Լուսանկարում՝ 15 տարեկանների թիմը
Պրահայաբնակ հայազգի ֆուտբոլային մարզիչ Ավետիս Շվամբերգի աղջիկների ֆուտբոլի երկու թիմերը դարձել են Չեխիայի չեմպիոն՝ մասնակցելով հանրապետության Առաջին լիգայի առաջնությանը։
2024 թվականի հունիսից նա մարզում է Սլավիա Պրահա WU 13 եւ WU 15 տարեկանների աղջիկների թիմերը։ Մեկ տարվա ընթացքում 15 տարեկանները հաղթել են Չեխիայի Հանրապետության Առաջին լիգայի առաջնությունը, որի մեջ է մտնում նաեւ Մորավիան, իսկ 13 տարեկանների մրցույթում վերջերս հաղթել են միայն Չեխիայի առաջնությունը, որի մեջ Մորավիան չի մտնում։ Այս տարի «Տրեբիչ օփն» մրցաշարում նունյպես մի քանի շաբաթ առաջ 13 տարեկանների թիմը հաղթել է մրցաշարում։
15 տարեկաններին Ավետիսը մարզում է իբրեւ մարզչի օգնական, իսկ 13 տարեկաններինը՝ գլխավոր մարզիչ։ Երկու տարի առաջ սկսել էր մարզել 19 տարեկան տղաներին։ Այնուհետեւ առաջարկ էր ստացել մարզել աղջիկներին, որն ընդունել է։
Նկատի ունենալով, որ Ավետիսը նախկինում մարզել է նաեւ տղաներին, հարցնում ենք դժվարությունների մասին.
«Աղջիկների հետ ավելի դժվար է աշխատելը, քան տղաների։ Ես նաեւ այդ պատճառով համաձայնվեցի, որպեսզի այդ փորձառությունը անցնեմ, որը հետագայում անպայման անհրաժեշտ կլինի»,- ասում է Ավետիսը։
Նրա ասելով, մյուս տարի աղջիկներից մի քանիսը կանցնեն Չեխիայի հավաքականի թիմ, իսկ իրենց թիմերը կրկին հանդես կգան չեխական առաջնությունում։ «Հետագայում կտեսնենք, թե ինչ զարգացում կունենա»,-եզրափակում է նա։
34-ամյա Ավետիս Շվամբերգը 6 տարեկանից մարզվում է ֆուտբոլային ակումբներում, հետագայում պատանի հասակում թողել է սպորտը՝ բժշկական համալսարան ընդունվելու պատճառով։ Սակայն այն չի ավարտել, նախընտրելով տնտեսագիտական ուսումը։ Նա ավարտել է Պրահայի բարձրագույն ֆինանսական ինստիտուտը եւ Սիեթլի համալսարանի Պրահայի մասնաճյուղը։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։
ՕՐԵՐ


Լուսանկարներում՝ 15 տարեկանների թիմը(ծնվ. 2010-11 թթ. )


Լուսանկարներում՝ 13 տարեկանների թիմը(ծնվ. 2012-2013թթ.)



