Արամ Մանուկյանի «Սիգմա»ն առաջին հայկական ֆիմն է, որ ցուցադրվեց Վատիկանում եւ արժանացավ մրցանակի

  • 16.03.2025
  • 0
  • 467 Views

Մարտի 14-ին, Կաթոլիկ եկեցեղու հոբելյանին ընդառաջ, Վատիկանի Սիքստինյան սրահում անցկացվող «Բաց խոսքեր» միջոցառման ժամանակ, առաջին անգամ ցուցադրվել է հայ կինոբեմադրիչի ֆիլմը։ Արամ Մանուկյանի «Սիգմա» («Sigma») կարճամետրաժ ֆիլմը ոչ միայն պաշտոնապես ընտրվել է հազարավոր ֆիլմերից այդ երեկոյի համար, այլեւ արժանացել մրցանակի։ Մրցանակը հանձնել է Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս, արխիվագետ և գրադարանավար Մոնսինյոր Անջելո Վինչենցո Զանին։ «Սիգման» հայկական առաջին ֆիլմն է, որ ցուցադրվել է Վատիկանում։

Ինչպես հայտնում է Վատիկանի պաշտոնական լրատվական կայքը՝ « Հայ ռեժիսոր Արամ Մանուկյանի «ՍԻԳՄԱ» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը ոգեշնչող էր, լավ գեղագիտական ​​ուժ և էթիկական լարվածություն ունեցող ստեղծագործություն էր, որը կարող է խոսել պատերազմի ժամանակ մարմնի, բայց նաև ծեսի մասին՝ ավետարանական հղումներով հացերի և ձկների դրվագներով»: Երեկոյի ընթացքում մրցանակների արժանացան նաեւ կարճամետրաժ ֆիլմի համապրոդյուսեր, Մոնտեկատինիի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի նախագահ և գեղարվեստական ​​ղեկավար Մարսելո Զեպին, Censis-ի նախագահ, պրոֆեսոր Ջուզեպպե դե Ռիտան, ում համար մրցանակը ստացավ իր որդին, և կոմպոզիտոր Լետիցիա Զիլոչին՝ իրենց մշակութային արժանիքների համար:

«Ինձ համար սա բացառիկ պատիվ է՝ դառնալ Վատիկանի կողմից մրցանակ ստացած առաջին հայ ռեժիսորը»,- նշեց ՕՐԵՐ-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը։

«Անսահման շնորհակալ եմ մեր թիմին, բոլոր նրանց, ովքեր մեզ աջակցել են այս ճանապարհին, ինչպես նաև մեր իտալացի բարեկամներին ու գործընկերներին։ Այս հաղթանակը միայն սկիզբն է։ LET ME production թիմը շնորհավորում է հայ կինեմատոգրաֆիստներին, մեր կոլեգաներին և ընկերներին՝ հայկական կինոարվեստի հերթական պատմական նվաճման կապակցությամբ»,- ասաց Արամ Մանուկյանը։

Ավելացնենք, որ հայկական ֆիլմի մասնակցությանը աջակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնը, Վատիկանում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Մայր Աթոռի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Պարսամյանը, ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի Նախարարությունը, Հայաստանի Ազգային Կինոյի Հիմանդրամը, Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան։

«Sigma» կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է Let Me Production, GreyMark Films, Kinoket Productions և MISFF Lub, Production ընկերությունների կողմից։ Այն հրաշալի կինոակնարկ է պատերազմի, հավատի ու հաղթանակի մասին։

Իտալական կողմի հրավերով պաշտոնական արարողությանը ներկա է եղել ֆիլմի ողջ ստեղծագործական թիմը՝ Արամ Մանուկյան, Արտուշ Կիրակոսյան, Ռոմեն Ծատուրյան, Էսթեր Սերաֆինի, Հայկ Ներսեսյան։ Ֆիլմի ստեղծագործական անձնակազմին ընդունել են նաեւ Վատիկանում Հայաստանի դեսպան Բորիս Սահակյանը եւ Իտալիայում Հայաստանի դեսպան Վլ. Կարապետյանը։

Շնորհավորում ենք մեր հայրենակիցներին եւ մաղթում նորանոր հաջողություններ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում