Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Գերմանիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Գերմանիայի նախագահին ուղեկցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ:


Ի դեպ այսօր լրատվական կայքերում շրջանառվում էր այն լուրը, թե ինչ հետեւանքներ է ունեցել Գերմանիայի նախագահի ինստագրամյան էջում Արցախի դրոշի պատկերումը։
Այդ պատճառով, Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Instagram-ի պաշտոնական էջում Արցախի դրոշը ցուցադրող գրառման պատճառով։
Ընդգծվել է, որ տարածաշրջանային այցի ընթացքում արված այս բացահայտ քաղաքական սադրանքն անընդունելի է, և գերմանական կողմը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի այդ գրառման համար։ Ընդգծվեց, որ Գերմանիայի նախագահի հայտարարությունը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սատարելու մասին հայտարարությանը և խաթարում է ընթացող խաղաղ գործընթացը։




