Պատմական հաղթանակ. Կաննի La Cinef-ում՝ Հայաստանի համատեղ արտադրության առաջին անիմացիոն ֆիլմի մրցանակը

  • 23.05.2025
  • 0
  • 641 Views

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացավ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը ստացավ Ոսկե արմավենու ճյուղ` գրավելով պատվավոր երրորդ մրցանակը և ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։

Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է ռեժիսոր Նատալյա Միրզոյանին, պրոդյուսեր Արմինե Հարությունյանին և ողջ ստեղծագործական կազմին՝ այս նշանակալի ձեռքբերման համար, մաղթելով շարունակական հաղթանակներ միջազգային հարթակներում։ Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը:

Նշենք, որ «Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը ստեղծվել է` ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) համատեղ արտադրությամբ։

Այս Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից և ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը և հերոսների հետագա ճանապարհորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։

Հայաստանի կինոյի հիմնադրամ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում