
Պրահայի Օբեցնի դումի Սմետանայի անվան դահլիճը մարտի 29-ին լեցուն էր գերմանական երաժշտության սիրահարներով։ Հատկապես, որ համերգային ծրագիրը կազմված էր գերմանական ռոմանտիզմի ամենակարկառուն ներկայացուցիչների` ավստրո-բոհեմյան ծնունդ Գուստավ Մահլերի եւ գերմանացի Ռիխարդ Շտրաուսի սիրային ստեղծագործություններից։ Երեկոյի զարդն էին աշխարհահռչակ գերմանացի երգիչներ՝ սոպրանո Դիանա Դամրաուն եւ տենոր Յոնաս Կաուֆմանը։
Դաշնակահարը հանրահայտ մաեստրո Հելմուտ Դոյչն էր, որն ի դեպ անցյալ տարի Շտրաուսյան ծրագրով նվագակցել է նաեւ մեր հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցին՝ թե՛ Գերմանիայում կայացած համերգներում, եւ թե՛ Երեւանում։ Անզուգական Բասենցի կատարումները հիացական արձագանքի էին արժանացել։
Իսկ երկու հայտնիների Պրահայի համերգում կատարվեց 34 ստեղծագործություն, ինչին հետեւեց եւս չորս «բիսային»ը։ Առաջին իսկ կատարումները հանդիսականին տեղափոխեցին 19-րդ դար, ռոմանտիկ սիրային փոխհարաբերությունների միջավայր եւ նախապատրաստեցին համերգի երկրորդ մասին։ Զգացվում էր, որ երգիչները հիվանդ են եւ ձայնը կարգավորելու խնդիր ունեն։ Սակայն համերգի երկրորդ մասում հաղթահարվեցին նաեւ առողջական խնդիրները, եւ Դիանան ու Յոնասը բացեցին իրենց տաղանդի ողջ ներկապնակը։ Եվ եթե Կաուֆմանի տարբեր կատարումներին արդեն տեղյակ էինք, ապա Դամրաուի ձայնային եւ արտիստական շնորհները մեզ համար լիովին բացահայտվեցին այս ելույթով։ Երգիչներին իրապես հաջողվեց սիրո մթնոլորտը փոխանցել դահլիճին։
Շնորհակալություն Երիտասարդ երգիչների ընկերների NACHTIGALL Artists ընկերակցությանը եւ նրա ղեկավար Ալենա Կուներտոյաին այս երեկոն պարգեւելու համար։
Հ.Ա.
Orer.eu









