Մայիսի 13-19 -ը Ղազախստանի Կոստանայ քաղաքում կայացավ «Monofest» 2025 միջազգային մոնոներկայացումների փառատոնը, որին մասնակցեցին թատերախմբեր և դերասաններ Հայաստանից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Ղրղզստանից, Իսրայելից, Մոնտենեգրոյից, Չեխիայից և այլ երկրներից։ Հայաստանը ներկայացրեց «Արամ Հովհաննիսյան» թատրոնի Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» համանուն դասական ստեղծագործության մոտիվներով մենաներկայացումը։ Գլխավոր դերակատարն ու բեմադրիչը Արամ Հովհաննիսյանն է, իսկ ներկայացման պրոդյուսերը՝ Մարիաննա Ֆրունջյանը։

Արամ Հովհաննիսյանն արժանացավ Հոյակապ դերասանական խաղի եւ մենաներկայացման բեմադրության համար( For brilliant actor’s and director’s art in monoperformance) պատվավոր մրցանակին։
Փառատոնի տնօրենն էր Յուրի Իվլևը ( Ղազախստանի Արվեստի վաստակավոր գործիչ), իսկ միջազգային փորձագիտական խորհրդի նախագահն էր Նինա Մազուրը (թատերագետ , թատերական քննադատ, դրամատուրգ)։
ՕՐԵՐ-ը շնորհավորելով անվանի դերասանին եւ բեմադրիչին մրցանակի առիթով, հարցրեց, թե որքանո՞վ էր այսօր արդիական Դոն Կիխոտի կերպարը եւ ինչպե՞ս է այն ընդունել տեղի հանդիսատեսը։
«Այսօր մեզանից յուրաքանչյուրը Դոն Կիխոտ է, քանի որ նրա փիլիսոփայությունը՝ պայքարել հանուն քո երազանքի, առավել քան արդիական է։ Առանց քո պայքարի անիմաստ է դառնում երազը, այն ոչինչ է, ինչպես հավատն առանց պայքարի։ Դրա համար հավատն ու երազը իրականություն դարձնելու համար պետք է պայքարել այդ անիծյալ հողմաղացների դեմ, որպեսզի աշխարհը գտնի արդարությունն ու ազնավությունը։ Եվ դոնկիխոտյան այս վեհ գաղափարներն իրենց խորը դրամատիզմի եւ փիլիսոփայության մեջ, արդիական են դառնում աշխարհի մարդու, ազատ մարդու համար, որը կարող է պայքարել հանուն իր երազանքի։ Սա եղել ներկայացման հիմնական գաղափարը»,- ասաց Արամ Հովհաննիսյանը։
Դոն Կիխոտը ասում էր ՝ «Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ազատությունը երկնքից տրված ամենաբարձր պարգևն է մարդուն, իսկ ստրկությունը՝ ամենածանր չարիքներից։ Երբ աշխարհում կրկին բարձրանում է փոշու ու խավարի ամպը, պետք է հիշել՝ պայքարը շարունակվում է, և երբեմն խենթությունն է դառնում միակ ճշմարիտ ճանապարհը՝ բարձրաձայնելու ճշմարտությունը։ Այն ամենը, ինչ ես անում եմ, մարդիկ խելագարություն են անվանում, որովհետև դա չի տեղավորվում նրանց խելամիտ ցանկությունների մեջ։ Ուստի ես որոշել եմ նմանվել Ամադիս Գաղիացուն և վարվել այնպես, իբր կորցրել եմ խելքս՝ խելահեղության դիմակի տակ պայքարելու համար հանուն պայծառ երազի», -ասում է ներկայացման հերոսը, որը մեծագույն հիմարություն է համարում մեռնելը, երբ քեզ սպանող չկա։ Ուստի պետք է պայքարես եւ չսպանես քո մեջ ապրելու ու պայքարելու ձգտումը։ Սա 21րդ դարում ժամանակակից իրականության համար մի այլ մղիչ ուժ է հնդիսանում, որ պետք է պայքարել ամեն մի վտանգի հետ, որ կարող է ապականել շրջակա աշխարհը։

Արամ Հովհաննիսյանի ասելով, ընդունելությունը եղել է բավականին բուռն, քանիցս կանչել են բեմ խոնարհվելու, նույնիսկ նշել են, որ թարգմանության կարիքը չկար, քանի որ ամեն մի տեսարան հասկանալի էր եւ ընդունելի։
Թե՛ թատերական գործիչները, թե՛ թատրոնի գեղարվեստաան ղեկավարը, նվիրյալներն ու հանդիսականները հատուկ նշել են, որ ռեժիսորական աշխատանքը եւ դերասանական խաղը հրաշալի էր։
«Հատուկ շնորհակալություն են հայտնել, որ եկել ենք իրենց քաղաք եւ բերել ենք այդ տոնը, բերել ենք այդպիսի ներկայացում՝ նոր փիլիսոփայությամբ, ժամանակակից բեմադրությամբ, ավելի խոսուն ու համարձակ ենք ներկայացնում դասական գործը։ Խորհրդի անդամներից մեկը նշեց, որ յուրաքանչյուր տեսարան կարծես նոր պատուհան լիներ, որն ամեն անգամ ցույց էր տալիս մի նոր տեսարան, բայց եւ շաղկապում էր բոլոր տեսարանները։ Սա երկխոսություն էր հանդիսականի հետ՝ մեկ անգամ եւս արթնացնելով նրանց մեջ բանականությունը, որ քնած չմնան եւ պայքարեն իրենց երազների համար։ Սիրել եւ ստեղծագործել ու արարել»,- ասում է դերասանը։
«Բացառիկ ներկայացում է», գրել է տեղական մամուլը հայ դերասանի ելույթի մասին։ Սա իրապես Հայաստանի մշակութային հաղթանակներից մեկն է։
Արամ Հովհաննիսյանը ուրախ է, որ Հայաստանը նման բարձր մակարդակով է ներկայացրել եւ ինքը կարողացել է պատվով հանդես գալ միջազգային փառատոնում։
Orer.eu




