ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և արցախահայության իրավունքների հարցով
Ապրիլի 22-ին Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը՝ Նիդերլանդների ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ուղեկցությամբ, կարևոր նախաձեռնությամբ հանդես եկավ՝ հանրագիր ներկայացնելով Նիդերլանդների խորհրդարանին։ Հանրագիրը վերաբերում էր Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը, ինչպես նաև արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանը:
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարթին Օսթենբրինկի հետ, ով ներկայացնում է BBB կուսակցությունը, ինչպես նաև հանձնաժողովի մշտական քարտուղարների հետ։
Հանդիպման ընթացքում հանրագրի առանցքային պահանջները ներկայացվեցին, և տեղի ունեցավ կառուցողական քննարկում՝ դրանց իրագործման հնարավոր ուղիների շուրջ։ Հատուկ ուշադրության կենտրոնում էին հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման հարցը և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Նիդերլանդական կողմը վստահեցրեց, որ բարձրացված հարցերն անպայմանորեն կդառնան խորհրդարանական քննարկման նյութ։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությունն արտահայտում է շարունակական պայքարը՝ միջազգային հարթակներում հայության իրավունքների պաշտպանության և արդարության վերականգնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ` Ապրիլի 15-ին Նիդերլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան` FAON-ը, նմանաբովանդակ հանրագիր էր հանձնել Նիդերլանդների խորհրդարանին՝ կոչ անելով ոչ միայն ընդունել Հայոց ցեղասպանությունը հստակ ձևակերպմամբ, այլև ամրապնդել դրա ուսուցումը միջնակարգ կրթության համակարգում։
Նիդերլանդական օրագիր



