Նախորդ կիրակի՝ փետրվարի 16–ին, Թումանյանի ծննդյան օրվան ընդառաջ Բեռլինի «Գիտելիք» կիրակնօրյա դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում նախ դպրոցի պարուսույց տիկին Սուսաննա Վարոսյանը ներկայացրեց իր անդրանիկ գիրքը։ Նրա՝ «Երկնքում շողացող աստղը» խորագիրը կրող մենագրությունը, նվիրված է արցախյան երկրորդ պատերազմում զոհված վեց հերոս հայորդիներին՝ Համլետ Բադալյանին, Սեյրան Սիմոնյանին, Սարո Թունյանին, Կարեն Սահակյանին, Սերյոժա Աբրահամյանին և Արամ Բաբայանին։ Տղաներից երկուսը ծնվել են Արցախում, չորսը՝ Հայաստանում։


«Նրանց բոլորին ես անձամբ եմ ճանաչել, բոլորն էլ ինձ հարազատ են։ Խոսել եմ ծնողների հետ, թույլտվություն հարցրել, հետո գրի առել։ Ցավոք, գիրքը տպագրվելուց առաջ մենք տեղափոխվեցինք Գերմանիա և ես չհասցրեցի Երևանում շնորհանդես անել։ Հիմա այստեղ որոշեցի ներկայացնել, որ նոր սերունդը ճանաչի մեր հերոսներին»,– մեզ հետ զրույցում պատմեց տիկին Վարոսյանը։
Ինչպես մեզ տեղեկացրեց դպրոցի տնօրեն տիկին Լիլիթ Հակոբյանը, հեղինակի հետ միասին որոշել են՝ գրքի վաճառքից ստացված հասույթով դպրոցի համար ձեռք բերել նոր զգեստներ՝ «Արցախ» պարը բեմում նորովի ապրեցնելու համար։

Դպրոցի ուսուցիչներից պարոն Էրիկ Բարսեղյանն իր ելույթում հանդիսատեսին պատմեց հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքի անցուդարձից և բեմ հրավիրեց միջոցառման պատվավոր հյուրերին՝ Գերմանիայում «Հայոց Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» հիմնադիր անդամներ տիկին դր․, պրոֆ․ Թեսսա Հաֆմաննին և դր․ Ժիրայր Քոչարյանին, ովքեր տարիներ ի վեր զբաղված են նաև հայ գրականության գոհարները գերմաներեն թարգմանելով։ Նրանք շնորհավորեցին տիկին Վարոսյանին՝ գրքի տպագրության կապակցությամբ, խոսեցին օրվա խորհրդի մասին։ Տիկին Հոֆմաննը, որ վաղուց քաջատեղյակ է Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը, նշեց, որ․ «Թումանյան հեղինակին թարգմանելը հեշտ գործ չէ»։ Բանախոսները երկու լեզուներով ընթերցեցին «Մի կաթիլ մեղրը» և «Հոգեհանգիստ» ստեղծագործությունները։ Դպրոցի սաները հանդիս եկան տարատեսակ ելույթներով․ պարեցին, երգեցին, արտասանեցին Թումանյանի բազմաթիվ քառյակներ։

«Միջոցառումն ի սկզբանե նախաձեռնել էր մեր թատերագիտության և հայրենագիտության ուսուցիչ Էրիկ Բարսեղյանը՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Միջոցառմանը պատրաստվելիս բոլորիս ոգևորությունը մեծացավ։ Ոչ ոք անտարբեր չմնաց։ Տիկին Վարոսյանը որոշեց իր գիրքն այս շրջանակներում ներկայացնել ընթերցողին։ Հայաստանից երեխաներին նվիրելու համար բերել տվեցինք Թումանյանի նկարով տետրեր և Կոմիտասի նկարով և ասույթներով բացիկներ։ Մեր նոր ուսուցչուհին՝ տիկին Նարոյանը, կաքավիկների զգեստները կարեց և այլն, և այլն։ Կարճ ասած, ամբողջ թիմն աշխատել է, իր մասնակցությունն է ունեցել՝ որևէ ձևով օգնելու, գեղեցկացնելու միջոցառումը»,– մեզ հետ զրույցում պատմեց տիկին Հակոբյանը։
Աշակերտներն էլ իրենց հերթին Թումանյանի գրքերից էին բերել ցուցադրելու հանդիսատեսին։ Իսկ միջոցառման ավարտին ներկաները շտապեցին ձեռք բերել Սուսաննա Վարոսյանի մենագրությունը՝ ծանոթանալու հերոս հայորդիների սխրանքներին։
Գայանե Առաքելյան
Բեռլին
Հատուկ ՕՐԵՐի համար







