«WiRED International-Armenia»-ն և «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ն սկսում են առողջապահական վերապատրաստման նոր ծրագիր

  • 22.02.2025
  • 0
  • 133 Views

«WiRED International-Armenia» առողջապահական կազմակերպությունը և «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն շարունակում են իրենց համատեղ նախաձեռնությունները՝ Համայնքային Առողջապահական Աշխատողների (ՀԱԱ) վերապատրաստման նոր առցանց ծրագրով։ Այս ծրագիրը հիմնված է 2023-2024 թթ. Էջմիածնում, Գյումրիում, Չկալովկայում (ք. Սևան), Սիսիանում և Վանաձորում իրականացված «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» դասախոսաշարերի հաջողության վրա։

Այս մասին տեղեկացնում են «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ից:

Հանդիպումների նպատակն էր աջակցել հանրային առողջության ամրապնդմանը, առողջապահական-բժշկական առաջնային գիտելիքներ ստանալուն և առողջապահական համայնքի հզորացմանը։ Արդյունքում նախապատրաստվեցին մոտ 200 թիրախային խմբերի ներկայացուցիչներ, որոնցից էլ ընտրվել են նոր վերապատրաստման փուլի մասնակիցները։ Ծրագիրը ներառում է 33 մասնակիցներ Երևան, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի և Սյունիք մարզերի 16 համայնքներից։

Վերապատրաստման նոր փուլի նպատակն է աջակցել Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության (ՀԱԿ) նախաձեռնություններին՝ անվճար ուսուցանելով համայնքային առողջապահական աշխատողներին։ Վերապատրաստումն իրականացվելու է ՀԱԿ-ի կողմից մշակված հատուկ ուսումնական նյութերի հիման վրա, որոնք ուղղված են հենց համայնքային առողջապահական աշխատողների կարիքներին։

Ծրագրի առաքելությունն է ոչ միայն մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը, այլև համայնքային մակարդակում առողջապահական ոլորտում փոփոխություններ իրականացնելը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն ունենալով համայնքների բնակիչների առողջության բարելավման վրա։

Վերապատրաստված մասնակիցները, հնարավորության դեպքում, աշխատելու են համայնքներում՝ ընդլայնելով առաջին բուժօգնության և առողջապահական ծառայությունների մատչելիությունը և խթանելով տեղական առողջապահական համակարգի հզորացումը։

Նախատեսում է նաև, որ ծրագրի մասնակիցները հետագայում օգնելու են ստեղծելու և շահագործելու Առողջության Ստուգման Կլինիկաներ (ԱՍԿ) Հայաստանի տարբեր հատվածներում, որոնք կենտրոնանալու են հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ:

Ծրագիրն ընդգրկում է WiRED-ի 33 առողջապահական-կրթական մոդուլ, որոնք բաժանված են չորս խմբերի՝

Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան վկայական և արտոնագիր (լիցենզիա)՝ 1 տարի ժամկետով:

2025թ. փետրվարի 19-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ծրագրի 33 մասնակիցների հետ, որին ներկա էին «WiRED International» առողջապահական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Սեպուհ Պաղտոյեանը, ծրագրի բժշկական խորհրդատու, օրթոպեդ-ոսկրաբան դոկտոր Արա Նահապետեանը, «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, ծրագրի պատասխանատու Գևորգ Չիչյանը, «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի համահիմնադիրներ, ծրագրի համակարգողներ Սոսիկ Ավագյանը և Լուսինե Պետրոսյանը։

Սեպուհ Պաղտոյեանը և դոկտոր Արա Նահապետեանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեցին ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այս վերապատրաստումը կնպաստի դրական փոփոխությունների, որոնք կարևոր են ոչ միայն մասնակիցների, այլև համայնքների բնակիչների առողջության բարելավման համար։ Նրանք ընդգծեցին նաև, որ 33 առողջապահական-կրթական մոդուլների շնորհիվ մասնակիցները  մասնակիցները ձեռք կբերեն հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց դառնալ ակտիվ համայնքային առողջապահական աշխատողներ իրենց բնակավայրերում։

Գևորգ Չիչյանը, Սոսիկ Ավագյանը և Լուսինե Պետրոսյանը ևս ողջունեցին ծրագրի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեցին Սեպուհ Պաղտոյեանին՝ «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ին այս կարևոր ծրագրի իրականացման վստահության համար՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի արդյունքում կրկին կհաջողվի գրանցել դրական արդյունքներ։

Մասնակիցները ևս շնորհակալություն հայտնեցին իրենց թեկնածության ընտրության համար՝ նշելով, որ նման ծրագրերը հատկապես համայնքներում մեծ անհրաժեշտություն ունեն։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում