Հայաստանն առաջին անգամ ներկայացվել է Միլանում ընթացող 24-րդ Triennale Milano միջազգային ցուցահանդեսին։ Հայկական տաղավարը կրում է «(ordinary) architecture. Yerevan» խորագիրը։ Նախագիծը կազմել են Ճարտարապետության գրադարանը, Meganom և untitled architecture ճարտարապետական թիմերը՝ Հայաստանի Ազգային գրադարանի հետ համատեղ։
Տաղավարը ձևավորված է որպես վերացական ավտոտնակ՝ խորհրդանշելով հասարակական և ստեղծագործական պոտենցիալը։ Այն անդրադառնում է Երևանի առօրյա միջավայրի անտեսված տարրերին՝ ցույց տալով, թե ինչպես սովորական, երբեմն անտեսված օբյեկտները կարող են բացահայտել ճարտարապետության մեջ առկա անհավասարությունները և ստեղծել նոր հնարավորություններ:
Տաղավարում ներկայացված են ճարտարապետական էսքիզներ, նորաձևության նմուշներ, արվեստի գործեր, որոնք միահյուսված են քաղաքի ստեղծագործ անհատների պատմությունների և տեսլականների հետ։
Տրիենալեն կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը։
Լուսանկարը՝ Giovanni Galanello



