Վարազդատ Լալայանը` Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ կանանց և տղամարդկանց ՀՀ թիմերը՝ թիմային հաշվարկի հաղթողներ

  • 21.04.2025
  • 0
  • 4547 Views

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ոսկե մեդալակիր է:

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգի պայքարում Վարազդատ Լալայանը (անձնական մարզիչ` Կարեն Կարապետյան) պոկեց 200 կգ, 210 կգ: Այս ձևում Լալայանը ոսկե մեդալակիր է:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ: Այս վարժությունում ևս մեր ծանրորդն արժանացավ ոսկե մեդալի:

Երկամարտի 450 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ ոսկե մեդալ է նվաճում Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կանանց հավաքականի բոլոր ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Գերծանր քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Թումասյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց` 90 կգ, 95 կգ, 98 կգ:

Հրումում Մերին բարձրացրեց 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով` Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

Ընտրանու մյուս ներկայացուցիչը` Ջուլիետա Ավանեսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան), պոկում վարժությունում բարձրացրեց 80 կգ և 86 կգ: Հրումում Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց հետագա պայքարից` մեջքի վնասվածքի պատճառով:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում