«Նարեկացի» վավերագրական ֆիլմը շուտով կցուցադրվի մեծ էկրաններին

  • 23.05.2025
  • 0
  • 425 Views

Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Գրիգոր Նարեկացու կյանքի և գործերի մասին «Նարեկացի» վավերագրական ֆիլմը շուտով կլինի էկրաններին։ Ֆիլմը «Լամեդիա» ընկերության 2 տարվա բուռն աշխատանքի արդյունքն է։ 

Տարիներ շարունակ «Նարեկ»-ի ընթերցումները հեղինակ և պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանին բերել են ֆիլմ նկարելու գաղափարին։ Ո՞րն է «Նարեկի» խորհուրդը, ի՞նչ աստվածաբանական, փիլիսոփայական, գրական հետք է թողել մարդկության պատմության մեջ Գրիգոր Նարեկացին, որտե՞ղ են սկսվում ու ավարտվում հավատի ու ազատության սահմանները, հենց այս հարցերի պատասխաններն էր փորձում նա գտնել ապագա ֆիլմում։

Ֆիլմը սկսեց միս ու արյուն ստանալ այն ժամանակ, երբ պատահական զուգադիպությամբ Ռուզաննան առաջարկ ստացավ նկարահանել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» Գ գլխի ընթերցումը հայտնի մարդկանց մասնակցությամբ։

Արդեն պարզ էր, թե որտեղից պետք է սկսել ֆիլմը, որ այն լինի պրոֆեսիոնալ՝ հենված գիտական մտքի վրա։ Այդ ժամանակ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանի հետ գրվեց ֆիլմի սցենարը, որոշվեցին փորձագետները, նկարահանման ձևաչափը։ Կազմվեց ֆիլմի արտադրական փուլերի պլանը, հետագա անելիքները։ 

Ֆիլմի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով դարձավ ֆիլմի խորհրդատուն։ Նրա շնորհիվ ֆիլմում ներգրավվեցին աշխարհի լավագույն հայագետները և աստվածաբանները, ինչպես օրինակ Գերպ․ Լևոն Զեքիյանը, Աբրահամ Տերյանը, Հայր Շահե վարդապետ Անանյանը, սարկավագ Հայկ Իութիջյանը, կադինալ Կլաուդիո Գուջերոտտին և այլոք։ 

Նրանց ներգրավումը ֆիլմում, ուներ մի կարևոր նպատակ՝ հակադարձել բոլոր այն հակագիտական պնդումները, որոնք անուղղակիորեն վերագրվում են Գրիգոր Նարեկացուն և նրա գործերին։ Թվում է, թե Հայաստանում բոլորը գիտեն Գրիգոր Նարեկացու մասին, սակայն իրականում Նարեկացու և նրա գործերի մասին պատկերացումները շատ մակերեսային են, ինչից օգտվում են հակագիտական թեզեր տարածողները։ Ուստի, ֆիլմը նպատակ ունի բացահայտելու Նարեկացու իրական շերտերը, փիլիսոփայությունը, աստվածաբանական միտքը այն մարդկանց միջոցով, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են Նարեկացու ուսումնասիրությանը։ 

Ֆիլմում առաջին անգամ բացահայտվում է, թե ինչպես է Նարեկացին հռչակվել Տիեզերական Եկեղեցու Վարդապետ։ Մյուս կարևոր բացահայտումը կլինի Նարեկյան դպրոցի ֆենոմենը, որի մասին տեղյակ են միայն մասնագիտական շրջանակները, ինչը լայն լսարանի համար միշտ եղել է անհասանելի։ 

Ֆիլմի աշխարհագրությունը շատ լայն է` Միացյալ նահանգներ, Չեխիա, Իտալիա և այլն։ Գաղափարը միտված է համաշխարհային ցնցումների այս օրերին հանրահռչակել «Նարեկ»-ի խաղաղեցնող կոչն առ մարդկություն՝ Աստծո հետ հաղորդակցությունը փնտրել ոչ թե հեռավոր անորոշության մշուշում, այլ մեր մեջ։

Նախագիծն իր բովանդակությամբ համամարդկային է։ Նախատեսված է 12 տարեկանից բարձր տարբեր սեռի, տարիքի և ազգության ներկայացուցիչների համար։ Ֆիլմը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են մշակույթով, կրոնով, աստվածաբանությամբ, փիլիսոփայությամբ, միստիկայով և գրականությամբ։

Ֆիլմի աշխատանքները կավարտվեն 2025 թվականին։ Նկարահանող խումբը նախատեսում է «Նարեկացի» վավերագրական ֆիլմը ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հեղինակավոր համալսարաններում, գրադարաններում, նպատակ ունի կազմակերպել քննարկումներ գիտական հանրույթի հետ։ Ֆիլմը կուղարկվի միջազգային հոգևոր ֆիլմերի փառատոններ, կցուցադրվի Հայաստանում և սփյուռքի տարբեր համայնքներում։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում