Գերմանիայի նախագահի այցը Հայաստան. ստորագրվել է Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր

  • 31.03.2025
  • 0
  • 359 Views

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Գերմանիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում փոխգործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը՝ նպատակ ունենալով ձևավորել նոր հեռանկարներ և ամրապնդել գործընկերային կապերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ կառուցողական երկխոսության, փոխշահավետ նախաձեռնությունների և ամուր համագործակցության հիման վրա։

Հանդիպումների ավարտին երկու երկրների միջև ստորագրվել է համաձայնագրեր: Ըստ այդմ՝ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր, որը հայկական կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը:

Ստորագրվել է նաև «Երևան և Լայպցիգ քաղաքների միջև մշակութային տարի իրականացնելու վերաբերյալ» համաձայնագիր, որը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Լայպցիգի քաղաքապետ Բուրկհարդ Յունը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով և պատասխանել են լրագրողների հարցերին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` Գերմանիայի դաշնային նախագահի՝ Հայաստան առաջին պաշտոնական այցի կապակցությամբ: Ձեր այս այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ՝ Հայաստան-Գերմանիա համագործակցության կարևորության հավաստման համատեքստում:

Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-գերմանական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այլ ուղղություններ:

Հանդիպմանը անդրադարձ կատարեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առանցքային հարցերին: Քննարկեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները: Երախտագիտությունս եմ հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի երկարամյա աջակցության համար:

Քննարկեցինք նաև Հայաստանի խորացող գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ այս համատեքստում ընդգծելով Գերմանիայի դերի կարևորությունը:

Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա:

Կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը:

Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորը և բովանդակալից քննարկման, ինչպես նաև Հայաստանի հետ Գերմանիայի բարեկամության ամրապնդմանը Ձեր աջակցության համար»:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի Ազգային ժողովի ընդունած օրենքին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը թեմային անդրադարձել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Մենք հասկանում ենք, որ դեպի Եվրամիություն տանող ճանապարհը երկար է, և այնպես չէ, որ մեր օրակարգում այդ հարցը հենց հիմա պետք է կատարվի, որովհետև մենք տեսել ենք և այն երկրների փորձը, որոնք այդ ճանապարհն անցել են. դա տարիներ է տևում և նույնիսկ կան երկրներ, որոնք դեռևս սպասում են այդ անդամակցությանը։ Այստեղ գաղափարական հարց կա․ եթե դուք ծանոթանաք Հայաստանի Սահմանադրությանը, որն ընդունվել է 1995 թվականին, ապա այնտեղ սահմանվում է, որ մենք ուզում ենք ազատ, ժողովրդավարական երկիր լինել, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ընդգծել է Վահագն Խաչատուրյանը։

Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը ժողովրդավարական ճանապարհով դեպի առաջ գնալու սկզբունքները կրող երկիր է, և դա իրականություն դարձնելու ձևերից մեկը Եվրոպական միությունն է։ 

«Մենք լսել ենք, տեսել ենք դրա հետ կապված այն տարբեր գնահատականներն ու ընկալումները, որոնք վախ առաջացնելու միտումներ ունեն։ Բայց դրանք ընդհանուր ոչինչ չունեն այն ամենի հետ, ինչին մենք ձգտում ենք։ Թե ե՞րբ կավարտվի այդ գործընթացը, ես չեմ կարող ասել և չեմ կարծում՝ այստեղ ներկաներից որևէ մեկը կկարողանա ասել, բայց այն, որ մենք ունենք աջակցության կարիք՝ այդ թվում նաև Գերմանիայի Դաշնության կողմից, դա միանշանակ է»,-նշել է Վահագն Խաչատուրյանը՝ ցանկություն հայտնելով, որ այդ ամենը Հայաստանի հասարակության համար ավելի հեշտ լինի, առանց ցնցումների։

ՀՀ նախագահը կարևոր է համարել, որ այս հարցում չկա որևէ պարտադրանք, այլ ընդամենը կա ընկալում, գործընկերություն և առաջ շարժվելու ցանկություն։

Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ գործընթացը դրական առաջընթաց կունենա, իսկ ինչ վերաբերում է անելիքներին, ապա դրանք պետք է կատարվեն Հայաստանի կողմից։

Հանրապետության նախագահը նաև հիշեցրել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև արդեն իսկ կա շատ կարևոր փաստաթուղթ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին 2017 թվականին ստորագրված փաստաթուղթը, որի շուրջ կողմերը մշտապես քննարկումների մեջ են գտնվում, և որի շրջանակներում Հայաստանը շարունակում է իրականացնել իր վրա վերցրած պարտավորությունները։      

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»  օրենքի նախագիծը։

Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և տիկին Էլկե Բուդենբենդերին: 

Նիկոլ Փաշինյանն ու Վալտեր Շտայնմայեր հանդիպել են ընդլայնված կազմերով, տեղի է ունեցել նաև Աննա Հակոբյանի և Էլկե Բուդենբենդերի առանձնազրույցը: 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է պարոն Շտայնմայերի այցը Հայաստանի Հանրապետություն  և նշել, որ այն պատմական է, քանի որ Գերմանիայի նախագահի առաջին այցն է մեր երկիր: 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն ակտիվ և խորացող համագործակցություն։ Այդ առումով, ՀՀ վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և շնորհակալություն հայտնել այդ ուղղությամբ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի անձնական ջանքերի համար։ 

Գերմանիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցության խորացումը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռանկարային է համարել փոխգործակցությունը տնտեսության, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտներում: Գերմանիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման ու ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացման գործում: 

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու խորացման մեծ ներուժն իրացնելու անհրաժեշտությունը, ինչին կարող է նպաստել նաև մարդկային շփումների ակտիվացումը: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը:

Անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: ՀՀ վարչապետը և Գերմանիայի նախագահը կարևորել են համաձայնագրի ստորագրումը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին:  

Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:   

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում