2023 թվականի փետրվարի 18ին երկնային կյանքին հրաժեշտ տվեց մեր նվիրյալ գործընկեր , իսապանաբնակ հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ Արթուր Ղուկասյանը։ Նրա թողած գրական ու լրագրական ժառանգությունը արդեն իսկ կարեւոր տեղ է զբաղեցնում հայ մշակույթի անդաստանում։ Նրա բազմաթիվ հոդվածներն ու թարգմանությունները, գրական էսսեները սպասում են իրենց տպագրությանը՝ մեկ ընդհանուր ժողովածուի տեսքով։ Զգալի բաց է, որ այլեւս չենք կարդում նրա մեկնաբանությունները օրակարգային խնդիրների, Հայրենիքի ու հայ գրական-պատմական ժառանգության, Իսպանիայում առկա հայամետ իսպանացիների գործունեության եւ այլ կարեւոր թեմաների մասին։ Այսօր Արթուրի ծննյան օրն է։ Հիշելով նրա վառ կերպարը, հրապարակում ենք դեռեւս 2015 թվականին նրա պատրաստած իսպանախոս մտավորականների կարծիքները՝ Հայոց ցեղասպանության մասին, որոնք լույս էին տեսել մեր ամսագրի 2015 թվականի 1-4 (73) համարում։ Այն բացառիկ արխիվային նյութ է իսպանական աշխարհում տիրող տրամադրությունների ու կարծիքների մասին։
2015 թվականին Իսպանիայում ՕՐԵՐ ամսագրի թղթակից Արթուր Ղուկասյանի նախաձեռնությամբ իսպանական Վեգա Մեդիա Պրեսս լրատվամիջոցում իրականացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածաշարի տպագրությունը, որոնց հեղինակներն են հանդիսանում ոչ միայն իսպանացի, այլեւ՝ իսպանախոս երկրների մշակութային, գրական ու հասարակական գործիչները։ Այս կարծիքներն առաջին անգամ հավաքական ձեւով տպագրում ենք ՕՐԵՐ ամսագրում։ 1-4(73)2015խ ՕՐԵՐ
Ուրուգվայցի գիտնական, մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գոնսալո Պերերան(մեզ հայտնի արդեն «Ես նույնպես հայ եմ» ընդհանուր վերնագրով հոդվածաշարով), նշում է, որ իր նյութի վրա սկսել է աշխատել Հրանտ Դինքի 60-ամյակի նախօրեին՝ հոբելյանը մեկի, ով անկասկած, նույն ոճրագործության մերօրյա զոհը դարձավ: Ժամանակն ինքն է վկայում. 1915 թվականից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել: Այդ գիտակցությամբ առաջնորդված, հեղինակն ընգծում է. ´´Հաշվի առնելով, որ եկող տարվա ապրիլին հիշատակելու ենք 100-ամյակը մի ողբերգության, որը երբեք չպետք է տեղի ունենար, միավորե՜նք բարի կամքի տեր մարդկանց բոլոր ջանքերը, որպեսզի կուտակված այդքան չարչարանքների ու արժանապատվության դիմաց, Հայոց ցեղասպանության փաստը համընդհանուր ճանաչում ստանա´´:
«Արդարություն» անվանումը կրող պատմվածքով է հանդես եկելարգենտինացի գրող Լուսիանո Անդրես Վալենսիան: Գործի գլխավոր հերոսն է Սողոմոն Թեհլերյանը, իսկ պատմվածքը նվիրել է 1.5 միլիոն անմեղ բոլոր հայ նահատակներին:´´Միայնակ չէր քայլում Սողոմոն Թեհլերյանը,- հաղորդում է գրողն իր ընթերցողներին:-Միլիոն հոգի արտագաղթված, խոշտանգված, բռնաբարված ու խորտակված հայրենակիցներն էին ուղեկցում նրան: Երբ նա բարձրացրեց Թալեաթ փաշայի գլխի վրա նշանակետ բռնած ատրճանակը, կրկին իր առջեւ հայտնվեց հարազատ ընտանիքի սպանության դաժան տեսարանը…´´:
«Մահվան եզրին» է կոչվում Ժան Մեյերիվերլուծական հոդվածը: Ներկայացված նյութի շրջանակում մեքսիկացի պատմաբանը իր ուշադրությունն է կենտրոնացնում վերապրողների վկայությունների վրա: ´´1917 թվականից մինչեւ 2014- ի ժամանակահատվածում հրաատարակված գրքերից ես կարդացել եմ 96-ը ,-տեղեկացնում է իր աշխատության տողերում նա ,- եւ տեսել մի քանի փաստավավերագրական, ինչպես նաեւ՝ գեղավերստական (օրինակ, Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը) ֆիլմեր: Պետք է ասեմ, այդուհանդերձ, որ առավել շատ ականատեսների հուշերն են թույլ տալիս հասկանալ Կոնվենցիայում նշվող ´´mental harm´´-ը: Այդպես օրինակ, Խումանա Հադդադը(Joumana Haddad) կիսվում է, որ 1915-ն հրաշքով փրկված իր հայ տատիկը, 1978-ին ինքնասպան եղավ 66 տարեկան հասակում Բեյրութում. 1915 թվականին թուրքերն իր աչքերի առջեւ սպանել էին նախ հորը, հապա, դեպի Սիրիա արտաքսումի ճանապարհին՝ նաեւ մորն ու երեք եղբայրներին…´´:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին բաց նամակով է դիմել մեր ժողովուրդի վաղեմի բարեկամ, Մեծ Եղեռնին նվիրված եռագրության հեղինակ, իսպանացի գրողԳոնսալո Գուարչը: Հնարավորինս չափ կանգ առնելով կոտորածների ծրագրի եւ հետեւանքների վրա, նա իր կոչը հետեւյալ հայտարարությամբ է ավարտում. ´´Շատ կարեւոր է, պարոն Գլխավոր քարտուղար, Հայոց ցեղասպանության Հարյուրամյակի հիշատակումը ՝ իբրեւ ձգտում, որպեսզի մոռացության չտրվի XX-րդ դարի առաջին եղեռնագործության փաստը: Եվ իսկապես. միակ ճանապարհը նման դաժան իրադարձությունների կրկնողությունից խուսափելու համար այն է, որ եկող սերունդները քաջատեղյակ լինեն՝ առասպել չէ վերոհիշյալը: Դա շատ սարսափելի եւ ողբերգական մի իրողություն էր: Ինչպես Դուք էլ լավ գիտեք, պարոն Գլխավոր քարտուղար, անարդարության դեմ միակ պատվաստումը՝ դրա մասին չմոռանալն է´´:
Որպես հիշատակությանն արժանի նյութ է ընտրել «Հալեպը 100 տարի անց» հրապարակության հեղինակ, արգենտինացիգրող Մարիանո Սարավիան:Համեմատոււթյուններ անելով անցյալ դարասկզբի ու մեր օրերի հետ, նա հարց է բարձրացնում իր իսպանախոս լսարանի առջեւ. ´´Ովքե՞ր են նրանք, որ այժմ էլ են Հիտլերի պես մտածում ու գործում: Նրանք են, որ Իսլամական պետություն կոչված նոր Ֆրանկենշտեյնի ծնունդն են տվել: Հալածում, զանգվածային տեղահանություններ կազմակերպում, սիստեմատիկորեն բռնաբարում են կանանց: Եվ այս նոր ոճրագործության ելման կետը հայության դեպքում հենց Հալեպն է՝ նույն վերջակետը, որ դեռեւս 100 տարի սրանից առաջ էր դրվել: Պատմության ինչպիսի՜ հեգնանք´´:



Առաջին անգամ է ցայսօր, երբ խնդրո շուրջ իր կարծիքով է կիսվել բոլիվիացի մտավորականը: Արմենիա Պրեսսի կայքէջում հուզիչ խոսքով է հանդես եկել գրող ՎիկտորՈւգո Արեվալո Խորդանը: «Իմ արմատներից մինչ համայն հայությանը» հոդվածում նա անդրադարձ է կատարել նախ սեփական ժողովրդի ցավին, որ մինչ եվրոպացիների ներխուժումը խաղաղ ապրում էր իր երկրում, ապա անմիջապես իրեն եւ կարդացողներին հղված հարցով դիմում. ´´Հայաստանի՞ մասին եմ խոսում այս պահին թե՞ Ամերիկայի: Մի՞թե բավականաչափ չենք տանջվել արդեն… Եվրոպացիները լինեն, թե թուրքերը՝ պարտավոր են բացել գրքերը, որ իրենց իսկ նախնիներն են թողել, եւ ազգերի օրինական պահանջներն ընդունեն.. .Թուրք ժողովուրդն այդպես, պետք է ,գյուղից՝ գյուղ սկսած, ճանաչի իր կողմից իրագործված ցեղասպանությունը…´´:
Տեղեկացանք վերջերս, որ ֆրանսահայ հայտնի կինոռեժիսյոր ՌոբերԿետիկյանը նոր ֆիլմ է նկարահանել Եղեռնի մասին, ուր տեղ է տրվել նաեւ տաղանդավոր իսպանացի գրող-հրապարակախոս, հումանիստ եւ մտավորականԽոսե Անտոնիո Գուռիարանի կյանքին եւ գործունեությանը: Մեզ հետ հարցազրույցի ընթացքում «Ռումբը» եւ «Հայեր. մոռացված ցեղասպանություն» գրքերի հեղինակը շեշտեց. ´´Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար շատ կարեւոր է հայ ժողովուրդի եւ վերջինիս համակիրների համախմբումը եւ դա առավել կարեւոր կդառնա 2015-ին, երբ կնշվի 100-ամյակը:Կասկած չունեմ, որ այս հարցում իր ոչ պակաս դերակատարությունը կունենա նաեւ Կետիկյանի ֆիլմը´´:
Գրեթե ոչ մի տող չի գրվել հայերի բնաջնջման ծրագրերի մասին Նիկարագուայում: Բացառություններից մեկը Սանդինիստական ճակատի հայտնի դեմքերից մեկն է՝՝ հեղափոխական, հասարակական եւ քաղաքական գործիչ, բանաստեղծ եւ հոգեւորական ԷրնեստոԿարդենալը: Ժամանակին, երբ Հայաստանը դէռ ԽՍՀՄ-ի կազմում էր, նա այցելել էր Երեւան եւ նույն օրերին Սուրբ Լեռան ու հայ ժողովուրդի մասին մի բանաստեղծություն գրել, որի տողերում խոսվում է նաեւ թվականի սուրբ նահատակների մասին եւ որն այդքան տարի անց սիրով տրամադրել է ԱրմենիաՊրեսսի խմբագրությանը:
´´Եթե պնդենք,-իր համոզմունքն է գրի առնել չիլիացի գրող Ֆրեդդի Աստորգան,– որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի եղել եւ որ այն, ինչ կատարվել է, բավական չէ ցեղասպանություն անվանելու համար, ապա անմիջապես երեւակայական դաշտ կտեղափոխեինք նաեւ իրական այն բոլոր պատկերները, պատմությունները, փորձանքներն ու դրանց հետեւանքները, որոնք կփոշիանան այնուհետ եւ չորս քամիներին կտրվեն´´:
Իր կարծիքն է փոխանցել գրող Մաքսիմո Վեգան(Դոմինիկյան Հանրապետություն): Միանալով Մեծ Եղեռնը դատապարտող իսպանախոս մտավորականների ձայներին, նա այսպես է ավարտում իր գրությունը.«Թուրքերի, ամերիկացիների եւ բոլոր մյուսների անունից, ովքեր չգիտեն թե ինչ բան է ներում հայցելը, ես ներողություն եմ խնդրում հայ ժողովուրդից, հրեաներից եւ որպես մարդ էակ ասում. ներողություն»:
Վեգա Մեդիա Պրեսսի շրջանակում գործող հայկական բաժնի աշխատանքները շարունակվում են եւ վերջինիս ղեկավար Արթուր Ղուկասյանի հավաստմամբ կանգ չեն առնի այնքան ժամանանակ, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Իսպանիայի, այլեւ Լատինական Ամերիկայի բոլոր երկրների կողմից ճանաչվի:
Լուսանկարներում. 1.Արթուր Ղուկասյան 2.Գոնսալո Պերերա 3. Ժան Մեյեր 4.Գոնսալո Գուարչ 5.Մարիանո Սարավիա 6.Վիկտոր Ուգո Արեվալո Խորդան 7.Խոսե Անտոնիո Գուռիարան 8.Էրնեստո Կարդենալ 9.Ֆրեդդի Աստորգա 10.Մաքսիմո Վեգա
«Հայ ժողովրդի թշնամիների համար պատմության ու ինքնության պահպանման ողջ ընթացքում հալածանքների գլխավոր պատճառներից մեկը հանդիսացել է ազգի քրիստոնեական հավատքը»:
Էնրիկե Բուստամանտե, պերուացի հայտնի գրող եւ արվեստաբան
«Երիտթուրքերը շատ արագ սկսեցին ապացուցել, որ նրանց իսկական նպատակը՝ այլ ազգերի շուտափույթ թրքացման գործընթացն է եղել»:
Լուսիանո Անդրես Վալենսիա ( արգենտինացի երիտասարդ գրող)
«Կենդանի քարերի» երկիրը (ի դեպ, զուր չի ասվում, որ ուր թեկուզ մեկ հայ է ապրում՝ այնտեղ անպայմանորեն մի նոր Հայաստան է ստեղծվում), չնայած անցած 99 տարիների եւ միջազգային հանրության կողմից ցուցաբերված անտարբերությանը, շարունակում է պահանջել ճշմարտության եւ արդարության անվերապահ ճանաչումն ու վավերացումը»:
Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետա, իրավաբան ( նավարար)
«Հայությանը լայնորեն մատուցում ենք հարգանքի եւ հիացմունքի մեր տուրքը, նրանց համար ենք արտահայտում վիրավորված մեր սրտերի խոսքը, մեր անսասան զորակցությունը՝ որպեսզի վերակազմվի իբրեւ մեծ ազգ՝ ինչպիսին որ եղել է անցյալում ե է՛…»:









Միգել Ալբերտո Գոնսալես Գոնսալես, կոլումբիացի մտավորական
«Լսի՛ր, Թուրքիա, ճիչը նրանց, ովքեր արդարությունն են փնտրում: Բաց արա սիրտդ, ճանաչի՛ր անցյալիդ սխալները…»:
Դորա Իսաբել Բերդուգո Իրիարտե, կոլումբիացի բանաստեղծուհի
«Ինչո՞ւ ես գրում, ո՞ւմ համար»,- հարցնում են: «Գրում եմ հարյուրամյա ամենամեծ ամոթի մասին, որ իրենց վրա են կրում Թուրքիան եւ աշխարհը համայն: Գրում եմ այդ բարբարոսության բարոյական եւ նյութական փոխհատուցման պահանջով դրդված: Գրում եմ Անուշի եւ Կարինեի, Լուսինեի, Արամի, Հակոբի, Հովհաննեսի, Գեւորգի եւ այդքա՛ն ու այդքա՛ն մյուսների համար, որոնց անուններն անգամ չգիտեմ…Մաքրե՛ք ձեր պատմությունը արյունից ու թույնից»:
Գուստավո Ստերժեկ, Արգենտինացի գրող
«Ցանկացած հողակտորն է այստեղ (Հայաստանում) կրում հիշողությունը նրանց, որ մեկ դար առաջ գնացին ու այլեւս հետ չեն դառնալու…»։
Լուիս Մանուել Պերես Բոտիել, կուբացի բանաստեղծ (Գրված է Հրազդանի կիրճում՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա»)
«Հարյուր տարին հիշատակումն է առ այն, որ սեր չի եղել՝ եղել է եղեռն…»:
Խոսե Լուիս Ալվարես Վելես, նկարիչ, քանդակագործ եւ գրող (Բասկերի երկիր)
«Հայոց ցեղասպանությունը, որի հարյուրամյակն է բոլորվել արդեն (թեեւ երեկ էր, կարծես, տեղի ունեցել) ցնցող օրինակն է մարդկության եւ մարդկայնության այրված երազանքների, որից հետո մոխիրներն են լոկ մնացել»:
Գրեգորիո Վիգիլ–Էսկալերա
«Եվրոպան Ասիայից բաժանող մի աննշան սահմանագծի վրա Հարավային Կովասում գտնվող Հայաստանը, որն դեռեւս 301 թ. առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, մի քանի ամիս հետո արդեն նշելու եւ սգալու է ցավ պատճառող իր հուշերով սեփական ազգի դեմ կրոնի հողի վրա իրագործված այն եղեռնագործությունը, որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն մարդ»:
Ռոդրիգո Յանո Իսասա, կոլումբիացի պատմաբան
«Ինչո՞ւ է Միջազգային հանրային կարծիքում բացակայում միաձայնությունը հայերի դիմակայած ողբերգության պարագայում: Ինչո՞ւ են այն երկրները, որոնցում գիտեն արդեն, թե ինչ բան է բազում հետապնդումների պատճառով տուժելը՝ այդպիսինն է ստույգ Իսպանիայի օրինակը, այդքան դժվարանում են ճանաչելու նման չափերի հասնող ողբերգությունը»:
Խուլիո Ֆերնանդես Պելաես, իսպանացի դրամատուրգ
«Ինչպես տեսնում ենք, այսօր էլ 1915 թ. իրագործված Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին, տնտեսական եւ քաղաքական շահերը դեռ խոչընդոտ են հանդիսանում թափանցիկությանն այս հարցում, դժվարացնելով միաժամանակ ճանապարհը արդարության եւ ճշմարտության հաստատման համար»:
Նուրիա Անյո, կատալանցի գրող եւ թարգմանիչ («Ֆրանց Վերֆելը եւ Մուսա լեռան հայերը,, գրքի հեղինակ)
«Հայտնի էր, որ մի շոգ կեսօրին կհնչեն ղողանջները մահվան եւ անքուն գիշերվա մեջ, ուր ո՛չ լուսաբացը կար, ո՛չ լուսինը, արյունը գետի պես փողոցներում կհեղար…»։
Սանտոս Դոմինգես Ռամոս, հայտնի բանաստեղծ իսպանական Էքստրեմադուրա մարզից:
´´Ինչպես Հայաստանը, նույնպես եւ Թուրքիան Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի անդամ-երկրներն են եւ տեսականորեն կարող էին հարցը բարձրացնել Արդարադատության միջազգային դատարանում:Մանավանդ, որ Սեւրի պայմանագրի համապատասխան կետով Թուրքիան համաձայնվել է հանձնել պատասխանատուներին: Վերոհիշյալ պայմանագիրը, սակայն, երբեք չի վավերացվել, իսկ դրան հաջորդած Լոզանի պայմանագրով (1923) 1914 թվականից մինչեւ 1922-ը իրագործված հանցագործությունների համար համաներում է շնորհվել: Հայաստանն, իր հերթին, չունի բավականաչափ աջակցությունը, որպեսզի վերականգնի իր առգրավված ունեցվացքը՝ հատկապես՝ եկեղեցիներն ու վանքերը…,,
Խուան Մերելո–Բարբերա, Բարսելոնայի Փաստաբանների միության միջազգային արդարադատության կոմիտեի նախագահ, Բարսելոնայի համալսարանի իրավունքի փիլիսոփայության պրոֆեսոր
«Անեծք խաբեբաներին՝ բոլոր այն անամոթներին, ովքեր օրենքներն օգտագործում են թաքցնելու համար սեփական հանցանքները եւ յուրայինների ձեռամբ իրագործված հանցագործությունները: Անեծք խաբեբաներին, որ քողարկում են պատմության էջերում յուրաինների եւ իրենց սեփական մեղքերը»:


















Ֆրանցիսկո Դոմենե, իսպանացի գրող եւ բանաստեղծ, «Ես հիշում եմ Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը պատասխանն է Հիտլերի հայտնի հարցին. «Ո՞վ է հիշում այսօր հայերի կոտորածների մասին») ինչ վերնագիր
«Լույսն է Արարատը աքսորը վերապարած մարդկանց սրտերում,
Տապանն է Արարատը՝ իր գիրկը բացած:
Արարատը՝ կանաչ ցողն ու սպասումն է…»։
Աիդա Ակոստա, բանաստեղծուհի (Սալամանկա, Սիուդադ Ռոդրիգո)
«Բավականչափ դեմագոգ ու մարգարեականին հավակնող խոստումներով էր, որ իշխանության գլուխ անցավ ծայրահեղ ազգայնական երիտթուրքերի կուսակցությունը, որոնք եկել էին, իբր թե, բարեփոխումների մի ընդարձակ ծրագրով: Սակայն, ինչպես միշտ, խաղում պարտված կողմը պետք է դրսում փնտրեր մեղավորներին եւ այդ իմաստով հայ ժողովուրդն էր, որ քավության նոխազը դարձավ թուրքական բոլոր ձախողումների համար»:
Մարկոս Անտոնիո Պարեխա Սոսա, Պանամայի կրթության նախարարության իրավասության ներքո գործող Խոսե Դոլորես Մոսկոտայի անվան ինստիտուտի էթիկայի եւ կրոնի դասախոս
«Ավելի քան երկու միլիոն մարդ էր ձերբակալվել, որոնց բռնի կերպով քշում էին դեպի անապատ՝ հարյուրավոր կիլոմետրերի մի ճանապարհ: Նրանցից շատերը զոհվեցին հոգնածության, տանջանքների, սովի, ծարավի, հիվանդությունների պատճառով: Բավականին օրհասական էր նրանց դրությունը:Եվ բավարար չէր այդքանը, նրանք այդ ընթացքում ենթարկվում էին նաև ամեն տեսակ հարձակումների, կողոպուտի, հետապնդումների և բռնաբարությունների՝ ինչպես օսմանցի զինվորների, այնպես էլ՝ ավազակների կողմից»:
Ամադո Կարբոնեյ (պատմաբան, Բալեարյան կղզիներ)
(http://www.tert.am/am/news/2015/01/15/amado-santos/1560503
«Ընդարման վախի դրդումով՝ հանդեպ մի երկրի, որն չգիտե ուղղել սեփական սխալները, Հայոց ցեղասպանությունը չճանաչելը լուրջ ձախողում է Իսպանիայի պես երկրների համար: «Ո՞վ է հիշում այսօր հայերի մասին»,- ասել էր Հիտլերը: Դադարենք նշանակություն տալ նրա ասածին: Նման պատմությունների կրկնողության կանխարգելման համար պետք է հիշել, խոսել եւ իրերն իրենց անունով կոչել: Թեկուզեւ դա շատ ցավալի լինի…»:
Վիրխինիա Մենդոսա, Իսպանացի լրագրող, ապրել է ժամանակին Հայաստանում եւ մեր երկրի մասին հոդվածներ պստրաստել հեղինակավոր այնպիսի ամսագրերի համար, ինչպես Jot Down, El Puercoespín, Pikara Magazine y Altaïr: Գրում է «Քամու վերքերը» գիրքը՝ նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ի թիվս այլոց, հանդիպել է նաեւ Եղեռնը վերապրած մեր հայենակիցների հետ, որոնց անդրադառնում է իր գրքի էջերում: Իսկ նրանցից մեկն էլ ցեղասպանությունից հրաշքով փրկված Արեւալույս տատիկն է, որն պատմում էր իսպանուհի լրագրողին ողբերգական այն տեսարանների մասին, որոնց վկան ու տուժողն ինքն անձամբ է եղել:
Վենեսուելան Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բոլիվիայի եւ Չիլիի հետ միասին պատկանում է լատինամերիկյան այն փոքրաթիվ երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Վերոհիշյալ ոճռագործությունը տեղի է ունեցել մոտավորապես 1915- 1923 թթ. ընկած ժամանակահատվածում՝ ձեռամբ երիտթուրքեր կոչված հանցավոր մի խմբի, կամ՝ օսմանյան հրեշների, որ նույնքան է իրականությանը համապատասխանում, որքան իրական էին սպանդերի ոչ դանթեական որեւէ դժոխքից դուրս եկած տեսարանները: Դա սյուրռեալիզմից այն կողմ է ու դրդում է խորհել մի ամբողջ կայսրության կողմից պատմության ողջ ընթացքում կիրառված չարաշահումների եւ չափազանցությունների մասին: Հապա նաեւ, անհավատալի է անտեսման ու շատ դեպքերում նաեւ՝ անգործության փաստը, որ անցյալ դարասկզբին որդեգրեցին տարբեր պետությունների կառավարությունները, ցուցաբերելով դիվանագիտական պասիվություն եւ անտարբերություն՝ հանդեպ այդչափ արյունոտ Հոլոքոստը…´´։
Ռոնի Բոլիվար Գոնսալեսը – Վենեսուելացի փաստաբան, նկարիչ եւ արվեստագետ
´´Ցեղասպանությունների եւ կամ համայն մարդկության ողջ պատմության ընթացքում իրագործված հանցագործությունների շարքում հարկ է նշել մասնավորապես 1912 թ. մինչ 1915-ը իրագործված Հայոց ցեղասպանության մասին: Թեեւ ճշմարտությանն ավելի մոտ կլիներ ասել, որ դա Հայաստանում իրագործված բնավ առաջին ցեղասպանությունը չէր, քանզի արդեն իսկ 1890-ական թվականներին երկիրը տառապում էր համիդյան, իսկ ավելի ուշ նաեւ՝ 1909 թվականի ջարդերի պատճառով: Դրանցից ոչ մեկը, սակայն, ինտենսիվության կամ տարածման իմաստով չէր կարող համեմատվել 1912-1915 թթ.եղեռնի հետ: Այն բնութագրվում է արտակարգ դաժանությամբ, անմարդկայնությամբ եւ համատարած սադիզմի արտահայտությամբ՝ իրադարձություններ, որոնք դարձան XX-րդ դարի պատմության ամենամութ էջերից մեկը…ՙՙ։
Խոսե Կարաբայո. Պուերտո Ռիկայից գրող եւ բանաստեղծ, մի շարք ստեղծագործական միությունների գործունյա անդամ (այդ թվում նաեւ՝ Բանաստեղծների համաշխարհային ասոցիացիայի)։
«Նոր նախագծեր են պատրաստվում իրականացվել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ՝ իբրև պատմական մի հնարավորություն՝ ստիպելու Թուրքիային, որ ճանաչի իր նախնիների ծրագրած և իրականացրած հայ ժողովրդի ցեղասպանությունը: Թող ունենա Գերմանիայի քաջությունը, որն ընդունել է հրեաների Հոլոքոստի փաստը»:
Խոսե Անտոնիո Գուռիարան, Իսպանացի գրող և լրագրող
«Ցեղասպանությունը միայն սոցիալական խմբի զանգվածային բնաջնջումը չէ` ռասայական, կրոնական, էթնիկական, քաղաքական կամ ազգայնական շարժառիթներով: Ցեղասպանությունը զանգվածային սպանությունն է, որը նպատակ է հետապնդում նաև կանխել ծնելիությունը սոցիալական խմբի ներսում: Կոտորածի ենթարկված հայերի մեջ կային կանայք ու տղամարդիկ, երիտասարդներ ու երեխաներ, ծերեր ու հաշմանդամներ: Մի ողջ ժողովուրդ ենթարկվեց բռնագաղթի` առանց գոյատևելու հնարավորության անգամ` բռնելով մահվան ճանապարհը»:
Յանիրա Սոունդի, սալվադորցի իրավաբան, գրող, իրավապաշտպան
«Ցեղասպանություն կոչեք, Հոլոքոստ, թե որևէ խմբի կամ ազգի բնաջնջում` այն անընդունելի է բանականության և Մարդու իրավունքների լույսի ներքո: Տարիներ են անցնում, դարեր են անցնում, սակայն ատելությունն ու դաժանությունը շարունակում են համակել մարդկային էակներին: Այդպես էր հայերի պարագայում, ովքեր փակված էին համակենտրոնացման ճամբարներում` խոշտանգված, բռնաբարված, սպանված` ամենատարբեր դաժան մեթոդներով, կամ էլ դատապարտված էին անխուսափելի մահվան՝ բռնելով բռնագաղթի ուղին` քայլելով անապատի միջով (1915-1923): Նրանցից շատերի միակ հանցանքը հայ և քրիստոնյա լինելն էր, որոնց Օսմանյան կայսրությունում վերաբերվում էին որպես ստորադաս խավի:
Վերհիշելով այդ անարդար և անհարկի մահերը, այդ անմարդկային և ցավալի իրադարձությունների հարյուրամյա տարելիցի ոգեկոչմանն ընդառաջ կարող եմ միայն միացնել իմ խոցված ձայնը համայն աշխարհի տարբեր երկրներից հնչող ձայներին, որպեսզի նման իրողություններ այևս չկրկնվեն և ոչ մի տեղ: Որտեղից էլ որ գան, ինչ գաղափարախոսություն էլ որ ունենան, բացարձակապես դատապարտելի են նման գործողությունները»:
Էդգարդո Դանիել Բառեդա, գվատեմալացի փաստաբան, բանասիրության և փիլիսոփայության գիտությունների դոկտոր, Գվատեմալայի Գերագույն դատարանի նախկին դատավոր
«Թող երբեք այլևս արյուն չգա քո այդ վերքից՝ անօրինակ այդ ցավի պատճառով, և թող ցամաքեն քո դեմքի վրա, իմ հայ եղբայր, հետքերն արցունքի, քանզի հիշողությունն այս կորուսյալ աշխարհի համերաշխության շնորհիվ է իր հանդարտությունը վերագտնում, և քանզի օրինավոր է ազգությունը, որ քո հոգու ու սրտի մեջ ես կրում, ու ոչ ոք չի կարող խլել այն քեզանից: Ոչ ոք: Թեև ճիշտ է, որ անդառնալի են այդ կորուստները, նույնքան ճիշտ է նաև, որ հայ ժողովուրդն աշխարհում քաջության, հավատարմության, տոկունության և պայքարի օրինակ է ծառայում»:















Սանդրա Բեատրիս Լուդենյա Խիմենես, էկվադորցի գրող և անկախ լրագրող, մարդու իրավունքների պաշտպան
.,,Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մեծ Եղեռնը ճանաչել է որպես 20րդ դարում իրագործված առաջին ցեղասպանությունը:
Առհասարակ ոչ ոք մյուսներին սպանելու իրավունք չունի ՝ գործողություն, որը խստորեն դատապարտվում է Աստծո կողմից: Ավելին, նույնիսկ մեկ մարդու կորցրած կյանքը նման պարագաներում հավասարազոր է բոլոր մյուսներին՝ սպանվածների ամբողջությանը: Եվ չնայած մանրակրկտ կերպով ապացուցված բազմաթիվ փաստաթղթերի գոյությանը, Թուրքիան շարունակում է հերքել փաստը եւ ձեռնարկում պատմության աղավաղման ապարդյուն փորձերը: Հայոց ցեղասպանության (որ նաեւ Հայոց Հոլոքոստ է կոչվում) իրողությունը անհնար է քողարկել, առավել եւս՝ ջնջել պատմության էջերից,,:
Դիք Լեստեր Նունյես– հոնդուրասցի գրող, հոգեւորական եւ դասախոս: Նա ավարտել է Հոնդուրասի Ազգային մանկավարժական համալսարանի սոցիալական գիտությունների բաժանմունքը: Մոսենյոր Ռոմերոյի անվան Եկեղեցիական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից ստացել է բակալավրի աստիճան: Այժմ Սան Խոսե դե լա Սիեռա եկեղեցու քահանան է եւ զուգահեռաբար՝ Սան Խոսե եւ Սանտա Մարիա դե լա Սիեռա ճեմարանի ռեկտորը: Սա հատված է նրա « Հայոց ցեղասպանության հարյուրամյակը» հոդվածից։
Պարագվայից գրող եւ ճարտարապետ Խորխե Ռուբիանի
´´Եկող ապրիլի 24-ին լրանում է Հայոց հոլոքոստի հարյուրամյակը: 1915 թվականի այդ նույն օրը սկիզբ դրվեց ցեղասպանությանը, երբ թուրքական կառավարության կողմից ձեռբակալվեցին նախ հայ համայնքի անդամները: Այդ ընթացակարգը երկարաձգվեց նաեւ հետագա օրերին, ամիսներին, տարիներին, ընդարձակվելով հայերի նախնյաց բնակավայրերի վրա, ուղեկցելով ձեռբակալություններով, հալածանքներով, այդ ազգին պատկանող տղամարդկանց, կանանց, երեխաների նահատակումներով: Եվ չնայած այն բանի, որ դրան նախորդած դարաշրջանում գրանցվել էին արդեն թուրքերի կողմից հայ քաղաքացիներին կոտորածների ենթարկելու նմանատիպ դեպքեր, հենց նշված ամսաթիվը դարձավ համակարգված բնաջնջման սկիզբը, որի ընթացքում, համաձայն հաշվարկների, սպանվել է մոտավորապես երկու միլիոն մարդ, բռնագրավվել եւ յուրացվել է հայության ունեցվածքը, ոչնչացվել են հազարամյակների հայկական քաղաքակրթության եւ մշակույթի պատմությունն իրենց մեջ կրող գյուղերն եւ քաղաքները:´
Խորխե Ռուբիանի– գրող եւ ճարտարապետ, Պարագվայ
Պահանջում ենք Հայոց ցեղասպանության ճանաչումը.լուսանկարներ
http://genocidoarmenio.blogspot.com.es/2014/12/pedimos-el-reconocimiento-del-genocidio.html



