Այսօր երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի արձակագիր, ազգագրագետ, բանահավաք-համեշնագետ, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է նրա դուստրը՝ Գոհար Վարդանյանը։ «Խորը ցավով տեղեկացնում եմ, որ մահացել է սիրելի հայրս՝ ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2025 թ. մայիսի 31-ին, ժամը 17։00-20։00, «ԼյուԱր» սգո սրահի N2 սրահում (ք. Երևան, Սիլիկյան խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ)։ Հուղարկավորությունը կկայանա նույն վայրից՝ հունիսի 1-ին, ժամը 14։00»։
ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին։ Աստված հոգին լուսավորի։
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 2022 թվականի 9-12-րդ համարում տպագրել էինք հարցազրույց անվանի համշենագետի հետ՝ նվիրված նրա 70-ամյակին։
Ցավակցագիր է հրապարակել նաեւ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։
ՄԱՀԱԶԴ
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Վարդանյանը, ով մեծ վաստակ ունի հայ բանագիտության զարգացման ոլորտում:
Դժվար, գրեթե անհնար է անդրադառնալ Համշենին եւ համշենահայերին՝ առանց հիշելու Սերգեյ Վարդանյանին, որն ապրած տարիների մեծ մասը նվիրել է համշենագիտությանը: Նախորդող շրջանի բանագիտության մեջ բավական սակավ էր համշենահայությանը՝ մասնավորապես կրոնափոխ համշենցիներին առնչվող նյութը, որն իր շուրջ կեսդարյա գործունեության ընթացքում, հաճախ կյանքը վտանգելով, անհամեմատելիորեն հարստացրեց Ս. Վարդանյանը։ Հետևաբար, առանց չափազանցության կարելի է ասել, որ նրա անվան հետ է կապվում համշենագիտության դպրոցի հիմնումը։ Հայագետը ծնվել է 1952 թ. Երեւանում, 1969 թ. ավարտել է Հ. Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության բաժինը։ Ապա աշխատանքի է անցել նույն հաստատության հոգեբանության ամբիոնում: Առանձին ուշադրության է արժանի նրա գործունեությունը «Պիոներ կանչ» (այժմ՝ «Կանչ») թերթում եւ «Պիոներ» (այժմ՝ «Աղբյուր») ամսագրում: Այդ չորս տարիների ընթացքին Ս. Վարդանյանը շոշափելի ներդրում է ունեցել հայ պատանիներին հայրենասիրության ոգով դաստիարակելու գործում: Նրա կոչով Հայաստանի, ինչպես նաեւ Հյուսիսային և Հարավային Կովկասի հայկական դպրոցների աշակերտների՝ տարբեր բարբառներով հավաքած բանահյուսական նյութերը հրատարակվում են «Հրեղեն ձին» (1981) եւ «Թագավորի երազները» (2003) ժողովածուներում, որոնք աննախադեպ են մեր բանագիտության նորագույն պատմության մեջ: Այդ գրքերից ընտրված արձակ նմուշները նրա ջանքերի արդյունքում Երեւանում լույս են տեսնում անգլերեն («The salvaged tales», 2007) եւ գերմաներեն («Gerettete Marchen», 2009, «Vor dem Vergessen gerettete armenische Märchen», 2023)։ Ս. Վարդանյանի հանրահայտ «Հայոց մայրաքաղաքները» (1985) գիրքն սկզբում հոդվածաշարի տեսքով հրատարակվում է «Պիոներ» ամսագրի համարներում: 1995-ին այն, համալրվելով նոր նյութերով եւ առա- վել ամբողջական տեսք ստանալով, լույս է տեսնում առանձին գրքով, որի վերահրատարակված տարբերակի համար («Հայաստանի մայրաքաղաքներ», 1995 թ.) հեղինակն արժանացել է «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին, իսկ 2012 թ.՝ Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալին։ Հետագա տարիներին Ս. Վարդանյանն աշխատել է Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ 1991—2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը։ Նա թեեւ արմատներով վանեցի է, հիմնադրման օրվանից՝ 1992-ից, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահի տեղակալն էր, իսկ 2004—2018 թթ. հասարակական հիմունքներով կատարել է նույն կազմակերպության «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները։ 2004 թ. հուլիսից մինչեւ 2018 թ. Ս. Վարդանյանը միայնակ հրատարակել է թերթը, որի ողջ տպաքանակը (հազար օրինակ) անվճար բաժանել է Հայաստանի և Սփյուռքի ընթերցողներին, ուղարկել Ռուսաստանի, Աբխազիայի ու Թուրքիայի համշենահայերին: Նա 2009 թ., որպես խմբագիր, ստացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Հայաստանի ժուռնալիստների միու- թյան բարձրագույն մրցանակները: 1969 թ. ամռանը Սերգեյ Վարդանյանը Սեւ ծովի առափնյա Ադլեր քաղաքում ականատեսն է լինում մոտակա Մոլդովկա գյուղում հայկական դպրոց բացելու պահանջով կազմակերպվող ստորագրահավաքին՝ խորապես մտահոգվելով Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների ծանր կացությամբ: Վերադառնալով Հայաստան՝ նա չի կարողանում մոռանալ այդ տխուր պատկերը, որից տպավորվելով՝ սկսում է զբաղվել անծայրածիր տարածք և տասնմեկ ժամային գոտի ունեցող ԽՍՀՄ-ում սփռված հայերի խնդիրներով: Այսպես նա բացահայտում է համշենահայերին, որոնց բանավոր ժառանգության նմուշների ուսումնասիրությունը դառնում է նրա կյանքի հետագա տարիների գլխավոր գործն ու առաքելությունը։ Ս. Վարդանյանը, բազմաթիվ զրկանքներ կրելով, շատ անգամներ մեկնում է թե՛ խորհրդային տարբեր հանրապետություններ, թե՛ Արեւմտյան Հայաստան՝ հաճախ նույնիսկ առերեսվելով կյանքին սպառնացող ստույգ վտանգների: Սերգեյ Վարդանյանի գիտական ճանապարհը պարզապես հետազոտողի ուղի չէր․ դա հայ մարդու անմար հիշողության, հավաքական ցավի և գոյապայքարի արձանագրումն էր գիտության լեզվով։ Նրա գործը հատեց առարկայական հետազոտության սահմանները՝ վերածվելով հոգևոր ու ազգային պարտքի մարմնավորման։ Որպես բանագետ և ազգագրագետ՝ նա ապրեց այն գիտակցումով, որ գիտնկանը պատմությունը ոչ միայն վերլուծելու, այլև այն փրկվելու առաքելություն ունի։ Եվ հենց այդ գիտակցությամբ նա վերականգնեց մի ամբողջ ժողովրդի կիսամոռացված ներկայությունն ու ոգին։ Նրա գրչով են խոսել լռեցված համշենահայերը, նրա աչքերով է գիտությունը նայել մի իրականության, որը երկար ժամանակ մութ մնաց անգամ մասնագիտական հորիզոնների համար։ Սերգեյ Վարդանյանի կատարած աշխատանքը նախադեպ չունի հայագիտության մեջ։ Այսօր, երբ մենք խոսում ենք համշենագիտության մասին որպես կայացած գիտական ուղղություն, դա առավելապես Սերգեյ Վարդանյանի անունն է, որ արձագանքում է այդ բառի խորքում։ Նա չի սահմանափակվել արխիվային ու դաշտային գործով․ նա սփռեց լույս մի ժողովրդի վրա, որի գոյության իրավունքը տարիներ շարունակ փորձել էին ծածկել խավարի մեջ։ Ու հենց այս պատճառով է, որ Սերգեյ Վարդանյանը վեր է պարզապես գիտնականի կոչումից։ Նա սերունդների խղճի ձայնն էր, նա մի ամբողջ ինքնության պաշտպանն ու վերակենդանացնողն էր՝ անսակարկ ու անսասան։ Եվ որքան էլ տարիները հեռացնեն մեզ նրա երկրային ներկայությունից, այնքան ամրապնդվելու է նրա կատարած գործի արժեքը, քանի որ նա մեզ թողեց ոչ միայն գրքեր ու հոդվածներ, այլ մի կենսագիրք, որ կարդացվում է որպես ապացույց՝ գիտությունը կարող է լինել ոչ միայն իմացության, այլև փրկության ճանապարհ։ Սերգեյ Վարդանյանի անունը մշտապես վառ կմնա ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմության էջերում՝ որպես նվիրյալ գիտնականի օրինակ։ Նրա կյանքը, աշխատանքը և անմնացորդ նվիրումը կդառնան ոգեշնչման և պատասխանատվության աղբյուր այն բոլոր երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում հայագիտության ոլորտում։ Նրա կենսագրությունն ապացույց է, որ գիտությունը կարող է լինել ոչ միայն մասնագիտական ընտրություն, այլ ամբողջական ապրած կյանք՝ ազգային հիշողության պահապանի առաքելությամբ։



