Բուլղարական Վառնայի և Բուրգասի հայկական եկեղեցիներում խտրականության քառամյա գործն ավարտվել է երեք հայերի հաղթանակով

  • 31.03.2025
  • 0
  • 529 Views

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Թեմական խորհրդի կողմից հայ հոգևորականների պարտադրված բացակայությունը նախադեպ էր ստեղծել և հանգեցրել այն իրողությանը, որ երեք հայ հավատացյալների կողմից 2021 թվականին խտրականության համար դատական ​​գործ էր հարուցվել ՝ ընդդեմ  բուլղարահայ եկեղեցու աշխարհիկ ղեկավարության։

Երեք բուլղարահայ  ծխականներ մի քանի տարի շարունակ պայքարում էին իրենց իրավունքների համար, պնդելով, որ մնացել են առանց հոգևորականի և փորձում են փրկել Բուլղարահայ քրիստոնյա համայնքին։ Ինչպես տեղեկացանք բուլղարահայ լրագրող Հռիփսիմե Էռնիասյանի հրապարակումից («Վահան»), վերջին վեց տարիների ընթացքում Բուլղարիայի հայոց թեմում կրոնական և վարչական բնույթի մի շարք ցնցումներ են տեղի ունեցել։ Այս մասին ՕՐԵՐ-ը գրել է դեռեւս Բուլղարիայի հայ համայնքին նվիրված հատուկ համարում՝ 2020 թվականին։

Խախտումները վերաբերում են Բուլղարիայի հազարավոր հայերին (Վառնա, Բուրգաս, Յամբոլ, Շումեն, Դոբրիչ, Սիլիստրա, Ստարա Զագորա, Հասկովո, Սլիվեն քաղաքներում), ովքեր մնացել են ոչ միայն առանց հայ քահանաների, այլեւ՝ իրենց հավատքը լիովին դավանելու հնարավորության։

Ինչպես նշում է հեղինակը, այս ամենի  պատճառները հրապարակայնորեն քննարկվում էին դեռեւս 2016թ.-ից։  Սակայն ոչ Թեմական խորհրդի կողմից ազատված հոգեւորականների պաշտպանության համար 2000 հոգու ստորագրավաքը, ոչ ցույցերը, ոչ ծխերում անցկացված ժողովները, որեւէ ազդեցություն չեն ունեցել խնդրի լուծման վրա։ Հայ  քրիստոնյա հավատացյալների համար բարենպաստ արդյունք չի գրանցվել և նրանք ենթարկվել են խտրական վերաբերմունքի։

Ավելին,  ինչպես նշում է հոդվածագիրը, Բուլղարիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմական խորհուրդը և նրա ատենապետ Անդրանիկ Շաքարյանը բացահայտորեն պարտադրել են իրենց սեփական կառավարման մեթոդները՝ հակառակ թեմում եկեղեցական միասնությունը և Էջմիածնի հոգևոր կենտրոնի հետ հաստատված կանոնադրական կապերը պահպանելուն։

«Թեմական խորհուրդը ոչ միայն չի ճանաչում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակված առաջնորդական փոխանորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին՝ որպես Բուլղարիայի հոգևորականության և Հայ եկեղեցու գերագույն ներկայացուցիչ, այլև բացահայտորեն խախտում է հիերարխիկ կառուցվածքը։ Այսպիսով, այն շեղվում է ոչ միայն իր հազարամյա կանոններից, այլեւ Սուրբ Էջմիածնի հոգեւոր կենտրոնից»,- գրում է հեղինակը։

Այս է պատճառը, որ երեք բուլղարհայեր 2021 թվականին բողոք են ներկայացրել Բուլղարիայի Խտրականության պաշտպանության հանձնաժողով։

Ըստ Հռիփսիմե Էռնիասյանի, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ  եկեղեցու կառավարումը հանձնվեց աշխարհիկներին՝ առանց եկեղեցականների մասնակցության։ Եվ  2017-2019 թվականներին Թեմական խորհրդի կողմից հայ հոգեւորականների ժամանակավոր կացության փաստաթղթերը չերկարաձգվեցին՝ նախ  Վառնայի ծխական համայնքում նշանակված Տեր Բարդուղիմեոս աբեղա Հակոբյանինը,  իսկ հետո՝ Վառնայի ծխական վանահայր Նժդեհ Քեշիշյանինը և Բուրգասի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պողոս Միքայելյանինը։

Այստեղ անծանոթ ընթերցողի համար մի փոքր բացատրություն տանք, որպեսզի հասկանալի լինի, թե ո՞րն է կախվածության իմաստը։ Ըստ  բուլղարական օրենքի, Սուրբ Էջմիածնից գործուղված հոգեւորականները, որպեսզի Բուլղարիայում կարողանան ստանալ ապրելու եւ գործելու իրավունք, պետք է հրավեր ստանան Թեմական խորհրդի կողմից։ Այսինքն, եթե ԹՄ-ն չի ցանկանում, ապա տվյալ հոգեւորականը չի կարող մնալ Բուլղարիայում, ուղղակի նրա կեցության իրավունքը չի երկարացվում։ Այդ իսկ պատճառով, Թեմական Խորհրդի ատենապետի կամայական որոշմամբ, ովքեր չեն ենթարկվում իրենց, այլ ենթարկվում են Թեմի առաջնորդին, ինչը բնական է, այդ հոգեւորականների մնալու իրավունքը չի երկարացվում։

Այնուհետեւ Հռիփսիմե Էռնիասյանը հարց է տալիս՝ «Արդյո՞ք Բուլղարիայի հայոց թեմին այսօր հասցված վնասները համեմատելի են Բուլղարիայում օսմանյան իշխանության տարիներին հասցված վնասների հետ։ Արդյո՞ք ՀԱԵ  Բուլղարիայի Թեմական խորհրդի կողմից աշխարհիկների՝ սեփական հոգևորական ունենալու իրավունքից զրկելը, չի՞ հանգեցնում ազատության, կրոնի և նրանց հավատացյալների անկաշկանդ որոշումների խախտմանը։

Ըստ հոդվածագրի, այդ վնասներից մեկն էլ Հայ Եկեղեցու հիերարխիկ կարգին չհամապատասխանող հոգեւորականի նշանակումն է։ Այդ անձը՝ աշխարհիկ անունով Սարգիս Մելքոնյանը (մինչ վերջերս Տեր Արմեն) 2024 թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է Վառնայի «Սուրբ Սարգիս» եկեղեցում քահանա՝ առանց Էջմիածնի Սուրբ Աթոռի գիտության և առաջնորդական փոխանորդի իմացության, ինչպես թելադրված է կանոնադրությամբ և եկեղեցական կանոններով։ Այնուհետև, Տաթև եպիսկոպոս Հակոբյանն իր բացասական կարծիքն է հայտնել այս նշանակման մասին 2024 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 198 նամակով, որը ուղղված է Բուլղարիայի բոլոր եկեղեցական խորհուրդներին, որում շեշտում է, որ խախտում է կատարվում»։ Իսկ 2025 թվականի մարտի 17-ին հրապարակվեց պաշտոնական հայտարարությունը, ըստ որի Տեր Արմեն քահանա Մելքոնյանը կարգալույծ հռչակվեց Գերագույն Հոգևոր խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից։

«Մեր եկեղեցում գործում է հստակ հիերարխիա և կանոնադրական կանոններ, ինչպես օրինակ՝ Հոգևորականների նշանակումը և պաշտոնանկությունը։ Դրանց չկատարումը կործանարար ուժ կդառնա հայ եկեղեցու համար, որը գոյություն ունի արդեն երկու հազարամյակ։ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը  շատ լավ նկարագրում է, որ «Սփյուռքը և Հայ առաքելական եկեղեցին ունեն հազարամյա պատմություն, հենց այն պատճառով, որ ավանդույթներն ու կանոնները պահպանվել են մինչ օրս: Հնարավոր չէ, որ ԹԽ-ն կամ մեկ մարդ եկեղեցուն պարտադրեն, թե ինչ անել մեզ դարեր շարունակ՝ հիմնադրումից 301 թվականից առ այսօր»։

«Աշխարհիկ իշխանության գործողությունները՝ ի դեմս ԵԽ-ի, մեզ հեռացնում են մեր հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնի Սուրբ Գահից և նախադեպ են ստեղծում սեփական կանոնները հաստատելու համար։ Մենք բոլորս ակնկալում ենք, որ Թեմական խորհրդի անդամները արթնանան և հասկանան, որ մեր թեմը միացյալ հայ եկեղեցու մի մասն է՝ իր հոգևոր կենտրոնով Էջմիածնով, և ոչ թե անկախ և ինքնակառավարվող կազմակերպություն, որը ենթարկվում է իր իսկ կողմից ընդունած կանոններին, որոնք հակասում են մեր հազարամյա եկեղեցու կանոններին և ավանդույթներին։ Եկեղեցու ղեկավարները փոխվում են, բայց մեր Հոգևոր կենտրոնը մնում է հավերժ, և ոչ մոնղոլներին, ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին, ոչ կոմունիստներին, ոչ աթեիստներին չի հաջողվել ոչնչացնել։ …..Մենք հավատում ենք, որ Հայ Եկեղեցին իր ղեկավար մարմիններով՝ աշխարհիկ և հոգևոր, աշխատում է ամրապնդելու իր հիմքերն ամբողջ աշխարհում՝ ապահովելով, որ որոշումները կայացվեն դարերի ընթացքում հաստատված կանոնական սկզբունքներին համապատասխան»։

Հեղինակը նաեւ շեշտում է, որ  Բուլղարիայի հայ եկեղեցու աշխարհիկ ղեկավարությունը գերազանցում է իր իրավասությունը որպես օժանդակ մարմին՝ դուրս գալով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դեմ, այդ պայքարը վերածելով պատերազմի: Այս ամենի պատճառով ծխական համայնքներում միմյանց դեմ են դուրս եկել տարբեր անհատներ, մարդկանց խմբեր՝ ստեղծելով աննորմալ կրոնական միջավայր եկեղեցականների և աշխարհականների համար:

Այսպիսով, 2025 թվականի մարտի 19-ի թիվ 112 որոշմամբ՝ Խտրականության պաշտպանության հանձնաժողովը որոշել է, որը Հայ Եկեղեցու կանոնի համաձայն թեեւ պատարագներ են մատուցվել Սոֆիայում, Պլովդիվում և Ռուսեում, որտեղ անխափան նշանակվում են հոգևորականներ, սակայն չեն կատարվել Վառնայում եւ Բուրգասում։

*Հանձնաժողովը հաստատում է, որ ԹԽ-ն խախտել է և խտրականություն է դրսևորել «ՀԱՎԱՏԻ» ԵՎ «ԿՐՈՆԻ» հարցերում, քանի որ երկար ժամանակ Վառնայի և Բուրգասի ծխերի հավատացյալները զրկվել են քահանայից և նշանակված քահանա ունեցող մյուս ծխերի համեմատ ավելի քիչ բարենպաստ իրավիճակում են հայտնվել:

*Սահմանում է, որ ատենապետ Անտրանիկ Լևոն Շաքարյանի անգործությամբ թույլ է տվել «ՀԱՎԱՏ»ի ԵՎ «ԿՐՈՆ»ի հետ կապված ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ:

Խորհուրդ է տալիս  Բուլղարիայի Հայ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԽ նախագահ Անտրանիկ Լեւոն Շաքարյանին համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ երկարաժամկետ, առանց ընդհատումների հոգեւորականներ ապահովելու համար, ինչը Հայ Եկեղեցու կանոնի համաձայն հաղորդության անփոխարինելի մասն է»։

Ամփոփելով, հոդվածագիրը շեշտում է. «Հավատացած ենք, որ Թեմական խորհուրդը կլսի Խտրականության պաշտպանության հանձնաժողովի հանձնարարականը և կրկին կխնդրի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Վառնայի և Բուրգասի հայության կողմից սիրելի Տեր Նժդեհ Քեշիշյանին և Պողոս քահանա Միքայելյանին վերադարձնել Բուլղարիա, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունը մեր եկեղեցիներում»։

Այսպիսով, երեք ծխականները հասել են բարոյական հաղթանակի։ Բայց արդյո՞ք Թեմական խորհուրդը ականջալուր կլինի Խտրականության պաշտպանության հանձնաժողովի որոշմանը։ Ժամանակը ցույց կտա։

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում