Ծննդյան նվեր Ազնավուրին.  Նրա մասին երգը սոպրանո Թերեզա Մատլովան ձայնագրել է չեխերեն

  • 22.05.2025
  • 0
  • 775 Views

Ասում են կյանքում պատահականություններ չեն լինում, բայց երբեմն զարմանալի զուգադիպություններ են լինում, որ մտածելու առիթ են տալիս։ Այդպես հայտնի երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանի հեղինակած «Շնորհակալ ենք քեզ, Շարլ» երգի չեխերեն տարբերակը մայիսի 22-ին՝ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի օրը, սոպրանո Թերեզա Մատլովան  ձայնագրեց Պրահայում, ինչն իհարկե, պատահական համընկնում էր, բայց անչափ խորհրդանշական։

Ինչպես հայտնի է, Արա Գեւորգյանը Ազնավուրին նվիրված այս երգը՝ թե՛ բառերը, եւ թե՛ երաժշտությունը, գրել է Մեծ երգչի մահվան օրը՝ հոկետեմբերի 1-ին, հաջորդ օրերին ձայնագրությունը տեղադրել է youtube-ում։ Երգի կատարումը վստահվել է միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի երգչուհի Մաշա Մնջոյանին։  Այնուհետեւ սկսվել են տարբեր լեզուներով երգի ձայնագրությունները, արդեն իսկ, բացի չեխերենից,  պատրաստ են երգի ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, բուլղարերեն, անգլերեն, պարսկերեն տարբերակները, ընթացքի մեջ են վրացերենը, ռուսերենը, չինարենը։ Արա Գեւորգյանը ծրագրում է, որ մի օր բոլոր այդ երգիչները կհավաքվեն եւ համատեղ տեսահոլովակ կնկարահանեն։

Պրահայում, երգի ձայնագրությունից անմիջապես հետո ՕՐԵՐ-ի հետ զրույցում Թերեզա Մատլովան չթաքցրեց իր հուզմունքը։ Թերեզայի ասելով, նա միշտ սիրել է Ազնավուրի երգարվեստը,  հաճախ է լսել նրա երգերը, եւ նույնիսկ մտածել է, որ մի օր այդ երգերից մեկը կկատարի։ Սակայն ստանալով այս երգը ձայնագրելու առաջարկը, անմիջապես համաձայնել է , քանի որ թե՛ երգի տեքստը, եւ թե՛ երաժշտությունը անչափ հուզել են իրեն։ «Առանց արցունքների անհնար է պատկերացնել այս երգը։ Ես զգում եմ մեծ սեր հայրենիքի նկատմամբ, Ազնավուրի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ»,- ասում է մեզ հետ զրույցում չեխ երգչուհին։

Շուտով՝ հունիսի 1-ին նա ճամփորդելու է դեպի Երեւան, արդեն իսկ Հայաստանի մասին գիրք է գնել եւ ծանոթացել մեր պատմությանն ու մշակույթին։ Ու թեեւ դեռ հայերեն բառեր չգիտի, բայց չի բացառվում, որ մի օր էլ հայերեն երգ կկատարի։

Հիշեցնեք, որ Թերեզա Մատլովան նաեւ անցյալ նոյեմբերին Պրահայում մասնակցեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին՝ կատարելով հայտնի  օպերաներից արիաներ։  

Հ.Ա.

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում