Պրահայում բացվեց Մանթաշյանց բիզնես ակումբի մասնաճյուղ՝ 19-րդը աշխարհում

  • 01.04.2025
  • 0
  • 444 Views

Լուսանկարում՝ Վահրամ Միրաքյանը եւ  Մարիամ Վարդանյանը ստորագրում են համաձայնագիրը

Մարտի 29-ին Պրահայի հյուրանոցներից մեկում տեղի ունեցավ Մանթաշյանց բիզնես ակումբի մասնաճյուղի բացումը եւ համաձայնագրերի ստորագրումը։  Մանթաշյանց համահայկական բիզնես ակումբը ստեղծվել է 6 տարի առաջ Երեւանում,  եւ արդեն իսկ մասնաճյուղեր ունի տասը երկրների 18 քաղաքներում։ Ակումբին անդամակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ 680 գործարարներ։ Չեխիայի մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցեցին ավելի քան 70 հայ գործարարներ Երևանից, Սպիտակից, Մարսելից, Վիեննայից, Անտվերպենից, Բրյուսելից, Ամստերդամից, Համբուրգից, Մյունխենից, Պեկինից, Պրահայից և այլն։

Հայր Բարսեղ վարդապետ Փիլավչյան

Ձեռնարկն օրհնության խոսքով բացեց Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, որը  մեծապես կարեւորեց  ակումբի ցանցային աշխատանքը եւ աշխարհի տարբեր երկրներում հայերին միմյանց կապելու նպատակը։ Նա նշեց, որ աշխարհով մեկ առաջին հայկական ցանցային կառույցն ըստ էության  ստեղծել է Հայ առաքելական եկեղեցին, որի միջոցով միլիոնավոր հայորդիներ  կապվում են ոչ միայն քրիստոնեական սուրբ հավատքին եւ հայ եկեղեցուն, այլեւ տարբեր երկրների հայությանը։  Նա մաղթեց, որ Մանթաշյանց ակումբն էլ ժամանակի ընթացքում մեծ ցանց կստեղծի,  աշխարհում գործելու մեծ ներուժ կունենա եւ կօգնի հայ գործարարների միջեւ կապերի հաստատմանը։ Նա նաեւ շեշտեց, որ ակումբը պետք է նպաստի, որ աշխարհում բարձրանա հայ գործարարի անունը, ինչպես դա եղել է դարեր առաջ Մետաքսի ճանապարհի օրերին։ Նա հույս հայտնեց, որ մի օր, երբ  կհավաքվեն,  կհպարտանան ակումբի ձեռքբերումներով։

Մանթաշյանց ակումբի Պրահայի մասնաճյուղի պատասխանատու, գործարար Մարիամ Վարդանյանը ներկայացրեց իրենց գալիք ծրագրերը, նաեւ նշեց, որ երեք տարի առաջ է հաստատվել Պրահայում եւ սիրով համաձայնել է  ղեկավարել Չեխիայի մասնաճյուղը։ Այնուհետեւ Մանթաշյանց ակումբի համահիմնադիր եւ նախագահ Վահրամ Միրաքյանը եւ ՎԵԲ Դոմինանս ընկերության նախագահ  Մարիամ Վարդանյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը դառնում է Չեխիայում ակումբի պաշտոնական գործընկերը։

Մարիամ Վարդանյան

Ակումբի նախագահը ներկաներին ներկայացրեց իրենց գործունեության համառոտ պատմությունը, հիմնական ուղղություններն ու ապագայի ծրագրերը։ Ու թեեւ 2019 թվականին բացված ակումբի նպատակն էր  օգնել Հայաստանի գործարարներին  իրենց խնդիրների լուծման հարցերում, սակայն 2020 թվականի պատերազմի օրերին հասկացել են, որ իրենց գործունեությունը պետք է ընդլայնվի նաեւ սփյուռքում։ Այդպես 2021 թվականին բացվել է Լոս Անջելեսի առաջին մասնաճյուղը, որին այսօր արդեն անդամակցում է 100 հոգի։ 300 հոգի անդամակցում են Հայաստանում, 50-ը՝ Մոսկվայում, իսկ մնացածը Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Չինաստանի տարբեր քաղաքներում։  Այսպիսով, Չեխիայում բացվում է 19-րդ մասնաճյուղը։

Վահրամ Միրաքյանը ընդգծեց, որ ցավոք, հայերը չեն օգտվում հայկական աշխարհի հնարավորություններից։ Ուստի, ակումբը ծրագրում է եւս 30 մասնաճյուղ բացել, դրանց թիվը մինչեւ 2027 թվական հասցնելով 50-ի՝ 3000 անդամների մասնակցությամբ։  

Նա նշեց, որ կազմակերպությունը կապված չէ որեւէ քաղաքական կուսակցության հետ, եւ քաղաքական գործիչները չեն կարող անդամակցել ակումբին։ Ակումբը գործում է անդամավճարներից ստացված գումարների միջոցով։ «Մեր երազանքն է, որպեսզի մենք ստեղծենք Հայկական Դավոս»,- ասաց Վահրամ Միրաքյանը, որը դեռեւս 2016 թվականից անցկացրել է «Չոր մարքետինգին» նվիրված դասախոսությունների շարք, այդ թեմայով հրատարակել գիրք, ինչն էլ մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում մարքետինգային մշակույթի զարգացման գործում։

Տեսաշարով ներկայացվեցին նաեւ այն բոլոր ծրագերը, որոնք անցած տարիներին իրականացրել են, այդ թվում՝ ակումբի ներսում ստեղծված ոլորտային խմբերը, որոնք ներառում են արտադրության, շինարարության, ՏՏ, լոգիստիկայի եւ այլ ուղղություններ։ Այս գործարարների համար պարբերաբար անցկացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում դասախոսություններ, բիզնես-ճաշեր եւ այլն։ Գործում է նաեւ խոշոր գործարների Մանթաշյանց 100 բիզնես հարթակը։ 2024 թվականին Մանթաշյանցը կազմակերպել է նաեւ Գլոբալ բիզնես ֆորում եւ Էքսպո, որոնք անցել են մեծ հաջողությամբ։ Վահրամ Միրաքյանը նշեց, որ իրենց հաշվարկներով տարեկան մոտ 7000 գործարք է կնքվում ակումբի անդամների միջեւ։ «Մանթաշյանցը» ստեղծում է այն ուժեղ միջավայրը, որ գործարարները հասնեն իրենց նպատակներին։ Ի դեպ, անբարեխիղճ գործարարները հեռացվում են ակումբից։

Ձեռնարկի հաջորդ կարեւոր փուլը Չեխիայի մասնաճյուղում նոր անդամների գրանցումն էր։ Այսպիսով չեխաբնակ յոթ գործարարներ միացան Մանթաշյանց ակումբին, իսկ ոմանք էլ  ժամանակ են խնդրել որոշում կայացնելու համար։ Համապատասխան համաձայնագրեր ստորագրեցին եւ Մանթաշյանց ակումբի անդամներ դարձան գործարարներ՝ «Կարինա» եւ «Պապիրոնե»  ընկերությունների հիմնադիր Աղասի Զավարյանը, Foodish ընկերության  նախագահ Կարեն Սարգսյանը,  Լոգիստիկ ստարտափի ղեկավար Հովսեփ Վիրաբյանը, ՏՏ ոլորտի ընկերության  համահիմնադիր Հակոբ Խաչատրյանը, IHOMES ընկերության նախագահ Նորայր Ջավուքցյանը, Պրիվատեում ընկերության նախագահ Կարեն Աբրահամյանը եւ այլք։ Իսկ «Մարլենկա» ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը համաձայնագիրը ստորագրել էր նախօրեին՝ Ֆրիդեկ Միստեկում։

Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց Մարիամ Վարդանյանը, մոտ ապագայում անդամակցողների թիվն ըստ երույթին կավելանա, քանի որ շատերը դեռեւս վերջնական որոշում չեն կայացրել։

Այնուհետեւ ձեռնարկին ներկա չեխահայ  եւ եվրոպական տարբեր քաղաքներից ժամանած հայ գործարարները մասնակցեցին ակումբի կազմակերպած այլ միջոցառումների։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում