
«Այն ինչ տեղի է ունենում նոր Սիրայում՝ ցեղասպանություն է։ Ոչնչացվում է Սիրիայի Ալավի խաղաղ բնակչությունը, որոնք կազմում են երկրի բնակչության 10-ից 12 տոկոսը։ Ալավիները շիականության մի ուղղություն են և սպանվում են նրա համար, որ Ալավի են»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հալեպաբնակ Հովհաննես Ճոսլակյանը։
Նրա խոսքով՝ շիաների դեմ այս սպանդն իրականացվում է հիմնականում Լաթաքիա, Թարթուս և Պանիաս շրջաններում։ Սիրայի նոր կառավարությունը հավանաբար հաշվեհարդար է տեսնում Ալավիների դեմ, քանի որ նախկին 30 տարիներին երկիրը ղեկավարած Ասադների ընտանիքը նույնպես Ալավիների դավանանքի կրողներն էին։
«Համենայնդեպս այդպես ասում են։ Բացի այդ, երկրում տեղի ունեցող անկառավարելի իրավիճակի հետ Ալավիները հաշտ չեն, նրանք դեռ շարունակում են սատարել Բաշար Ալ-Ասադին։ Իսկ Նոր Սիրիայի առաջնորդը, որը անմիջապես ենթարկվում է Թուրքիային, հրամայել է կոտորել նրանց։ Տղամարդիկ, կանայք, զանգվածաբար նվաստացվում են, ապա դաժանորեն սպանվում։ Այս ամենը տեղի է ունենում տեսախցիկների առաջ, տեսանյութերը հրապարակվում ու տարածվում են»,- ասաց մեր զրուցակիցը՝ իր մտահոգությունը հայտնելով կատարվողի վերաբերյալ։
Նա չի բացառում, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև հայերի դեմ, որոնք հարյուրամյակից ավելի ապրում են Սիրիայի տարբեր նահանգներում։
«Ոչ ոք ապահովագրված չէ։ Այս դեպքերը որ տեղի է ունենում Հալեպից հեռու, մտահոգիչ է։ Կադրերն ուղղակի սարսափեցնող են։ Զինյալները չեն խնայում ծեր ու մանուկ, գնդակահարում ու գլխատում են մարդկանց, խաղաղ բնակիչներին։ Զինյալների թվում նաև թուրքմեններ են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Զանգվածային սպանդի ժամանակ դաժանորեն սպանվել է նաև Ալավիների 90-ամյա հոգևոր առաջնորդը, իսկ կատարվողի մասին առայժմ որևէ քայլ չկա միջազգային հանրության կողմից, հակառակ այն ամենի, որ Սիրիան ՄԱԿ-ի անդամ պետություն է ճանաչված սահմաններով։
Աղբյուրը՝ MediaHub.am