Առաքելոց վանական համալիրի ծրագիրը հաղթել է «Եվրոպա Նոստրա» մրցույթում. ՕՐԵՐ-ի զրույցը ծրագրի ղեկավար, հայագետ Յասմին Դում-Թրագութի հետ

  • 18.03.2025
  • 0
  • 3671 Views

«Եվրոպա Նոստրա» եվրոպական մշակութային ծրագրին հայկական Առաքելոց վանական համալիրի մասնակցության մասին արդեն գրել էինք։ Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնեց ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագութը, այսօր կայացած քվեարկության արդյունքում, եվրոպացի մասնագետների հանձնաժողովը Եվրոպայի ամենավտանգված ժառանգության 14 վայրերից ընտրել է 7-ը, այդ թվում՝ Տավուշի մարզի Առաքելոց վանական համալիրը եւ գյուղը։ Սա տիկին Դում-Թրագութի ներկայացրած ծրագիրն է, որը հաղթել է։

Ո՞րն է եղել այն չափանիշը, ըստ որի հայկական հուշարձանը հաղթել է մրցույթում։ Ո՞րն է նրա նշանակությունը։

Ինչպես նշում է մեզ հետ զրույցում անվանի հայագետը, Առաքելոցը 13-րդ դարի բնակավայր է, որը գտնվում է Հյուսիսային Հայաստանի խիտ անտառներում, ունի ամրացված վանք և այլ կրոնական ու աշխարհիկ հուշարձաններ։ Այս վայրի մշակութային հուշարձանների պահպանությունը պահանջում է զգույշ մոտեցում՝ հավասարակշռելով ժառանգության պահպանումը շրջակա բնական միջավայրի զգայունության հետ, հատկապես որ տեղանքը գտնվում է նաև ակտիվ սեյսմիկ խզվածքի և ադրբեջանա-հայկական զգայուն սահմանային գոտում: Ներկայացված ծրագրիը նախատեսում է Առաքելոց տեղանքի ամբողջական հետազոտություն, մաքրում և պահպանում, ինչպես նաև ժառանգության հետքի հիմնում: Սա ներառում է տեղական կարողությունների բարձրացում, կրթության բարելավում և կայուն էկոտուրիզմի խթանում, որը ներառում է բնական և մշակութային ժառանգության պահպանումը: Ամենակարևորն այն է, որ այս ամենը ձեռնարկվելու է տեղի բնակչության հետ և նրանց համար: Ծրագիրը հնարավորություն կտա համայնքին դառնալ սեփական ժառանգության խնամակալ՝ դրանով իսկ ամրապնդելով տեղի ու պատկանելության զգացումը:

«Առաքելոց»-ի 7 ամենավտանգվածների շարքում դասվելը էական մարտահրավեր ու պատասխանատվություն է ինձ համար՝ որպես առաջադրողի։ Դա ոչ միայն կբարձրացնի բուն տեղանքի նշանակությունը, բայց նաև կստեղծի բազմաթիվ այլ ազդեցություններ հայկական և եվրոպական համատեքստում:

Նշեմ մի քանի կարեւոր փաստարկներ։

• Առաքելոցը հայկական ժառանգության բազմաթիվ վայրերի դժբախտ վիճակի օրինակն է: Անտեսումը, գնահատման և ֆինանսավորման բացակայությունը, մշակութային արդյունավետ քաղաքականության և գույքի պաշտպանության միջոցների բացակայությունը թույլ են տվել, որ այս անգնահատելի հուշարձանները վատթարանան:

• Առաքելոցը կարող է Հայաստանի համար չափանիշ հանդիսանալ՝ ցույց տալով մշակութային ժառանգության գույքագրման, դրա պահպանման և մշակութային արժեքների պաշտպանության միջազգային օրենքների համաձայն ճանաչման գործընթացը:

• Առաքելոցը կարող է չափանիշներ սահմանել ժառանգության կայուն զբոսաշրջության զարգացման համար:

• Առաքելոցը կարող է ընդգծել տեղական բնակչության, հետազոտողների, որոշում կայացնողների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցության կարևոր անհրաժեշտությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար:

• Առաքելոցը կարող է կատալիզատոր ծառայել հայկական մշակույթի նկատմամբ եվրոպական ավելի լայն հետաքրքրություն առաջացնելու համար: Դրա ցուցակագրումը կօգնի Եվրոպայի ուշադրությունը հրավիրել հայկական դարավոր մշակույթի և նրա նշանակության վրա՝ որպես կամուրջ և միջնորդ Եվրոպայի և Ասիայի, ինչպես նաև արևմտյան և արևելյան քրիստոնեության և իսլամի միջև:

• «Առաքելոցների» ցուցակագրումը կամրապնդի հայ ժողովրդի վստահությունը, ճկունությունը և հույսը, հատկապես նրանց, ովքեր ապրում են ճգնաժամից տուժած սահմանամերձ շրջաններում: Վերջին հինգ տարիների ավերիչ իրադարձություններից հետո՝ Ղարաբաղյան պատերազմ, սահմանային բախումներ, Ղարաբաղի կորուստ և հայ բնակչության արտագաղթ, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության կորստի հետ կապված վիշտից հետո, ես այս ցուցակն ընկալում եմ որպես էական եվրոպական նախաձեռնություն, եվրոպական հզոր հռչակագիր և մշակութային համերաշխության եվրոպական արդյունավետ դրսևորում։

Իսկ մեր այն հարցերին, թե ինչպե՞ս են սկսելու Առաքելոցի պահպանման աշխատանքները եւ ի՞նչ փուլերով է անցնելու այն, Յասմին Դում-Թրագութը պատասխանում է. « Որպես կանոն, նախ պիտի լավ հետազոտվի և մաքրվի, որ հասկանանք ինչ խնդիրներ կան: Այնուհետեւ մասնագետների հետ կնայենք։ Բնականաբար, դա արագ չի լինի, գործեր շատ կան: Կարևորը, անհրաժեշտ կլինի տարբեր պատերը ֆիքսելը, հետո ամենավերջում կմտածենք և կքննարկենք վերանորոգումը: Իսկ հետազոտելու հետ զուգահեռ նաև քայլարշավների համար ճանապարհները կորոշենք: Հուշարձանների մեծ մասը խիտ անտառում են, ոչ մեկը չի գտնում, մենք պիտի քարտեզներ պատրաստենք ու քայլելու ճանապարհներ ստեղծենք։

Առաջին լուրջ աշխատանքերը կսկսենք աշնանը, հավանաբար Եվրոպայից մի պատվիրակություն կժամանի: Բայց ես արդեն մի փոքր պատվիրակությամբ մայիսի վերջին Առաքելոցում կլինեմ, ինձ հետ նաեւ Ավստրիայի դեսպանը և հավանաբար ԿԳՄՍ փոխնախարար Քոչարյանը: Ես նաեւ տարբեր միջոցառումներ կկազմակերպեմ։ Առաջինը կլինի Զալցբուրգի համալսարանում՝ լուսնկարների ցուցահանդեսը: Աշնանը մեր հայկական-ավստրիական աշնանային դպրոցի ուսանողների հետ մի երկու օր ակտիվորեն կաշխատաենք Առաքելոցում: Ես ուզում եմ մանավանդ երիտասարդներից ու կամավորներից մի խումբ հավաքագրել՝ տարբեր աշխատանքների համար:

Ինչպիսի՞ն է լինելու ֆինանսական աջակցությունը, որքա՞ն գումար է հատկացնելու Եվրոպան հարցին, ծրագիրի ղեկավարը նշում է.

«Այո, նախ և առաջ European Investment Bank 10,000 եվրո է հատկացնելու: Բայց կարևորը այն է, որ նրանք էլ կօգնեն այլ ֆինանսավորում ստանալու համար, ասենք, եթե դիմեմ որեւէ դրամաշնորհ ստանալու համար։ Այս աջակցությունը շատ կարևոր է՝ մանավանդ, Եվրոպայում: Իսկ որ ընտրվել է Առաքելոցը 7 ամենավտանգված հուշարձանների շարքում, հաստատ մի շատ խորհրդանշական արձագանք է դա: «Եվրոպա Նոստրայի» նախագահը նույնիսկ շեշտեց, թե ինչքան կարևոր է, որպեսզի Եվրոպան Հայաստանը և նրա հարուստ մշակույթը չմոռանա: Ոչ միայն հայերի ժառանգությունն է դա, այլեւ՝ Եվրոպայի»:

Վերջում շնորհավորելով ծրագրի հաղթանակի առիթով, մաղթում ենք, որ այն իրականություն դառնա եւ համալիրը նոր տեսքով ներկայանա ոչ միայն տեղացիներին, այլեւ զբոսաշրջիկներին։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում