
Ապրիլի 26-ին ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը կազմակերպել էր հայտնի չեխ կինոռեժիսոր, գրող ու լրագրող Մարտին Մահդալի «Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմի ցուցադրությունը Պրահայի ֆրանսիական ինստիտուտի կինոդահլիճում։ Ինչպես իր բացման խոսքում նշեց ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, եւս մեկ անգամ արձանագրում ենք, որ ցեղասպանության ճանաչումն ու ժխտումը եւ վերջինիս դեմ պայքարը մնում է մեր օրակարգում։ Եվ այն, որ 2017 թվականին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը, ապա 2020-ին՝ Սենատը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, Մահդալի ֆիլմը նույնպես ունեցավ իր ազդեցությունը, քանի որ միայն Չեխական հանրային հեռուստատեսությամբ ֆիլմը դիտել էր 1.8 միլիոն մարդ։ Հասարակական կարծիքի ձեւավորման վրա նույն նշանակությունն ունեցավ նաեւ Կարել Հանսայի «Արեւելքի արհավիրքները» գիրքը, որի չեխերեն վերահրատարկումը կազմակերպեց ՕՐԵՐ ամսագիրը 2006 թվականին։ Հետագայում, ինչպես իր խոսքում նշեց ՕՐԵՐ-ի խմբագիրը, Մարտին Մահդալի ֆիլմը դիտելով, Կարել Հանսայի հարազատները կապվել են եւ հայտնել , թե որտեղ է գտնվում չեխ գրողի գերեզմանը եւ ո՞ր թվականին է նա մահացել, քանի որ մինչ այդ որեւէ տեղ այդ մասին արձանագրություն չկար։
«Ցեղասպանության հավերժական վիշտը» ֆիլմում հեղինակը Հանսայի գրքի միջոցով անդրադարձել է ոչ միայն ցեղասպանության պատմական փաստերին, այլեւ Հայաստանում եւ սփյուռքում ապրող ցեղասպանության վերապրողների վկայությունների, նրանց զավակների ու թոռների հուշերի միջոցով ներկայացնելով հայ ժողովրդի հետ կատարված արհավիրքի ողջ պատկերը։
Իր խոսքում ռեժիսոր Մարտին Մահդալը նշեց, որ ցավոք, այսօր էլ շարունակվում է հայ ժողովրդի ցեղասպանությունը, որի վկայությունը Արցախի հայաթափումն է։ Արցախին է նվիրված նրա հաջորդ ֆիլմը՝ «Գենոցիդ օնալյնը», որից մի հատված նա ներկայացրեց հանդիսատեսի ուշադրությանը։ Ֆիլմում օգտագործվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, Լաչինի շջափակման եւ բռնագաղթի մասին պատմող վավերագրական կադրերը, որոնք այլեւս պատմական նշանակություն ունեցող վավերագրեր են եւ վկայում են արցախահայության տառապանքի ու հերոսական պայքարի մասին։
Վերջում Մարտին Մահդալը ներկայացրեց նաեւ ֆիլմի պրոդյուսեր Մարկետա Ադամցովային եւ պատասխանեց ներկաների հարցերին։ Մարտին Մահդալը նաեւ հիշեց նախկին սենատոր եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային, ում հետ հրաժեշտը տեղի ունեցավ ապրիի 24-ին, խիստ խորհրդանշական օր հայության համար։ Ֆիլմում նաեւ անդրադարձ կա 2006 թվականին Չեխիայի սենատում սենատոր Շտետինայի աջակցությամբ կազմակերպված Ցեղասպանության 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասին։
Ի դեպ, եթե առաջին ֆիլմը Չեխական հեռուստատեսությամբ ցուցադրվել է, ապա երկրորդ ֆիլմը մերժել են ցուցադրել։
Ձեռնարկին ներկա էին նաեւ Հայաստանի դեսպանության դիվանագետները։
Orer.eu














