2025 թ. մարտի 26-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և փիլիսոփա Կարեն Սվասյանի տիկինը` Անաիդա Սվասյան-Գալոյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ, ստորագրեցին Մտադրությունների հուշագիր, որով Անաիդա Սվասյան-Գալոյանը Մատենադարանին է նվիրաբերում փիլիսոփայի անձնական գրադարանը և արխիվային փաստաթղթերը: Հուշագիրը ստորագրվել է փիլիսոփայի Բազելի բնակարանում: Այս կարեւոր նախաձեռնության մասին տեղեկանում ենք Մատենադարանի կայքէջից։
Գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակությունները, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության հազվագյուտ նմուշները, մշակութաբանական գրականության հարուստ հավաքածուն:
Հուշագրով սահմանվում են նաև Կարեն Սվասյանի գիտական ժառանգության պահպանման և հանրայնացման հետագա միջոցառումները:

Մատենադարանի տնօրենությունը խորին շնորհակալություն է հայտնում Սվասյան ընտանիքի բարեկամ, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսին` նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար:
Կարեն Սվասյան (ծնվ. հունվարի 2, 1948, Թբիլիսի, Վրաստան, մահացել է` սեպտեմբերի 9, 2024, Բազել, Շվեյցարիա): Նրա փիլիսոփայական ուսումնասիրությունների առանցքային ուղղություններից են եղել փիլիսոփայության պատմությունը և մշակութաբանությունը:
1994 թ. արժանացել է գերմանական նշանավոր Հումբոլդտի անվան մրցանակի: Դասախոսություններով հանդես է եկել եվրոպական առաջատար համալսարաններում:
Կարեն Սվասյանի գործունեությանը անդրադարձել էինք նաեւ ՕՐԵՐ ամսագրի գերմանահայությանը նվիրված համարում։
orer.eu






