Հայոց եկեղեցու դեմ այս արշավը իրականացվում է ճի’շտ այն պահին, երբ Արցախում թշնամին ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունը. Հովիկ Ավանեսով

  • 04.06.2025
  • 0
  • 219 Views

Հարգելի հայրենակիցներ` ի Հայաստան և Սփյուռս,

Այս օրերին ականատես ենք լինում աննախադեպ և անհանդուրժելի հարձակումների՝ ուղղված մեր Հայոց Եկեղեցու և նրա առաքելության դեմ: Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես ներքաղաքական պայքար չէ. դա հոգևոր պատերազմ է՝ ընդդեմ մեր ինքնության, մեր հավատքի և մեր պատմական հիշողության։

Ոմանք այսօր փորձում են Եկեղեցին ներկայացնել որպես «արգելք և խոչընդոտ»: Նրանք մոռանում են, որ հենց Եկեղեցին է եղել մեր ազգային գոյության և տոկունության հիմքը դարերի ընթացքում: Որպես հավատքի և մշակույթի պահապան` նա փրկել է մեզ ասպատակի ու խաչակրաց արշավանքների ժամանակ, բռնապետերի և գաղութարարների դարերում: Եկեղեցու դեմ այս արշավն, ըստ էության, հայ ժողովրդի ինքնության դեմ արշավ է:

Մի հանգամանք էլ չվրիպեց մեր տեսադաշտից. Հայոց եկեղեցու դեմ այս արշավը իրականացվում է ճի’շտ այն իրադարձությունների ֆոնին, երբ Արցախում թշնամին ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունը, բազմաթիվ պատմական վանքեր ու եկեղեցիներ այլևս գոյություն չունեն` ենթարկվել են վանդալիզմի, և միաժամանակ հայտարարություն է հնչում հարևան երկրի բարձրաստիճան «հոգևոր առաջնորդների» կողմից, մասնավորապես Կովկասի մահմեդականների առաջնորդի ելույթներում թե «Հայ Առաքելական եկեղեցին տարածաշրջանում վտանգ է ներկայացնում իրենց համար»։

Արդյո՞ք սրանք պատահական զուգադիպություններ են։

Մեկնաբանությունները թողնում եմ ամենքիս։

Խստագույնս դատապարտում ենք այս քարոզչական արշավը, որն ուղղված է ոչ թե «բարեփոխումների» կամ «արդարության պահանջի», այլ՝ խեղաթյուրման և վարկաբեկման: Երբ խնդիրը քննադատական խոսքի կամ կոնստրուկտիվ բարեփոխումների մասին է, Եկեղեցին երբեք չի խուսափել լսելուց ու փոփոխվելուց: Բայց , երբ այդ քննադատությունն ուղղվում է՝ հարվածելու Եկեղեցու հիմքերին, մոռանալով նրա պատմական դերը մեր ազգային գոյության համար, դա արդեն չի կարող որակվել որպես առողջ բանավեճ: Սա ակնհայտ արհեստականորեն ստեղծված և ուղղորդված գործընթաց է, որը ծառայում է միայն թշնամական ուժերին։

Պատմության ընթացքում մեր թշնամիները միշտ էլ չեն ներել Հայոց եկեղեցուն նրա համար, որ եղել են ազգային -ազատագրական պայքար առաջնորդող հոգևորականներ. դարերի խորքը չգնանք` Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ բազմաթիվ պատմական գործիչների կերպարները դրա ապացույցն են։ Այսօր էլ Հայոց եկեղեցին մեր ազգային գոյապայքարի պատվարն է, և սա անբեկանելի ճշմարտություն է։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

#OmbudsmanfortheCulturalHeritageoftheArmenianHighlands

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում