Այս առավոտ մայիսի 19-ին, Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ-ը ընդունեց Քույր Եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու, ինչպես նաև տարբեր Եկեղեցական համայնքների և այլ կրոնների ներկայացուցիչներին, որոնք երեկ մասնակցել էին «Հռոմի եպիսկոպոսի և Պետրոսի հետնորդի» իր առաքելության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։
Նորին Սրբությունը ներկաներին հորդորեց գործակցել խաղաղության համար՝ վեր դասելով այդ նպատակը գաղափարական և քաղաքական շահերից։ Նա խրախուսեց էկումենիկ շարժումը, կոչ արեց շարունակել քրիստոնյաների և հրեաների միջև երկխոսությունը, ինչպես նաև մուսուլմանների հետ հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի ու խղճի ազատության հիման վրա։
Դիմելով Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին՝ Քահանայապետը նախ անդրադարձավ «համընդհանուր եղբայրության» գաղափարին՝ հիշելով իր նախորդների՝ հատկապես Սուրբ Հովհաննես ԻԳ-ի (XXIII) նախաձեռնությունները, ինչպես նաև Պապ Ֆրանցիսկոսի խթանած միջեկեղեցական ճանապարհն ու կրոնների միջև երկխոսությունը, որոնք սերմանվել են անձնական շփումների ու մարդկային հանդիպումների միջոցով։
Այնուհետև Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս տարի նշվում է Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովի 1700-ամյակը՝ բնորոշելով այն որպես «հիմնարար հանգրվան բոլոր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների կողմից ընդունված Հավատո հանգանակի ձևավորման ճանապարհին»։




Նա ընդգծեց, որ «դեպի հավատքի միասնության ձգտումը» միշտ եղել է իր «հաստատուն մտահոգությունը», ինչի վկայությունն է նաև իր եպիսկոպոսական առաքելության համար ընտրված նշանաբանը՝ In Illo uno unum («Նրանում որ Մեկ է՝ մենք մեկ ենք»), այսինքն՝ ինչպես հիշեցնում է Սուրբ Ավգուստինոսը, «մենք, թեև շատ ենք, բայց Նրա՝ Քրիստոսի մեջ՝ մեկ ենք»։
Պապը շեշտեց, որ քրիստոնյաների միասնությունը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ մենք «միասնական ենք Տեր Հիսուս Քրիստոսում», որովհետև «որքան հավատարիմ ու հնազանդ ենք Նրան, այնքան միավորված ենք միմյանց հետ», և այդ պատճառով բոլոր քրիստոնյաներն «կանչված են միասին աղոթելու և աշխատելու՝ այս նպատակի իրականացման համար, որը կա և կմնա Սուրբ Հոգու պտուղը»։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակության կազմում էին․
Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից՝
Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Վատիկանում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Գերաշնորհ. Տ. Անուշավան Արք. Դանիելյանը, Գերաշնորհ Տ. Գեղամ Արք. Խաչերյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից՝ Գերաշնորհ Տ. Կորյուն Եպս․Բաղդասարյանը, Հոգշ․Տ. Աղան Վրդ․Կոկջյանը։
Վատիկանում գտնվելու ընթացքում, հայ եկեղեցականները այցելեցին Վատիկանի այգիներում տեղադրված Ս․ Գրիգոր Նարեկացու, և Ս․ Պետրոսի տաճարի բակում բարձրացող՝ Ս․ Գրիգոր Լուսավորիչի արձանները։
orer.eu



