Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները, լուրջ մտահոգություններ են առաջացնում երկրի ազգային անվտանգության, տնտեսական ինքնիշխանության և էներգետիկ անկախության վերաբերյալ։ Ակնհայտ է, որ այս գործողություններն ունեն քաղաքական դրդապատճառներ և ուղղված են ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Այս գործընթացները պետք է դիտարկել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ 2022 թվականի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բացահայտորեն մատնանշել էր, որ հայկական համայնքն ու սփյուռքը խոչընդոտում են այդ գործընթացին։ Սա պաշտոնական հայտարարություն է, որն ուղղակիորեն թիրախավորում է Հայաստանից դուրս գտնվող հայկական կազմակերպություններին և անհատներին, ինչը կարող է դիտարկվել որպես ՀՀ քաղաքականության և ինքնիշխանության վրա ազդելու փորձ։
Համահայկական Վերնախորհուրդը (SENATE) 1. ՀՀ վարչապետի կողմից Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող հանրային և քաղաքական ճնշումները, որոնք արտահայտվում են պետական ապարատի միջոցով իրականացվող գործողություններով, դիտարկում է որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ապազգայնացման նպատակ հետապնդող քայլեր։ ՀԷՑ-ը, Ս․Կարապետյանի բիզնես համակարգի մաս է, այն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։
Պետության կողմից ընկերության կառավարումը ստանձնելու վերջին հայտարարությունները, թեև ներկայացվում են որպես հանրային բարօրություն, կարող են հանգեցնել դրա վերահսկողության կորստին։
2. Սամվել Կարապետյանը, Հայաստանուծ ծնված բայց Հայաստանից դուրս ապրող կարևորագույն գործիչներից մեկն է, ում գործունեությունն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար՝ իր ներդրումների և տնտեսական ազդեցության շնորհիվ։ Նրա դեմ գործողությունները կարող են ընկալվել որպես հարված Հայաստան-Սփյուռք կապերին և ներդրումային միջավայրին, ինչը Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարության հետ համահունչ քայլ է։
3. Հայաստանի անկախությունից ի վեր Թուրքիան պարբերաբար պահանջներ է ներկայացրել Մեծամորի ատոմակայանը փակելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե դա տարածաշրջանային անվտանգության սպառնալիք է։ Այս պահանջները մերժվել են միջազգային հանրության կողմից, իսկ Ռուսաստանի Դաշնությունը առաջարկել է ատոմակայանի արդիականացում և գործունեության երկարացում։ Սակայն, եթե Հայաստանի ղեկավարությունը հրաժարվի ՌԴ առաջարկից, և ատոմակայանի գործունեությունը դադարեցվի, իսկ միաժամանակ ՀԷՑ-ի ապազգայնացման արդյունքում ընկերությունը հայտնվի Թուրքիայի կամ նրա հետ կապված կառույցների վերահսկողության ներքո, ապա Հայաստանը կկորցնի իր էներգետիկ անկախությունը։ Այս քաղաքական ճնշումները ունեն հստակ աշխարհաքաղաքական նպատակ՝ թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և ինքնիշխանությունը։
ՀՀ վարչապետի կողմից Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործողությունները, համադրվելով Թուրքիայի ղեկավարության հայտարարությունների հետ, ստեղծում են անմիջական սպառնալիք Հայաստանի ռազմավարական շահերի համար։ Եթե էներգետիկ համակարգը հայտնվի օտարերկրյա, հատկապես Թուրքիայի, վերահսկողության տակ, Հայաստանը կդառնա Թուրքիայից էներգետիկ կախվածության մեջ գտնվող պետություն՝ քաղաքական լուրջ հետևանքներով։
Կոչ ենք անում Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն դիմել ձեր բնակության երկրների կառավարություններին և խորհրդարաններին: Պահանջե՛ք, որ նրանք անհապաղ միջամտեն և ՀՀ իշխանություններից պահանջեն դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ճնշումները Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Համակարգող Ա․Մկրտչյան- Գերմանիա
Պատասխանատուներ․
Հայաստանում՝ Ա․Սարգսյան
ՌԴ՝ Ա․Աբրահամյան
ԵՄ՝ Գ․Գրիգորյան
ԱՄՆ՝Վ․Մեսրոպյան
29․06․2025թ․



