվա Պապիկյանն ու Լիլիթ Բաղդասարյանը պոեմից հատվածներ են ընթերցել, իսկ մեցցո սոպրանո Տիցիանա Պորտոգեսը եւ դաշնակահարուհի Աննամարիա Ջիաննելին կատարել են Կոմիտասի ստեղծագործությունները։ Հաջորդ շնորհանդեսը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 9-ին, իտալական Բարի քաղաքի Օրտո Դոմինգո ընկերակցությունում։

Շնորհավորելով պրոֆեսորին, խնդրեցինք պատասխանել ՕՐԵՐ-ի հարցին.
-Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերջերս լույս է տեսել Թումանյանի «Անուշ»ը՝ իտալերեն թարգմանությամբ։ Ինչպե՞ս իրականցրեցիք այդ նախագիծը։
–Ես ուզում էի իտալացի ընթերցողին ծանոթացնել մեր հարուստ հայ գրականության ևս մեկ էջի հետ, այս անգամ մտածեցի գրող, մտավորական և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) և նրա հայտնի «Անուշ» ստեղծագործության մասին, որն արդեն թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և արաբերեն։ Իմ մագիստրոսական ուսանողուհի Կլաուդիա Չարինիի հետ մոտ 6 ամիս արաբերնից թարգմանեցինք իտալերենի, այնուհետեւ ես խմբագրումը կատարեցի հայերեն բնօրինակի հետ համեմատելով, եւ վերջապես հրատարակեցինք իտալերեն տարբերակը։ Իտալական հանրությունը շատ զգայուն է հայկական մշակույթի նկատմամբ։ Գրքի առաջին շնորհանդեսը կատարեցինք մոտ մեկ ամիս առաջ՝ Կոմիտասի երաժշտությանը և Հովհաննես Թումանյանի հետ նրա բարեկամությանը նվիրված երեկոյին, իսկ մի քանի օրից տեղի կունենա «Անուշի» երկրորդ շնորհանդեսը, որի ընթացքում կպատմենք Հայաստանի մասին՝ իտալացի ընկերների կողմից կազմակերպված «Պատմելով Հայաստանի մասին» Պաոլո Լա Նոտտեի լուսանկարչական ցուցահանդեսի շրջանակներում։ Իսկ աշնանը կշարունակենք «Անուշ» գրքի շնորհանդեսը Բարիում և ընդհանրապես Իտալիայում»։

Ավելացնենք, որ Գեղամ Բոլոյանը սիրիահայ է, 1997 թվականից դասավանդում է իտալական Լեչե քաղաքի, իսկ 2000-ից՝ նաեւ Բարի քաղաքի համալսարաններում։ Հռոմի համալսարանում ստացել է արաբերենի եւ իսլամական ուսումնասիրությունների դոկտորի աստիճան։ Հայ մշակույթի և պատմության վերաբերյալ նրա թարգմանությամբ և խմբագրությամբ լույս են տեսել հետեւյալ հրատարակությունները․ Գ.Կ.Ապելյան, «Հարսը։ Քեսաբի հայերի ցեղասպանությունը Սիրիայում», խմբագրություն՝ Raidic Future, 2022։ Հակոբ Բարոնյան, «Մեծապատիվ մուրացկանները» (Stilo, 2019)։ Նորա Արիսյան, «Հայերի ցեղասպանությունը 1915»։ «Սիրիացի արաբ մտավորականների մտքում» (Radici Future, 2018)։ Աղավնի Պողոսյան, «Արյան կանչը։ Հիշողություններ… 1915 թվականի հայերի ցեղասպանությունից» (FALVision, 2012)։
Հ.Ասատրյան
Orer.eu




Հ.Գ. Պրոֆեսոր Բոլոյանի հետ մեր հարցազրույցը կարդացեք ՕՐԵՐ եվրոպական ամսագրի առաջիկա համարում։



