Աննա Մաքսիմի ֆիլմը ջերմ ընդունելության է արժանացել  Շանհայի միջազգային կինոփառատոնում

  • 24.06.2025
  • 0
  • 2514 Views

Հունիսի 16-21-ը Շանհայի միջազգային կինոփառատոնի Մետաքսյա ճանապարհի երկրների ֆիլմերի շաբաթի ոչ մրցութային ծրագրում ցուցադրվեց Աննա Մաքսիմի (Հարությունյանի)  «Մեդալի հակառակ կողմը» հանրահայտ ֆիլմը։ Այն ունեցավ 5 ցուցադրություն, բոլորը՝ լեփ-լեցուն դահլիճներում։

Չինաստանից վերդառանալուց հետո խնդրեցինք Աննա Մաքսիմին կիսվել իր տպավորություններով։

«Ինձ համար մեծ ուրախություն է, որ հայկական պատմությունը, որը նկարահանվել է  Հայաստանում՝ մեր կինոգործիչների կողմից, նման արձագանքի է արժանանում այլազգի հանդիսատեսի կողմից։ Չինացի հանդիսատեսը աննկարագրելի ջերմությամբ եւ ոգեւորությամբ ընդունեց ֆիլմը։ Հերթական ցուցադրությունից հետո անցկացված հարցուպատասխանի ընթացքում մի նյարդավիրաբույժ  բարձրաձայնեց, որ շատ կցանկանար, որ իր հիվանդները  կամ բուժառուները հնարավորություն ունենային դիտելու այս ֆիլմը։ Իսկ մի այլ չինացի ֆիլմի դիտումից հետո իր բլոգում գրել էր, որ որքան էլ ֆիլմը սպորտային դրամա էր, ֆիլմի ավարտին հասկանում ես, որ հերոսուհին բարձրացնում էր ոչ թե ծանրաձողը, այլ կյանքի նետած մարտահրավերը, որը նա պատվով հաղթահարում է։ Շատ չինացիներ նույնիսկ չգիտեին Հայաստանի գոյության մասին, բայց փառատոնի ցուցադրության օրերին մոտենում էին, ստորագրություն խնդրում եւ նշում, որ որոշել են Հայաստան մեկնել։ Հետեւաբար, ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կինոարվեստը լավագույն միջոցն է երկիրդ աշխարհին ներկայացնելու համար։ Ակամայից հիշում եմ Փարաջանովի խոսքերը։ Մեծանուն բեմադրիչը ասում էր, որ որպեսզի հասկանալի լինես աշխարհին, պետք է խորանաս արմատներիդ մեջ եւ միայն այդ պարագայում կարող ես լինել համամարդկային»,- նշեց Աննա Մաքսիմը։

Նրա ասելով, արդեն իսկ պայմանավորվածություններ կան, որ ֆիլմը կցուցադրվի նաեւ Կահիրեի փառատոնում, ինչպես նաեւ հնդկական փառատոնում, ինչը նշանակում է, որ այն դեռեւս փառատոնային ճանապարհ ունի անցնելու։  Առաջիկայում ցուցադրություններ կլինեն նաեւ Ավստրալիայում եւ Արգենտինայում։

Հիշեցնենք, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն արդեն ցուցադրվել է ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայի յոթ երկրների 22 քաղաքներում, Լիբանանում, Չինաստանում։

Orer.eu

(3) Facebook

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում