Հռոմի Պապական Գրեգորեան Համալսարանի
Ռեկտոր Հոգեշնորհ Հայր Մարք Ա․ Լյուիս
Եւ համալսարանի Յարգելի գործընկերներ
Մամուլից տեղեկացանք, որ Սոյն թուականի Ապրիլի 10-ին Ձեր հաստատութեան ներքոյ անցկացուել է «Քրիստոնէութիւնը Ադրբեջանում. պատմութիւն և արդի ժամանակներ» (“Christianity in Azerbaijan: History and Modernity”) վերտառութեամբ միջոցառում։ Ծանօթացանք նաեւ միջոցառման ծրագրին։
Որպէս քրիստոնէական պատգամներին, մշակոյթին, պատմութեանը, աւանդներին, արդի աշխարհում ունեցած նրա դերին առնչուող կազմակերպութիւն՝ «Ամարաս» կենտրոնը իր զարմանքն է արտայայտում, թէ ինչպէ՞ս է հնարաւոր եղել չափազանց հեղինակաւոր Ձեր համալսարանում հիւրընկալել մի երկրին նուիրուած կոնֆերանս, որտեղ՝
-հենց այսօր ոչնչացւում են քրիստոնէական եկեղեցիներ եւ այլ կառոյցներ,
-իրենց բնօրրանից բռնի տեղահանուել են մօտ 150 հազար քրիստոնեայ հայեր,
-որտեղ ամեն օր տարածւում է քրիստոնէական սիրոյ էութեանը հակադիր՝ ազգամիջեան ատելութեան քարոզ։
Խնդրում ենք, եթե ժամանակ գտնէք հետեւելու ադրբեջանական մամուլին, կը համոզուեք մեր այս պնդումների ճշմարտութեան մեջ։
Հարիւրաւոր փաստերից կարող են յիշել միայն երկուսը, թէ (1) ինչպէս են Ադրբեջանում ռմբակոծել Շուշիի հայկական եկեղեցին եւ (2) թէ ինչպէս են Նախիջեւանում ոչնչացրել բնիկ հայկական քրիստոնէական երկու հազարից աւելի խաչքարեր, որոնց մեծ մասը արուեստի գործեր են։
Այդ արարքների հեղինակները, կարծում ենք, միջազգային օրէնքներով եւ ակադեմիական կանոններով արժանի են միայն դատապարտութեան, եւ ոչ թէ հիւրընկալութեան, որպէսզի հնարաւորութիւն ունենան իրենց ամբողջովին կեղծ թեզերը տարածելու հաւատքի կենտրոն Վատիկանի ամբիոններից։
«Ամարաս» կենտրոնի բոլոր անդամները խնդրում են ի գիտութիւն ընդունել մեր այս տեսակէտը, հնարաւորինս հեռու վանել 21-րդ դարի մշակութային վանդալներին եւ զերծ մնալ նրանց աջակցելուց։
Յարգանքով՝
«Ամարաս» գիտական, ուսումնական կենտրոն
11 Ապրիլի, 2025



