Պորտուգալական Սինեմատեկը և Հայաստանի Կինոյի Հիմնադրամը վրացական և ուկրաինական կողմի գործընկերների հետ համատեղ կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որը նվիրված էր Վարպետի 100-ամյա հոբելյանին։
Մարտի 15ին Լիսաբոնի Cinemateca Portuguesa-ում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի ֆիլմարվեստի ամբողջական հետահայաց ցուցադրության պաշտոնական բացումը, որի ընթացքում ելույթներով ներկաներին ողջունեցին «Սինեմատեկ»-ի տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության ընկերակցության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։

ՕՐԵՐ-ը փորձեց հարցազրույցների միջոցով պարզել, թե ինչպե՞ս է ծնվել այս կարեւոր նախագծի գաղափարը եւ ովքե՞ր են այն իրականություն դարձրել։
«Պորտուգալիա-Հայաստան» բարեկամության ընկերակցության նախագահ Վահե Մխիթարյանը ՕՐԵՐ-ի հետ զրույցում նշեց, որ ցուցադրության գաղափարը Պորտուգալիա-Հայաստան միույթանն էր։
«Ամեն ինչ սկսվել է դեռեւս 2019 թվականի հոկտեմբերին, երբ Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը պատմության մեջ առաջին անգամ կազմակերպեց պորտուգալական ֆիլմերի ցուցադրություն Երեւանում, որի շրջանակներում ութ ֆիլմ ցուցադրվեց։ Այնուհետեւ, 2020-ին Պորտուգալիայում հանդիպում ունեցա «Պորտուգալական սինեմատիկայի» այն ժամանակ դեռեւս մշակութային ծրագրերի վարչության պետ Նունո Սենայի հետ, որը սիրահարված էր Հայաստանին, քանի որ ժամանակին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմի մեջ էր եղել։ Որոշեցինք, որ հայկական կինոն Պորտուգալիայում ներկայացնելու լավագույն միջոցը կլինի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության կազմակերպումը Լիսաբոնում։ Ցավոք, մի քանի ամիս անց Քովիդի համաճարակը սկսվեց եւ ծրագրված բոլոր միջոցառումները երկու տարով հետ ընկան։ Ստիպված էինք 2023-ին վերսկսել այս ծրագրի շուրջ աշխատանքները։ Հայաստանում մեր գործընկերն էր Հայաստանի կինոյի հիմնադրամը։ Առիթից օգտվելով իմ գոհունակությունն եմ հայտնում հիմնադրամի բոլոր աշխատակիցներին եւ այդ հիմնադրամի միջազգային վարչության պետ Նաիրա Գեւորգյանին, որի միջոցով կապվեցինք Փարաջանովի ֆիլմերի իրավունքների սեփականատերերին Վրաստանում՝ Վրացական կինոկենտրոնին եւ Ուկրաինայում՝ Դովժենկոյի անվան կինոստուդիային։
Պորտուգալիայում բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվում էր Սինեմատիկան։ Ուրախությամբ նշեմ, որ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունն էլ իր ֆինանսական աջակցությունը ցույց տվեց այս նախագծին»,- ասաց Վահե Մխիթարյանը։

Նրա ասելով, բացի Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունից, նախատեսված էին նաեւ այլ հարակից ցուցադրություններ։ Ներկայացված էին Փարաջանովի ֆիլմերը՝ Մոռացված նախնիների ստվերները, Նռան գույնը, Լեգենդ Սուրամի ամրոցի մասին, Աշուղ Քերիբ, Հակոբ Հովնաթանյան, մոտ 17 ֆիլմ, այդ թվում՝ ուզբեկ կինոռեժիսոր Ալի Խաբրաեւի փաստավավերագրական ֆիլմը, որը մի քանի տարի առաջ է նկարահանվել Յուրի Կլինմենկոյի հետ համագործակցությամբ։ Իսկ վերջինս աշխատել էր Փարաջանովի հետ Սուրամի ամրոցի ֆիլմում։ Ծրագրում կցուցադրվի նաեւ Միխայիլ Վարտանովի ֆիլմը, թե ինչպես է Սայաթ Նովա ֆիլմը նկարահանվել»։
Այն հարցին, թե ինչպես է պորտուգալացի հանդիսատեսը ընդունում Փարաջանովի ֆիլմերը, Վահե Սխիթարյանը պատասխանում է. «Պորտուգալական սինեմատեկը պատահական չէր ընտրված, քանի որ նա ունի իր յուրահատուկ բանիմաց ու կրթված հանդիսատեսը։ Փարաջանովը ժամանակին եղել է Պորտուգալիայում։ Նրա հիմնական ֆիլմերի մասին բոլորը գիտեն, այդ թվում, որ նա ազգությամբ հայ է, ծնվել է Թբիլիսում։ Բացման օրը, մեր ելույթում ես եւ Դավիթ Բանուչյանը նշեցինք նրա հայ լինելը, մեծ արվեստագետ լինելը եւ իր թողած մեծ մշակութային ժառանգությունը»։
Նունո Սենա- Պորտուգալական սինեմատեկի փոխտնօրեն
ՕՐԵՐ-ի այն հարցին, թե որքանո՞վ է պորտուգալական հանրությունը տեղյակ Փարաջանովի արվեստին, Սինեմատեկի փոխտնօրենը նշում է. «Ինքը՝ Փարաջանովը 1980-ականներին եղել է Պորտուգալիայում և, ըստ երևույթին, լավ հիշողություններ ուներ այդ այցից (Պորտուգալական կինոփառատոնի հրավեր նամակը, որին նա մասնակցում էր, ցուցադրվում է նույնիսկ Երևանի Փարաջանովի թանգարանում), բայց նրա ֆիլմերը ազգային մակարդակով երբեք կոմերցիոն նպատակով չեն ցուցադրվել, բացառությամբ վերջին հինգ տասնամյակների մի քանի ցուցադրությունների, նրա ֆիլմերը դիտելու այնքան էլ շատ հնարավորություններ չեն եղել: Այդուհանդերձ, նրա անունը դեռևս հայտնի և մարդիկ հիացած են, և այս հետահայացի մեծ հաջողությունը ցույց է տալիս, որ նրա գործով հետաքրքրվողները շատ են։ Բացի 1970-ական և 1980-ական թվականներին պորտուգալական ֆիլմերի փառատոնում ցուցադրվելուց, հավանաբար, Cinemateca Portuguesa-ում է, որ վերջին 40 տարիների ընթացքում նրա ֆիլմերն ավելի կանոնավոր են ցուցադրվել: Իսկ ներկայիս հետահայաց ցուցադրությունը, անշուշտ, ավելի ամբողջականն է երբևէ արվածներից ոչ միայն Պորտուգալիայում, այլև միջազգային մակարդակով»։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է Փարաջանովի տեղը համաշխարհային կինոյում հարցին, Նունո Սենան պատասխանում է. «Լինելով կինոյի մեծ բանաստեղծներից մեկը՝ Սերգեյ Փարաջնովը, անկասկած, կինոյի մեծ վարպետներից է և նպաստել է կինոն որպես արվեստ բարձրացնելուն։ Նրա տեղը կինոյում յուրահատուկ է, և նրա ֆիլմերը կինոդիտողների յուրաքանչյուր նոր սերնդի կողմից կդիտվի որպես միանգամայն օրիգինալ և անքակտելիորեն կապված հայկական և վրացական մշակույթների հետ»:

Ինչպիսի՞ն է եղել համագործակցությունը հայկական կողմի հետ, և արդյո՞ք նոր նախագծեր են նախանշվել այդ ընթացքում հարցին, Սինեմատեկի փոխտնօրենը պատասխանում է. «Պորտուգալիա-Հայաստան ընկերակցությունն առաջինն էին, ովքեր մեզ դիմեցին այս նախագծով, Հայաստանի կինոյի հիմնադրամը (որը տրամադրեց հայկական ֆիլմերը և մեզ օգնեց նաև ուկրաինական արխիվում) և Fundação Calouste Gulbenkian-ը (ով մեզ որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց): Ծրագրին ներկա Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել ենք առաջիկա մի քանի տարիների համագործակցության տարբեր հնարավորություններ՝ կադրերի փոխանակում, Երևանում կայանալիք պորտուգալական կինոյի մասին ծրագիր և Լիսաբոնում հայկական կինոյի նոր ծրագիր»:
Դավիթ Բանուչյան– Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ֆիլմեր է ներկայացրել հիմնադրամը Փարաջանովի հարյուրամյակի շրջանակներում պորտուգալական սինեմատեկում կազմակերված հետահայաց ցուցադրություններին, հիմնադրամի տնօրենը նշեց. «Ինչպես հայտնի է՝ 2024 – 2025 թվականներին նշում ենք 20-դարի կինեմատոգրաֆիայի դասականներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի հարյուրամյակը, որի ստեղծագործական ժառանգությունը ոչ միայն հայ, այլն նաև Խորհրդային կինոյի բարձրարժեք նվաճումներից է։ Արձագանքելով Պորտուգալիայի Սինեմատեկի առաջարկին, մենք, մեր վրացի և ուկրաինացի գործընկների հետ նախաձեռնեցինք լիսաբոնյան ցուցադրությունները, որին ի թիվս մյուս ստեղծագործությունների ներկայացվեցին վարպետի երկու հայակական ֆիլմերը՝ «Նռան Գույնն» ու «Հակոբ Հովնաթանյանը», ինչպես նաև «Խոստովանանք» անվարտ երկի հատվածները»։

Հիմնադրամի տնօրենը մեր մյուս հարցին, թե՝ «Բացի Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունից, առիթ ունեցա՞ք նաև ապագայի այլ ծրագրեր քննարկել», պատասխանեց.«։Այո՛, անկասկած։ Մեր պատվիրակության այցը Լիսաբոն կգնահատեի որպես արդյունավետ համագործակցության օրինակ, որի ընթացքում քննարկվեցին ապագային վերաբերող բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր։ Օգտվելով առիթից կուզենայի հիշել այն կարևոր մասնագիտական քննարկումներն ու այցելությունները, որոնց ընթացքում ծանոթացանք Պորտուգալիայում կինոժառանգության պահպանության փորձին, կինոնյութերի, ձայնային և վիզուալ հավաքածուների թվայնացման ու վերականգնման տեխնոլոգիական համալիր լուծումներին։ Այսպիսով, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, որոնք հետագայում կխթանեն մասնագետների փորձի փոխանակմանը, կնպաստեն կառույցների միջև համագործակցության ամրապնդմանը և համատեղ կրթական, մշակութային նախագծերի իրակացմանը»։
Իսկ այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք հետագայում պորտուգալական ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպումը Հայաստանում, նա պատասխանեց. «Կարող եմ ուրախությամբ նշել, որ մեր այցի ընթացքում Սինեմատեկի ղեկավար Ռուի Մաշադուի հետ պայմանավորվեցինք Հայաստանում կազմակերպել պորտուգալական ֆիլմերի ցուցադրություններ, որոնք իմ կարծիքով չափազանց հետաքրքիր կլինեն հայ կինոսերների համար։ Բնականաբար պորտուգալական կինոն ևս աչքի է ընկնում պատկառելի ժառանգությամբ, որին ցավոք լավ ծանոթ չէ հայ հանդիսատեսը։ Այս նախաձեռնությունը կգա լրացնելու այդ բացը և թույլ կտա Հայաստանում վայելել պորտուգալական կինոյի լավագույն նմուշները, այն կվերարժևորի նաև միջմշակութային կապերը և կդառնա պորտուգալական սինեմատեկի ու Հայաստնի կինոյի հիմնադրամի միջև հաստատաված ջերմ հարաբերությունների վկայությունը»։
Ցուցադրությունների վերջին օրը մարտի 31-ն է։
Ամփոփելով, նշենք, որ Պորտուգալիայում փարաջանովյան օրերը իրապես նպաստեցին հայ-պորտուգալական մշակութային կապերի զարգացմանը, դրանք բարձրացնելով համագործակցության նոր մակարդակի, ինչը Հայաստան -Պորտուգալիա համագործակցության փայլուն օրինակ է։
Orer.eu








