Հունիսի 25-ին Հայաստանում իրականացված զանգվածային ձերբակալությունների արդյունքում կալանավորվեց նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա գտնվում է անազատության մեջ։ Գալստյանի կալանքին է անդրադարձել Շվեյցարիայի Ազգային խորհրդի (ստորին պալատի) պատգամավոր։, Խաղաղության նախաձառնության համաժողովի բանաձեւի հեղինակ Էրիխ Վոնտոբելը։
Նա հրապարակել է Դավիթ Գալստյանի լուսանկարը եւ գրել. «Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալվել է Հայաստանում 2025 թվականի հունիսի 25-ին տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների շրջանակներում և նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա նախնական կալանք։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, չի պաշտպանի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձը։ Ընդհակառակը, նա լռեցնում և բանտարկում է նրանց ներկայացուցիչներին։ Ծնկի գալ Ստամբուլի եւ Բաքվի առջեւ սեփական իշխանությունն ապահովելու համար՞։ Ահա թե ինչու է անհապաղ անհրաժեշտ «Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը»։ Այսպես է ավարտվում շվեյցարացի պատգամավորի գրությունը։
Այս կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները.
«2025 թվականի հունիսի 25-ին Հայաստանում իրականացված մասսայական ձերբակալությունների արդյունքում կալանավորվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ ՀՀ դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք, ինչի հետևանքով նա այս պահին գտնվում է անազատության մեջ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները խստորեն դատապարտում են իշխանության կողմից իրականացվող ցանկացած դրսևորում, որի հիմքում ընկած են քաղաքական դրդապատճառներ, որոնք միանշանակորեն հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և խաթարում են համահայկական համերաշխության և փոխվստահության հնարավորությունը։
Դավիթ Գալստյանը երկար տարիներ իր գործունեությունն իրականացրել է բացառապես Արցախի Հանրապետության օրենսդիր մարմնի շրջանակում՝ հետևողականորեն պաշտպանելով արցախցիների շահերը և գործելով ի նպաստ հայ ժողովրդի հավաքական շահերի։
2023 թվականին բռնի տեղահանության արդյունքում տեղափոխվելով Հայաստան՝ Դավիթ Գալստյանը շարունակել է իր մասնագիտական գործունեությունը՝ մնալով հավատարիմ ժողովրդավարական և ազգային արժեքներին։ Ուստի Գալստյանի գործունեությունն իրականացվել է բացառապես օրինական դաշտում, չի պարունակել և չէր կարող պարունակել որևէ գործողություն, որը կարող էր դիտարկվել որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության պետականության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները իշխանությունների քաղաքական մոտիվացված այս քայլը դիտում են որպես փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում պատգամավոր Դավիթ Գալստյանին և հայտարարում, որ հետևելու ենք նրա շուրջ զարգացող գործընթացների օրինականությանը՝ պահանջելով դադարեցնել նման քաղաքական հետապնդումների գործելաոճը։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
27.06. 2025թ
Երևան»։։
Orer.eu
Հավելում՝
ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ
Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է՝ ուղղված իմ՝ որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես։ Երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև Հայ Առաքելական Եկեղեցու երկու սրբազաններ՝ դառնում է պարզ. սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի և արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ։ Սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր և ազգային հիմքերին։
Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ։ Ապրել եմ շրջափակման մեջ։ Բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից։
Եվ դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք։ Չեք կարող։ Մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Ավելին՝ այստեղ, փակ տարածքում, առավել պարզ են երևում մեր իրականության աղաղակող հակասությունները։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր դեռ պայքարում են, ովքեր դեռ հիշում են արժանապատվության և ազգային արժեքների իմաստը՝ չլռել։ Այսօր լռությունը հանցակցություն է։ Ես ազատ եմ՝ նույնիսկ անազատության մեջ։ Քանի դեռ կան մտածող մարդիկ, կանգուն ժողովուրդ և արդարություն պահանջող սերունդներ՝ մենք պարտվելու իրավունք չունենք։
Դավիթ Գալստյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար



