Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այս տարի Հայոց Ցեղասպանության 110–րդ տարելիցին նվիրված տարաբնույթ և բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, որոնցից առաջինը երկխոսություն–քննարկումով և համերգով մեկնարկեց ապրիլի 12-ին, իսկ մնացածները հաջորդաբար տեղի կունենան մի քանի ամիս շարունակ՝ խաղաղ ցույց, բաց քննարկումներ, զրույցներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ, հուշ–երեկոներ, համերգներ և այլն։
Ապրիլի 16–ին Շարլոթենբուրգ–Վիլմերսդորֆ թանգարանում ցուցահանդեսի բացումով մեկնարկեց «Վերհիշել՝ հայկական սփյուռքի հետքերը» խորագրով միջոցառումների շարքը, որը կեզրափակվի սեպտեմբերի կեսերին։

Ապրիլի 19–ին «Արագիլ» սրճարանում, ուր հաճախ հավաքվում են հայ երիտասարդներն ու ուսանողները, տեղի ունեցավ Սիլվա Խնկանոսյանի «Հեռու Միչիգանից» ֆիլմի դիտում և քննարկումը, որը եզրափակվեց համերգային ծրագրով՝ «Հազարան» համույթի կատարմամբ։
Ապրիլի 24–ին Բեռլինի պատգամավորական տանը Հայոց Ցեղասպանության միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին կազմակերպված հուշ երեկոյին ներկա էին տարբեր քաղաքներից բազմաթիվ գերմանահայեր, գերմանացիներ, հոգևորականներ և պաշտոնատար անձինք։ Այն նախաձեռնել էին Գերմանիայի հայոց թեմը և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը։

Ոգեկոչման և դատապարտման խոսքով ելույթ ունեցան Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պարոն Յոնաթան Շպանգենբերգը, Բեռլինի պատգամավորական տան նախագահ տիկին Կորնելիա Սայբելդը (առցանց), Գերմանիայի սննդի և գյուղատնտեսության, ինչպես նաև կրթության և գիտության նախարար պարոն Ջեմ Օզդեմիրը։ Հիշատակի խոսքով և բարեխոսական աղոթքով ելույթ ունեցավ նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Երաժշտական կատարումներով հանդես եկան դաշնակահարուհի Կարինե Գիլանյանը և սոպրանո Նարինե Եղիյանը։

Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի անդամներն ու կազմակերպությանը կից գործող հայկական կիրակնօրյա դպրոցի սաներն էլ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հումբոլդտի անվան համալսարանի երաժշտագիտության ֆակուլտետի մասնաշենքի առջև, ուր ի հիշատակ Կոմիտաս Վարդապետի շուրջ մեկ տասնամյակ է փակցված է նրա անվան հուշատախտակը։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին նաև Սուրբ Հեդվիգ տաճարի բակում զետեղված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հայկական խաչքարի մոտ։
Նույն օրը Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված «100+10 հայկական ալեգորիաներ» խորագրով միջոցառումների շարքը: Այս փառատոնի շրջանակներում մինչև մայիսի 31–ը հանդիսատեսը հնարավորություն կունենա բազմաթիվ ֆիլմերի, ցուցահանդեսների, համերգների, քննարկումների, գրական երեկոների ու ներկայացումների միջոցով ծանոթանալու Հայոց Ցեղասպանության, Արցախյան արհավիրքի ու հայաստանյան ներկա կյանքի մանրամասներին։


Ապրիլի 26–ին «Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» անդամները, բեռլինաբնակ հայերը, գերմանացիներ, մի շարք հույներ և ասորիներ ամենամյա դարձած խաղաղ ցույցով հանդես եկան թուրքական դեսպանատան առջև՝ պահանջելով ոճրագործության ճանաչում և հատուցում․ «Մենք չենք մոռացել այդ զարհուրելի ոճիրը և պահանջելու ենք այնքան, մինչև այն արդարացիորեն կհանգուցալուծվի»,– նշում էին ցուցարարները։

Հանձնախմբի հիմնադիր անդամ պարոն դր․ Ժիրայր Քոչարյանը իր խոսքում նախ հնչեցրեց տերունական աղոթքը և ապա կարդաց տասնհինգ մտավորականների անուններ, ովքեր ցեղասպանության զոհ են դարձել և անհայտ են նրանց գերեզմանները։ Նա խոսեց ինչպես նախորդ դարասկզբի, այնպես էլ արցախյան կոտորածների մասին՝ կոչ անելով ակտիվանալ պայքարի մեջ․ «Այսօր մենք սգում ենք Օսմանյան կայսրությունում դաժանաբար սպանված 3,5 մլն քրիստոնյաների համար։ Ներկայիս Ադրբեջան կոչվող տարածքում 1990 – ականներին 600.000 հայ էր ապրում, որից մոտ 150.000 էր մնացել, որ մեր օրերում բռնի տեղահանեցին ու հայրենազրկեցին։ Եթե մենք չդիմադրենք, թուրքի ախորժակը չի փակվի, մենք պիտի կանխենք այն»։
Հանձնախմբի հիմնադիր անդամ, գերմանացի իրավապաշտպան դր․, պրոֆ․ տիկին Թեսսա Հոֆմաննը ևս իր խոսքում դատապարտեց Թուրքիայի վարքագիծը, հանգամանալից ներկայացնելով նրանց վարած քաղաքականությունն ու դեպի մեծ «թուրան» տանող նպատակները։ Նա նույնպես կոչ արեց միասնական անդադար պայքարի այնքան, մինչև կհասնենք արդարադատության։

Թուրքական պետությանը ամոթանքի և զայրույթի խոսքերով հանդես եկան մի շարք մասնակիցներ։ Գերմանացի հասարակական գործիչ պարոն Գերդ Բայերը դիմեց թուրքական կառավարությանը․ «Սիրելի՛ Թուրքիա, վերջապես արթնացի՛ր և քո տնային աշխատանքը կատարի՛ր, հիշի՛ր, որ քո պետությունը արյան վրա է կառուցված։ Այդ միլիոնավոր անմեղ զոհերից մեկ ու կեսը մլնը հայեր էին»։
Հույն ներկայացուցիչ տիկին Պարտենա Իորդանիդուն նշեց, որ․ «Հայկական այս ցեղասպանությունը մեզ բոլորիս է վերաբերվում։ Մի շարք բնակավայրերում սպանվել են բազմաթիվ հույներ և մենք դա չենք մոռանում, պահանջում ենք արդարացի հատուցում, այնինչ Թուրքիան բացահայտորեն խանգարում է, որ ճշմարտությունը թաքցնի ու մեզ լռեցնի։ Գերմանիան լռում է, բայց մենք չենք լռի»։

Երիտասարդ հայ ակտիվիստ Արշակ Մակիչյանը, որի արմատները Նախիջևանից և Կարինից են, նշեց որ մինչև այստեղ գալը իրենք խմբով նախ գնացել են Ադրբեջանի դեսպանատան առջև խաղաղ ցույցի՝ նույն պահանջով․ «Ես ուզում եմ հիշեցնել Գերմանիային, որ ինքն իրեն համարում է ցեղասպան պետությունների գործընկեր՝ հանձինս Ադրբեջանի ու Թուրքիայի, ավելին՝ լռում է ու շարունակում է հարաբերությունները՝ կարծես ոչինչ չի պատահել։ Հակառակը, իրենք էլ պիտի մեզ հետ պայքարեն ցեղասպանների դեմ»։

Դերասանուհի Բեա Էհլերսը (մայրը հայուհի) ելույթ ունեցավ՝ կտրուկ ամոթանք տալով ներկայիս Թուրքիային․ «Անտանելի, անասելի անամոթ եմ համարում Թուրքիային, արդեն քանի սերունդ է մենք այստեղ ենք կանգնած՝ հիշեցնելու Թուրքիային, թե ինչեր են արել մեր ընտանիքների հետ»։
Ապրիլի 27–ին գերմանահայերը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Շարլոթենբուրգ թաղամասի պատմական պանթեոնում։ Նախ ներկաները տեղի եկեղեցում լսեցին օրվա բանախոսների՝ «Մենք ենք մեր հիշողությունը» խորագրով ելույթները։ Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ, դր․, պրոֆ․ իրավապաշտպան տիկին Թեսսա Հոֆմաննը շեշտեց․ «Մենք պետք է մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք այն բանի վրա, որ այն հանցագործությունները, որոնք Թուրքիան և Ադրբեջանը մինչ օրս ժխտել են, չորոշեն ապագան՝ դրանք դարձնելով կրկնվող»։
Իրենց ելույթներում անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչեցին և աշխարհի հանցավոր լռության և մեր հետագա անելիքների մասին խոսեցին նաև մի շարք բանախոսներ։
Ելույթ ունեցան «Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» խորհրդի նախագահ պարոն Մուսա Թանրիվերը, «Գերմանիայում հայկական գործակալության» նախաձեռնող տիկին Մարիաննա Փիրուզյանը, «Գերմանիայում հայ երտասարդների միության» խորհրդի անդամ պարոն Լևոն Աստորյանը։

Երեկոյին երաժշտական կատարումներով հանդես եկան «Հազարան» համույթի անդամները։
Բեռլինահայ համայնքի հոգևոր առաջնորդ Տեր Հակոբ քահանա Հակոբյանը հոգեհանգստի կարգ մատուցեց, որից հետո մասնակիցները ծաղիկներ խոնհարեցին Ցեղասպանության հուշակոթող պատի մոտ։
Գայանե Առաքելյան
Բեռլին
հատուկ ՕՐԵՐ-ի համար





